Այսօր Գյումրու «Իմպերիալ» ռեստորանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ 18-ամյա Կամոյի հարսանիքին, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հրավիրված են եղել հայկական շոուբիզնեսի ամենաթանկ արտիստները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Վաչե Ամարյանը, Սարոն, ամերիկաբնակ գյումրեցի, ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանը, «Բելլաջիո» համույթը, հարսանիքը վարել են Կարեն Քոչարյանն ու «32 ատամ»-ի Վահագն Գրիգորյանը։ Այս մասին մեզ տեղեկացրեցին հարսանիքի մասնակիցները։
Իսկ հյուրերի ցանկում եղել են թե՛ պատգամավորներ, թե՛ մարզպետներ, մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Բազմասեր Առաքելյանը և այլք։
Ներկաների ասելով, Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջին անգամ է մասնակցում հարսանիքի։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի թե՛ որդին՝ Կամոն, թե՛ հարսնացուն՝ Ռուզաննան Շիրակի պետական համալսարանի ուսանողներն են․ որդին սպորտսմեն է, սովորում է մանկավարժության ֆակուլտետի ֆիզկուլտուրայի բաժնում, հարսնացուն՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուս բանասիրության բաժնում։
Նունե Արևշատյան