«Սուպեր մամա 2» կինոկատակերգությունը մեծ էկրան կբարձրանա երկու օրից։ Գլխավոր պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է, ստեղծագործական անձնակազմը հիմնականում չի փոփոխվել: Ուղիղ երեք տարի առաջ կայացած պրեմիերային, որին անդրադարձել է BRAVO.am-ը, արդեն քննարկվում էր, որ ֆիլմը կունենա շարունակություն։ 2-րդ մասի նկարահանումը նախատեսված էր դեռեւս նախորդ տարի, սակայն հետաձգվեց, իսկ պատճառներն արդեն ներկայացրել ենք։
«Սուպեր մամա 2»-ում դերակատարները նույնն են՝ Գարիկ Պապոյան, Անի Խաչիկյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Լեւոն Հարությունյան, Արման Նավասարդյան, նոր կերպարներով ընդգրկվել են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթեւ Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը եւ ուրիշներ։
Հայկ Մարությանի փոխանցմամբ՝ «Սուպեր մամա 1»-ի արձագանքներից ու քննարկումներից ելնելով, որոշել են նկարել երկրորդ մասը։ Նա հույս ունի, որ կրկնելու են առաջինի հաջողությունը, շուրջ երկու տարի աշխատել են սցենարի վրա. «Համաշխարհային կինեմատոգրաֆիայի փորձով կարող եմ ասել, որ 2-րդ մասը քիչ դեպքերում է գերազանցել առաջինին, բայց եղել են նաեւ նման դեպքեր։ Փորձել ենք այդ օրինակով աշխատել, որ 2-րդ մասն ավելի ուժեղ լինի»։
Մեր այն հարցին, թե ինչու կինոսերները պետք է դիտեն ֆիլմի երկրորդ մասը, Հայկը պատասխանել է.«Եթե ցանկանում են, թող դիտեն, եթե ոչ՝ ոչ։ Մենք երկար աշխատել ենք, այս օրերին գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ պրեմիերային հասցնենք»։
Նկարահանումների մեծ մասն անցել է Երեւանում՝ հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում։ Բեմադրող ռեժիսորներն Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանն են, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը։ Գլխավոր պրոդյուսերը Հայկ Մարությանն է, պրոդյուսերը՝ Սերգեյ Հարությունյանը, սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը։
1 ժամ 47 րոպե տեւողությամբ կատակերգության սյուժեն առաջինի շարունակությունն է, նույն ընտանիքի պատմությունն է` 5 տարի անց։ Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Հայկի փոխանցմամբ՝ գլխավոր հերոսուհու՝ Սոնայի կյանքում խնդիրներ են առաջանում։ Կարենը կրկին կերպարանափոխվում է, բայց այս անգամ կնոջը փրկելու համար. «Ամուսինները բարեգործական ընկերություն ունեն, որի հաշվապահը մեծ գումար է հանում հաշվից եւ փախչում: Ճանապարհին նա մարդ է գցում մեքենայի տակ եւ ընկնում կանանց գաղութ: Եթե գումարը չվերադարձվի, Սոնան բանտ կընկնի: Բացասական կերպարում այս անգամ Հրաչ Մուրադյանն է»։
Երկրորդ մասում Գարիկի մարմնավորած Մենուան եւս կերպարանափոխվում է ու հայտնվում կանանց գաղութում, ինչպես կատակել է Հայկ Մարությանը.«Գարիկից նենց սիրուն աղջիկ էր ստացվել, որ ես սկսել էի խանդել»:
Լուսանկարները` «Սուպեր մամա»-ի ֆեյսբուքյան էջից