Ինչո՞ւ որոշ կանանց անձնական կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես իրենք կցանկանային, դե քանի որ նրանց` սիրո մասին ունեցած համոզմունք-մոլորությունները չափազանց մեծ քանակություն են կազմում: Կանայք իրենց բռնում են այն բանում, որ հիմնականում գտնվում են 2 իրավիճակում. Կամ՝ նրանք պերմանենտ կերպով տառապում են ինչ-որ հարաբերության պատճառով, կամ՝ դրանց իսպառ բացակայությունից` ցանկանալով հնարավորիս արագ հարաբերություն ձևավորել որևէ մեկի հետ:
Ահա այդ մոլորություններից մի քանիսը:
Սիրել նշանակում է՝ տառապել…
Ցավոք, կանանց մեծամասնությունն այս տեսության հետևորդ է: Այս կանանց համար խնդրի բացակայությունն արդեն խնդիր է: Այդ դեպքում ինքն է սկսում խնդիրներ ստեղծել իր համար, որպեսզի տառապի, այն է` սիրի: Այսպիսով նա ենթագիտակցորեն ընտրում է այնպիսի տղամարդ, որն առավելագույնս շատ կստիպի նրան տառապել: Պատճառները տարբեր կարող են լինել: Իհարկե, կան պարզապես գեղարվեստական գլուխգործոցներով մեծացած, իրենք իրենց քայքայող անհատներ, ում համար սերը, կիրքն ու տառապանքը եռամիասնություն են, սակայն հաճախ կանայք ուղղակի մտածում են, որ այդպիսի խնդրահարույց հարաբերությունները կոփում են: Ոչինչ էլ չեն կոփում. Դրանցից արագորեն պետք է ազատվել:
Չի կարելի երջանիկ լինել առանց սիրո…
Եվս մեկ մոլորություն, որի համար շնորհակալ պետք է լինենք մեծագույն դասական գրականությանը: Այս կարծրատիպը շարունակ տարբեր հեռուստակայաններով ու զանգվածային լրատվության այլ միջոցներով հրամցվում է կանանց: Եվ կինը սկսում է հավատալ դրան: Եվ ընտրում է դժբախտ լինելը նույնիսկ այն ժամանակ, երբ անգամ իրեն այդ հարաբերությունները հաստատ պետք չեն լինի, եթե կարողանա վերլուծել և հասկանալ իր ցանկությունները: Բայց ժամանակավոր ազատությունն ու միայնությունը վայելելու փոխարեն՝ նա զգում է, որ իր հետ ինչ-որ բան կարգին չէ. Ինքը պետք է ինչ-որ մեկի հետ լինի:
Եթե մարդիկ սիրում են իրար, ապա նրանց միշտ հաճելի է միասին լինել…
Իսկ եթե նա երբեմն խուսափում է ինձնից, ուզում է միայնակ մնալ կամ առանց ինձ ժամանակ անցկացնել, ուրեմն չի սիրում: Սա շատ վտանգավոր կանացի մոլորություն է, որը տղամարդու վարքագծի մասին սխալ պատկերացում ու մեկնաբանություն կարող է տալ: Տղամարդը կարող է սիրել և միևնույն ժամանակ՝ երբեմն միայնակ, ինքն իր հետ մնալու ցանկություն ունենալ, կամ էլ առանց Ձեզ՝ այլ մարդկանց հետ: Դա նրա իրավունքն ու անհրաժշտությունն է: Եվ պետք է կարողանալ հարգել նրա այդ իրավունքը:
Նա իր զգացմունքների մասին չի խոսում, ուրեմն չի սիրում ինձ…
Այո, քիչ չեն այնպիսի տղամարդիկ, որոնք ժլատ են իրենց զգացմունքներն արտահայտող խոսքեր ասելիս, և չեն հասկանում, որ քնքուշ խոսքեր լսելը կնոջ համար շատ կարևոր է: Այդ տիպի տղամարդկանցից անգամ «դու ինձ դուր ես գալիս» պարզագույն արտահայտությունն է դժվար կորզել, էլ ինչ երազել՝ «ես քեզ սիրում եմ» կամ «ինչ հիասքանչ տեսք ունես»-ը լսելու մասին: Այդ լռության պատճառները տարբեր կարող են լինել` տղամարդկային վախեր, ընտանեկան ավանդույթներ, երբ, ասենք, տղամարդը մեծացել է մի ընտանիքում, ուր ընդունված է եղել զսպել զգացմունքները: Բայց միայն դրանով առաջնորդվելով` տխրելը, մեղմ ասած, խելամիտ չէ, հատկապես՝ երբ գործով տղամարդն ապացուցում է և՛ իր սերը, և՛ հոգածությունը Ձեր նկատմամբ: Այստեղից եզրակացություն. Տղամարդուն ոչ թե խոսքերը, այլ գործերն են բնութագրում: Այն, որ նա չի խոսում սիրո մասին, չի նշանակում, որ չի սիրում: Հիմնվեք կոնկրետ գործողությունների վրա:
Նա հաճախ է ձայնն ինձ վրա բարձրացնում, կոպտում կամ վիրավորում: Նշանակում է՝ չի հարգում ու չի սիրում…
Շատ հաճախ տղամարդու կոպտությունն արյան մեջ տեստոստերոնի բարձր խտության հետևանք է սոսկ: Էլի նույնը պիտի ասեմ. Եթե տղամարդը սեր ու հոգատարություն է ցուցաբերում, մի շտապեք նրա` երբեմն կոպիտ խոսելուց եզրակացություններ անել: Եթե տղամարդու այդ վարքագիծը խորն արմատներ չունի և բոլորովին վերջերս է ի հայտ եկել, ապա այստեղ ամեն բան կարող է հարթվել քնքշանքներով, Ձեր ըմբռնումով մոտենալով և նրան թև ու թիկունք լինելով: Սակայն այդ ամենը՝ առանց ֆանատիզմի: Հաճախ է լինում, որ կինը չգիտակցելով՝ խաղում է զոհի դեր և տառացիորեն դրդում է, որ ամուսինն իր հետ կոպիտ վարվի: Այս վիճակում չհայտնվելու համար Ձեզ արժանապատիվ պահեք, բայց առանց որևէ ագրեսիայի: Պարուրող հանգստությունը Ձեր գլխավոր զենքն է: Այս մասին հիշեք միշտ: Իսկ եթե տղամարդու կոպիտ վերաբերմունքը տևական ժամանակի պատմություն ունի, ապա պետք է ասել, որ ագրեսիվ տղամարդու հետ ապրելը, իհարկե, բարդ է: Այս պարագայում պիտի որոշեք: եթե կարողանում եք քնքշությամբ վայրի գազանին էլ հնազանդեցնել, ապա՝ առաջ, իսկ եթե ոչ, որոշումը Ձերն է:
Փխրուն խաղաղությունը վեճից լավ է…
Սա, անշուշտ, կարծրացած մոլորություն է: Մեզ սովորեցրել են խուսափել կոնֆլիկտներից, և համոզել, որ ինչքան քիչ են կոնֆլիկտները, այնքան լավն է ընտանիքը: Բայց դա այդպես չէ: Եթե կոնֆլիկտի գնալ հասկանալով, դրանից օգուտն ավելի շատ կլինի, քան թաքնված վիրավորանքներից և փոխադարձ անհամաձայնությունից: Սովորեք խոսել Ձեր պահանջմունքների մասին, բաց արտահայտել Ձեր զգացմունքները: Ինչքան շատ Դուք հարգեք Ձեր պահանջմունքները, այնքան շատ դրանք Ձեր կողակիցը կհարգի: Եվ ընդհանրապես. Մի ընկեք հարաբերություններում խաղաղության հետևից: Կիրքը զգացմունքների համար երբեմն հանգստությունից օգտակար է: Խաղաղ ավարտով որակյալ կոնֆլիկտը դեռ ոչ մեկի չի վնասել:
Պատրաստեց Մարիա Ղուկասյանը