Արիստոտել Օնասիսի ոդիսականը
Advertisement 1000 x 90

Արիստոտել Օնասիսի ոդիսականը

Արիստոտել Օնասիսը ծնվել է 1906թ. հունվարի 20-ին՝ Կեսարիայում: Որոշ ժամանակ անց Արիստոտելի հայրը՝ ծխախոտի վաճառական Սոկրատ Օնասիսը, Կեսարիայից տեղափոխվում է հունաբնակ Սմիրնա քաղաքը:

Արիստոտելը դժվար մանկություն է ունեցել: Բալկանյան պատերազմը սրում է առանց այդ էլ բարդ ազգամիջյան հարաբերությունները: Առաջին համաշխարհային պատերազմն ավելի է խորացնում լարված իրավիճակը: 1922թ. սեպտեմբերի 9-ին Սմիրնան գրավում են Քեմալ Աթաթուրքի զորքերը, և հույն բնակչության մոտ կեսը դաժանաբար սպանվում է: Շատ հույների թվում բանտարկվում է նաև Սոկրատ Օնասիսը, իսկ նրա տունն ու ողջ ունեցվածքը բռնագրավվում է: 16-ամյա Արիստոն ստիպված է լինում աշխատել և պահել ընտանիքը: Նա սկսում է ոգելից խմիչքներ մատակարարել տեղի դիվանագետներին և զինվորականությանը: Շնորհիվ իր կապերի՝ նա հորը փրկում է մահապատժից:

1923թ. Արիստոն նավով մեկնում է Բուենոս Այրես: Նրա գրպանում 250 դոլար կար և նանսենյան անձնագիր, որ տրվում էր փախստականներին: Արգենտինայում նա էլեկտրիկի աշխատանք է գտնում British United River Plate ընկերությունում: Մնում էր լուծել որոշ փաստաթղթային հարցեր. նանսենյան անձնագրի ժամկետը լրանում էր: Բայց Արիստոն դեռ անչափահաս էր և ստիպված է լինում փոխել ծննդյան տարեթիվն ու վայրը: Եվ այսպես լույս աշխարհ է գալիս Արիստոտել Օնասիսը՝ ծնված 1900թ. Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Այս տարեթիվն էր գրանցված նրա անձնագրում մինչև կյանքի վերջը, և անգամ Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), որը 1943թ. նրա դեմ գործ էր հարուցել, չգիտեր, որ իրականում նա 6 տարով փոքր է:

Կյանքը հունի մեջ էր ընկնում: Արիստոն որոշում է տեղի սիգարետ արտադրողներին առաջարկել հոր ուղարկած ծխախոտի նմուշները: Շուտով նրան հաջողվում է սիգարետի սեփական փոքրիկ ֆաբրիկա բացել: Նրան էր պատկանում երկու ապրանքանիշ՝ Primeros և Osman: Արդեն 1929թ. 23-ամյա Օնասիսը միլիոնատեր էր:

Aristotle Onassis (shipping tycoon) and Maria Callas (opera singer) out together.

Aristotle Onassis (shipping tycoon) and Maria Callas (opera singer) out together.

Սակայն 1920-ականների վերջին Հունաստանի կառավարությունը որոշում է ընդունում մեծացնել երկիր ներկրվող ապրանքների վրա դրված տուրքը: Օնասիսի բիզնեսը վտանգված էր, և նա ուղևորվում է Աթենք՝ կարգավորելու գործերը: Նրա այցը Հունաստանի արտգործնախարարին ավարտվում է նրանով, որ Օնասիսը նշանակվում է Արգենտինայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Այդ պաշտոնը երիտասարդի առջև նոր հնարավորություններ էր բացում: 1930-ականների համաշխարհային տնտեսական ճգնաժամն օգնում է Օնասիսին. տասը տարի առաջ 1,5 մլն արժողությամբ նավերն այժմ նա կարողանում է գնել մոտ 30.000 դոլարով՝ մի Rolls-Royse-ի գնով: Ամեն ինչ հանկարծակի փոխվում է, երբ սկսվում է Երկրորդ աշխարհամարտը: Արիստոն կրկին վերադառնում է ծխախոտի բիզնեսին: Պատերազմի պատճառով գրեթե անհնարին էր դարձել Հին աշխարհից հումքի արտահանումը դեպի Ամերիկա, սակայն Օնասիսը կարողանում է վերսկսել սիգարետների արտադրությունը՝ օգտագործելով բրազիլական և կուբայական ծխախոտը: Շուտով Օնասիսը բնակություն է հաստատում ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ Բևեռլի Հիլզում: Չնայած պատերազմը շարունակվում էր, բայց նրա գործերը վատ չէին. նա գնում է կետորսական նավեր և զբաղվում կետաձկան յուղի արտա-դրությամբ, որը մեծ պահանջարկ ուներ: Որոշ ժամանակ անց Արիստոն տեղափոխվում է Նյու Յորք՝ բնակություն հաստատելով Մանհեթենում: Նրա հարևանների թվում էին Գրետա Գարբոն, մեծահարուստ հույն Ստավրոս Լիվանոսը, որի կրտսեր դուստր Թինան 1946թ. դառնում է Արիստոտել Օնասիսի կինը և նրա երկու երեխաների մայրը:

Պատերազմից հետո Օնասիսի համար հիանալի ժամանակներ են սկսվում: Հունական նավատորմը կորցրել էր մոտ 450 նավ, իսկ Օնասիսին էին պատկանում ավելի քան 100 նավեր աշխարհի տարբեր անկյուններում: Գործերի բերումով Արիստոտելն ընտանիքով տեղափոխվում է Եվրոպա: Ֆրանսիայի հարավում՝ Շատո դե լա Կրե կոչվող վայրում, նա կալվածք է գնում և մտերմանում եվրոպացի շատ հայտնի մարդկանց հետ: Նրա բարեկամների թվում էին Սոմերսեթ Մոեմը, Ուինսթոն Չերչիլը, Մոնակոյի արքայազն Ռենյեն:

Գործարք կնքելով «Erste Deutsche Walfang Gesellschaft»-ի հետ՝ Օնասիսը դառնում է հսկայական կետորսական նավատորմի տերը: Արկտիկական գոտին փակ էր որսի համար, և Արիստոտելի նավերը կետորսությամբ էին զբաղվում Լատինական Ամերիկայի ափերին: Երբ Պերուի կառավարությունը որոշում է ընդարձակել արգելված գոտին, Օնասիսի նավերից մի քանիսը հայտնվում են կալանքի տակ: Նրան մեղադրում են կետերի որոշ տեսակների անխնա ոչնչացման մեջ, սակայն Օնասիսը, ինչպես միշտ, կարողանում է մեծ տուգանք վճարել և ազատվել բանտարկվելուց: Սակայն հասարակական կարծիքը դեմ էր կետերի որսին, և Արիստոտելը որոշում է 8,2 մլն-ով նավատորմը վաճառել ճապոնացիներին:

Բայց ծովը Օնասիսի կյանքում կարևոր տեղ էր զբաղեցնում: Եվ նա կանադական հսկայական ֆրեգատը վերափոխում է շքեղ զբոսանավի՝ այն կոչելով «Կրիստինա»: Զբոսանավն ուներ 110մ երկարություն, շքեղ կահավորանքը Օնասիսի վրա նստեց 4մլն դոլար:

004-jackie-and-aristotle-onassis-theredlist

Օնասիսը որոշում է Մոնակոյին վերադարձնել երբեմնի փառքը՝ այնտեղ նոր նավահանգիստ կառուցելով: Նախագիծն արժեր 90մլն դոլար: Մոնակոյի արքայազնը նրա բարեկամների թվում էր, և Օնասիսին հեշտությամբ հաջողվում է դառնալ «Societe des Bains de Mer» ընկերության արժեթղթերի գլխավոր փաթեթի տերը: Այս ընկերությանն էր պատկանում Մոնակոյի անշարժ գույքի մեծ մասը: Այս անգամ Օնասիսին սկսեցին մեղադրել Մոնակոյի արքայազնին կաշառելու մեջ: Եվ արքայազն Ռենյեն որոշեց սահմանափակել Օնասիսի ազդեցությունը. առանց վերջինիս տեղյակ պահելու՝ նա ավելացնում է ընկերության բաժնետերերի թիվը՝ Արիստոտելին ստիպելով վաճառել իր բաժնեմասը շուկայականից ցածր գնով:

Հայրենի Հունաստանը միշտ նրա հոգում ջերմ զգացմունքներ էր արթնացնում, և երբ 1957թ. Հունաստանի վարչապետը նրան Աթենք է հրավիրում՝ ղեկավարելու հունական ավիաընկերությունը, Օնասիսն առանց տատանվելու համաձայնում է: Շատ կարճ ժամանակում նա ոտքի է կանգնեցնում «Olimpic Airways»-ը՝ ներդնելով 8,2 մլն դոլար:

Այդ տարիների ամենահաճելի իրադարձությունն այն էր, որ Արիստոտել Օնասիսն իրականացնում է մանկության երազանքը և գնում Սկորպիոս կղզին: Նա ընդմիշտ հեռանում է Մոնակոյից՝ տեղափոխվելով հեքիաթային կղզին:

Դեպքերը զարգանում են զարմանալի կերպով: Վենետիկում Օնասիսը ծանոթանում է Մարիա Կալլասի հետ և հրապուրվում նրանով: Շուտով նա «Կրիստինա» զբոսանավով ուղևորություն է կազմակերպում՝ հրավիրելով բազմաթիվ հայտնի մարդկանց, որոնց թվում էր Ուինսթոն Չերչիլն՝ իր տիկնոջ հետ: Միջերկրական ծովով այս ճամփորդությունն անսպասելի հետևանքներ է ունենում: Թինան բաժանվում է Օնասիսից և ամուսնանում Չերչիլի ազգականներից մեկի՝ մարկիզ Բլենդֆորդի հետ: Մարիա Կալլասը բաժանվում է ամուսնուց և կյանքը կապում Օնասիսի հետ։ Մինչև 1963թ.՝ Ջոն Քենեդիի սպանությունը, Մարիան և Օնասիսը միասին էին: Օնասիսը Քենեդի ամուսինների հետ ծանոթացել էր դեռ 1959թ., երբ նախագահական զույգը հյուր էր նրա զբոսանավի վրա: Քենեդիի մահից մի քանի տարի անց՝ 1968թ., Արիստոտել Օնասիսն ամուսնանում է Ջեքի Քենեդիի հետ, իսկ Մարիա Կալլասը հուսահատությունից փակվում է Փարիզի իր բնակարանում և դադարում երգել:

Արիստոտել Օնասիսի կյանքի ամենամեծ ողբերգությունը որդու՝ Ալեքսանդրի մահն էր. 1973թ. հունվարի 22-ին Ալեքսանդրը զոհվում է ավիավթարից: Նրան հողին են հանձնում Սկորպիոս կղզում: Օնասիսի բիզնեսը շարունակում էր ծաղկում ապրել, սակայն որդու մահից հետո նա սկսում է հաճախ կրկնել, որ փողն այլևս իրեն երջանկություն չի պարգևում:

Արիստոտել Օնասիսը մահանում է 1975թ. մարտի 15-ին: Նա թաղված է որդու կողքին՝ սիրելի կղզում:

«3 Միլիոն»