Սյունե Սևադայի Facebook-յան անդրադարձը հայոց լեզվի մասին:
Աղքատիկ հայոց լեզվի մասին։
Իմ պապիկը հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ էր Արցախի Մաղավուզ գյուղում։ Ռուսերենով ու ադրբեջաներենով շաղախված բարբառն աշակերտներին ստիպում էր թողնել փողոցում, ու դպրոց ոտք դնել միայն գրական հայոց լեզվի ձեռքը բռնած, և իրենց ականջին օղ արած, որ ամենազոր գիտելիքը պիտի հայերենից լինի, որովհետև թշնամու հարևանությամբ ապրելիս ներգործություն միշտ լինելու է։ Փոքր ենք, եղածը պետք է ատամներով պահել։ Եվ աշակերտներին հաջողվում էր։ Ստացվում էր, չնայած տանը լսում էին՝ «ուգլավոյ մագազինումը կալբասի օչերեդ ա», «հավայի յոլա ընք քինյամ», և այլն։
Արցախյան համուհոտով բարբառող ամեն երեխա կարողանում էր առանց բարձրադիր լեռների լեզվական ելևէջների ու դժվարության հաղթահարել ուղղագրության ու կետադրության քարքարոտությունը։ Ապացույցը բուհական ընդունելության քննությունների «գերազանցներն» էին՝ շնորհիվ մյուս մասնագետների ու այլ դպրոցների։ Եվ սա դեռ ութսունականներին, Ղարաբաղի հեռավոր գյուղում։ Այս տեքստը նույնությամբ կարելի է տանել Շիրակով, Սյունիքով ու Տավուշով, ցանկացած գյուղ ու քաղաք կօգտագործի որպես սեփական ուղղակի խոսք։
2017 թվական, համեմատաբար ցածրադիր Երևան՝ բարձրադիր հնարավորություններով։ Եվ պարզվում է, որ այն լեզուն, որը փախուփախ անելով փրկում են այլ լեզուների ներգործումից և հնարավորինս մաքուր են պահում Հայաստանի բարբառոտ ծայրամասերում՝ էլ չասած պետականություն չունեցած դարերում, սովետական տարիներին անգամ, երբ թվում էր, թե մարդիկ սկսել են ռուսերեն մտածել, ՀՀ նախկին վարչապետերից մեկի՝ Հրանտ Բագրատյանի կարծիքով աղքատիկ է ու ոչ պիտանի, փաստորեն։
Գուցե ռուսերենն ավելի բազմերանգ է թվում, ու ավելի մոտ է Ձեր լեզվամտածողությանը։ Բայց արի ու տես, որ անգամ դաշնակից երկրում գուցե չհամաձայնեն այս դիտարկմանը։ Օրինակ, ամիսներ առաջ ռուս ծանոթներիցս մեկը, որը Ձեր նման Հայաստանին «Արմենիա» է ասում, կատակով գրել էր․ եթե մի օր հաղթահարեմ ձեր լեզվի բարդությունը ու կարողանամ գոնե տասը նախադասությամբ պատմել իմ մասին այդ գեղեցիկ բառերով, կհամոզվեմ, որ անհնարին ոչինչ չկա։ Ձեր խոսքը երբեմն լեռնագնացությունից բարդ է թվում։ Լեռները կհաղթահարես, բա «ցավդ տանեմի» լեզո՞ւն։
Երևի հարուստ մի բան կա, չէ՞, որ այլալեզու խոսքը միշտ թողնում են պատատակերում ու լուրջ ու պատասխանատու հաստատություններ մտնում են մայրենիի ձեռքը բռնած։ Երևի կա, չէ՞, ինչ-որ ձգողական ուժ ու կարևորություն, թե չէ ինչու պիտի այն դարեդար փոխանցվի մեզ, փոփոխվի ու հղկվի, բայց միշտ կենսունակ ու արդիական մնա։
Աղքատիկ ոչինչ երկար չի ապրում։ Որովհետև աղքատիկի անգիտակցական հոմանիշը «թույլն» է։ Ապրում է խոր արմատներ ունեցողը՝ սփռված, ճյուղավորված ու ամրացած։ Ես երբևէ չեմ ունենա Ձեր՝ տնտեսագիտական գիտելիքներից, և Ձեր փորձված աչքը, վստահ եմ, շատ է տեսել՝ ինչպես են Ձեր ոլորտի աղքատիկ գիտելիքներովները ինչ-որ տեղ կոտրվում ու մանրվում՝ էլ ուր մնաց դարեդար տեսություն ապրեցնեն։ Իսկ լեզուն ևս գիտություն է, այսքան երկար պատահական չեն ապրում։
Թույլ տվեք խնդրել Ձեզ հայերեն բացատրական բառարան կարդալ՝ մի բաժակ թեյով, դասական երաժշտության հետ։ Ցանկացածը։ Համոզված եմ, որ կարդացել եք, ներեցեք հանդգնությունս, բայց այս անգամ կարդացեք արդեն այնպես, կարծես սիրում եք լեզուն ու կտեսնեք, որ լավագույն դեպքում, կարող ենք աղքատիկ լինել միայն մենք, որովհետև ընդունակ չենք ընկալելու լեզվի ողջ շքեղությունը։ Բայց եթե Դուք ձևացնեք, թե սիրելով եք կարդում, գուցե իսկապես սիրեք, ու գուցե շուտով Ձեր զգացողությունները արտահայտեք «աղքատիկ» հայերենով, որը Ձեզ՝ սեր նկարագրելու այսքան հոմանիշ կտա․ սիրահարություն, համակրանք, սիրելություն, գորով, գուրգուրանք, խանդաղատանք, տարփ, և այլն։
Չի կարող աղքատիկ լինել այն լեզուն, որը սիրելու այսքան հոմանիշ ունի։