Հարց. 32 տարեկան եմ երկու անգամ եմ զբաղվել սեքսով: Մինչ հեշտոց մտցնելը «հանգստացել» եմ: Արդյոք կա վտանգ:
Պատասխանում է ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ, բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ
Տղամարդու սեռական ակտի հիմնական բաղադրիչները չորսն են` սեռական ցանկություն, էրեկցիայի առկայություն, էյակուլյացիա (սերմնաժայթքում) եւ հեշտանք: Այս բաղադրիչների խանգարումները տղամարդկանց մոտ կարող են լինել եւ առանձին-առանձին, եւ համակցված: Շատ դեպքերում էլ խանգարվում են սեռական ակտի բոլոր բաղադրիչները: Օրինակ` ծանր շաքարախտի ժամանակ էրեկցիայի խանգարում է լինում, ինչը կարող է կապված լինել անոթային խանգարումների հետ, քանի որ անոթներն են նեղանում. խանգարվում է նյարդային հաղորդականությունը, որը ազդում է եւ էրեկցիայի, եւ էյակուլյացիայի վրա: Լինում են նաեւ հորմոնալ խախտումներ, որոնք եւս բացասաբար են ազդում սեռական ցանկության վրա: Մեկ բաղադրիչի խանգարումը ավելի հեշտ է վերականգնել, քան մի քանիսինը: Եթե հարցը վերաբերում է էյակուլյացիայի խանգարմանը, հարգարժան նամակագիր, ապա այն ունի հատուկ դասակարգում: Շատ հեղինակներ ժամանակի տեսակետից ելնելով` յուրովի են դասակարգել: Օրինակ` ըստ Գ.Ս. Վասիլչենկոյի դասակարգման, եթե սեռական անդամի 25 շարժումներից հետո է առաջանում էյակուլյացիան, դա կարելի է համարել նորմալ: Սրանից արագ սերմնաժայթքումը կկոչվի վաղաժամ (ejaculatio praecox): Կա նաեւ ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda), կա անէյակուլյատոր համախտանիշ, որի ժամանակ ընդհանրապես էյակուլյացիա տեղի չի ունենում. գոյություն ունի նաեւ ռետրոգրադ էյակուլյացիա, որի ժամանակ սերմնահեղուկը դուրս չի գալիս միզուկից, այլ հետ է գնում դեպի միզապարկ:
Սերմնաժայթքման խանգարման տեսակներից է նաեւ, այսպես կոչված, նախադռնային սերմնաժայթքում (ejaculatio ante portas), որի դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց: Այս պաթոլոգիան հիմնականում հանդիպում է անփորձ տղամարդկանց մոտ, այն տղամարդկանց, ովքեր էպիզոդիկ սեռական կյանքով են ապրում (ամիսը մեկ կամ տարին մի քանի անգամ): Այս դեպքում կարող է առաջանալ նման խնդիր հենց առաջին սեռական ակտի ժամանակ: Իսկ երկրորդ-երրորդ սեքսուալ էքսցեսների ժամանակ կարող է առաջանալ` վաղաժամ սերմնաժայթքում (ejaculatio praecox) (ներհրումից հետո): Եթե այդ տղամարդիկ ի վիճակի են երրորդ-չորրորդ փորձը ունենալու, հնարավոր է որ ինչ-որ չափով սերմնաժայթքումը կատարվի ժամանակին: Նույն զուգընկերուհու հետ ակտիվ սեռական կյանք ունենալու պարագայում չի բացառվում, որ խնդիրը լուծվի առանց բժշկական միջամտության:
Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել նաեւ բորբոքային պրոցեսների, հիմնականում շագանակագեղձի խրոնիկ բորբոքման (պրոստատիտ) հետեւանքով, ինչպես նաեւ սեռավարակների եւ, այսպես կոչված, «վուլգար» ոչ սպեցիֆիկ ինֆեկցիաների պատճառով, նաեւ կոնքի օրգանների կանգային պրոցեսների հետեւանքով:
Կան տղամարդիկ, ովքեր հաճախ շփվում են կանանց, աղջիկների հետ, բայց սեռական կապ չեն ունենում: Այս վիճակն անվանում են պետտինգ, այսինքն` հպումը, որի ընթացքում կարող է լինել սերմնաժայթքում` առանց սեռական ակտի:
Նշենք նաեւ, որ եթե հիվանդի մոտ առկա են ինֆեկցիաներ, ապա պետք է պարտադիր բուժում անցկացնեն: Սեռական խանգարումներ կարող են լինել արյան շրջանառության խանգարումների հետեւանքով, ինչպես նաեւ` խանգարումներ կարող են առաջանալ ուռուցքային պրոցեսներից: Շատ մեծ նշանակություն ունի նաեւ, թե ինչպես է անցկացվում սեռական ակտի տեխնիկան: Եթե շատ երկար է լինում սիրախաղը, չի բացառվում էյակուլյացիա մինչեւ ներհրումը (ejaculatio ante portas): Հարկ է կարգավորել սեռական ակտի տեխնիկան, ինչը հիմնականում երիտասարդները չգիտեն: Խորհուրդ եմ տալիս նման խանգարման դեպքում պարտադիր բժշկական զննում անցնել: Առաջնահերթ պարզել` կա՞ն բորբոքային պրոցեսներ, թե՞ ոչ:
Գերսիրախաղի սիրահար տղամարդկանց խորհուրդ ենք տալիս նվազեցնել սիրախաղը ժամանակի տեսակետից: Շատ մեծ նշանակություն ունի, թե ով է զուգընկերուհին, դիրքը, տեղը, ակտիվությունը: Լավ կլիներ, որ կանայք եւ աղջիկներն էլ հաշվի առնեին անկողնում սեռական վարքը:
sexology.am