Ջորջո Գաբեր. «Ամերիկա»
Advertisement 1000 x 90

Ջորջո Գաբեր. «Ամերիկա»

Մեզ ամեն ինչ Ամերիկացիներն են սովորեցնում: Եթե չլինեին Ամերիկացիները, հիմա մենք Եվրոպացիներ կլինեինք: Ծեր, հոգնած, միշտ մտազբաղ, գորշ հագուստով և տակավին սև տաքսիներով:

Չկա մի ժողովուրդ, որ Ամերիկացիների պես նորամուծությունների մեռած լինի: Եվ շռայլ: Ամերիկացիները երբեք չեն վերցնում: Տալիս են, տալիս:

Ամերիկացիներից բարի ժողովուրդ չկա: Գերմանացիները չար են: Դա է պատճառը, որ պատերազմները նրանց վրա չեն գալիս: Բայց երբեք կանգ չեն առնում, նորից են փորձում, մի սատանա ունեն ներսում, որն անընդհատ հրահրում է. «Դե, սկսիր, սկսիր»:

Իսկ Աստված Ամերիկացիների կողմից է և, իմ կարծիքով, ազդում է մեզ վրա, հո ինչ-որ պատահական մի Աստված չի, ազդում է մեզ վրա: Սատանան էլ կատաղում է: Հիմարը միշտ սխալ ձիերի վրա է դնում: Այո, հո չի՞ կարող Ամերիկացիների վրա դնել. նրանց համար` պատերազմները առաքելություն են: Հո առնելու կամ տալու համար չի՞, որ անում են:

Պատերազմում պարտվողի համար միշտ մի մրցանակ կա. «Շնորհավորում ենք, Դուք նորից տանուլ տվեցիք», ու մի մեքենա սուրճ են տալիս:

Նրանք բավարարվում են նվիրելով: Մի ժամանակ, ներխուժողները տիրանում էին պարտված ժողովրդի ամեն ինչին. կանանց, կրոնին, գիտությանը, մշակույթին: Նրանք` ոչ, նրանք ընդունակ չեն:

Մեկը հաղթում է պատերազմում, գրավում է Եվրոպան, լիբերթի ոճի մի լուսամփոփ է գտնում, թալանում, դարձնում իրենը: Ոչ: Նրանք քաղաքակրթում են: Դա կարեկցանք է: Փոխարենը քեզ տալիս են մեկ ուրիշը` կվարցից, ամբողջությամբ սպիտակ: Իսկ Եվրոպան` իր գույնզգույն լույսերով, իր գետերով, իր ավանդույթներով, ջութակներով, վալսերով…

Եվ հետո`լույսեր և նեոն, գույներ և կյանք, հետո կամուրջներ, ավտոմայրուղիներ, երկնաքերեր, ինքնաթիռներ… ծամոն:

Ամերիկացիներից հիմար ժողովուրդ չկա:

Մշակույթը նրանց երբևիցե չի դիպել: Գիտակցաբար: Այո, որովհետև իրավացի են`չվստահելով մեր մշակույթին` ծեր, հղկված, չարչրկված: Իհարկե, առավել պարզություն, առավել անմիջականություն. նրանք այդպես են ստեղծագործում… քաքելու պես:

Ամերիկացիներից ստեղծագործող ժողովուրդ չկա: Ամեն տարի մի ֆիլմ են նկարում, գեղեցիկ, նույնիսկ շատ գեղեցիկ, բայց Աստված մի արասցե, որ պակասի պարտադիր մակերեսայնության այն պատառը: Տակն անպայման վեսթըրն կա… նույնիսկ գժանոցներում հաջողացնում են հնդկացիներ մտցնել: Եվ դա` հետևողականություն է:

Ամերիկացիները բարու ու չարի վերաբերյալ իրենց հստակ գաղափարն ունեն: Շատ հստակ: Ոչ թե տեսականորեն, այլ`փորձից ելնելով… բարին իրենք են: Եվ քեզ տուփով սիգար են նվիրում, արկղով`վիսկի, նավեր, օճառ, ազատություն, համակարգիչ, օգտագործված հագուստ, շնաձկներ:

Ինձ Ամերիկան բոլորովին դուր չի գալիս: Չափից ավելի ազատություն կա: Ամերիկան իմ մեջ բռնապետի ցանկություն է առաջացնում: Օ~հհհհ: Այո, բռնապետի: Գոնե երևացող է, ճանաչելի է: Երբեք չեմ տեսել մի բան, որը մարդուն այնքան քարուքանդ անի, ինչպես այդ ազատությունը: Ոչ մի հիվանդություն քեզ այդքան չի ուտում ներսից: Ինչ հանճարեղ են Ամերիկացիները` քեզ դրա մեջ նետելով: Ազատությունը հասանելի է բոլորին, ինչպես կիթառը: Ամեն մեկն այն նվագում է` ինչպես ինքն է ուզում, և բոլորը միասին նվագում են`ինչպես ազատությունն է ուզում:

Իտալերենից թարգմանությունը`Գագիկ Բաղդասարյանի

scannews.am