Ոչինչ հավերժ չէ
Advertisement 1000 x 90

Ոչինչ հավերժ չէ

Հավանաբար բոլորիս լավ ծանոթ է այն իրավիճակը, երբ հանկարծ գիտակցում ես, որ ինչի վրա հույս էիր դրել, փլուզվել է, ընդ որում՝ հիմնովին, մեկ ժամում, երբեմն էլ՝ մեկ րոպեում։ Դա կարող է տեղի ունենալ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում, թե՛ ընկերների և գործընկերների հետ հարաբերություններում, թե՛ նույնիսկ սիրո մեջ։

Գրեթե միշտ դա անհասկանալի է մնում, ինչո՞ւ այդպես պատահեց, ինչի՞ց սկսվեց, ո՞վ է մեղավոր, չէ՞ որ ջա­նացել էինք, աշխատել…

Ցավոք, թանկագին ընթերցող, այդպես լինում է։ Իհար­կե, միշտ էլ կարելի է գտնել և՛ մեղավորին, և՛ «ինչո՞ւ» հարցի պատասխանը, կարելի է պարզել, թե ինչից սկս­վեց այդ ամենը, վերջիվերջո կարող ենք ինքներս մեզ համոզել, որ բավականաչափ ջանք չենք գործադրել և կարող ենք հանդիմանել մեզ, հանդիմանել ու հանդիմանել… Բայց եկեք մտորենք և խոստովանենք, որ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված։ Դրանից հետևում է, որ մեր կյանքում ամեն ինչ չէ, որ ինքներս ենք լուծում, այնպես չէ՞։

Դա մեզ հանգեցնում է այն եզրակացության, որ մեր կյանքը լիովին չենք տնօրինում։ Ավաղ, այո։ Հարց է ծա­գում, իսկ ինչի՞ն ենք մենք լիովին տիրապետում։ ԶԳԱՑ­ՄՈՒՆՔՆԵՐԻՆ, մեր ցանկություններին, մտքերին, նպա­տակադրություններին։ Եթե լինենք փոքր-ինչ հետևողա­կան, ապա կնկատենք, որ մեր զգացմունքները, ցան­կությունները, մտքերը և նպատակադրությունները մեր իրական կյանքն են։ Դրանցով էլ ապրում ենք, առաջ­նորդվում կյանքում։ Դրանցով է իմաստավորվում մեր կյանքը։

Այսպիսով, պատահական, բացասական իրադրությունը, որին չէինք սպասում, կործանում է մեր կյանքը։ Այդ պատճառով ենք լաց լինում, տխրում, դեպրեսիայի մեջ հայտնվում… Մեր երազանքներն ու ծրագրերը գոլոր­շիանում են։ Ի՞նչ ենք սովորաբար անում։ Մենք անց­նում ենք այդ փուլը, հաղթահարում դեպրեսիան, դրա վրա ծախսում ենք մի քանի շաբաթ, անգամ ամիսներ, և երբ ուզում ենք թեթևացած շունչ քաշել, մեր գլխին էլի ինչ-որ բան է թափվում։ Եվ վերջում, որպես այդ ամենի արդարացում, տալիս ենք ծեծված բացատրություն. «Դա կյանքն է»։

Այո, իհարկե, ես չեմ ուզում և չեմ առարկի այդ ամենին, եթե կան հետևողական հիվանդագին ապրումների, հետփաստական բացասական զգացմունքների դեմ պայքարելու ձևեր, և եթե կա առանց դրանց ապրելու հնարավորություն, ապա ինչո՞ւ չփորձել։

Չեմ դադարի կրկնել, որ այս ամենի պատճառը մեր մտադրություններն են։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշա­նակում է, որ երբ ինչ-որ բանի մասին երազում ենք, ծրագրում ինչ-որ բան, մեծամասամբ հետքայլ կատարե­լու ոչ մի հնարավորություն չենք թողնում։ Չենք մտա­ծում, թե ինչ կլինի հետագայում։ Մենք մեզ ներշնչում ենք, որ եթե այդ ամենն իրագործվի, կյանքում մեզ այլևս ոչինչ պետք չի լինի։ Իսկ երբ մեր ծրագրերը կա­տարվում են, երազանքներն իրականանում, սևեռվում ենք այդ ամենի վրա։ Եթե ունենք լավ աշխատանք, այն­քան ենք ընտելանում դրան, որ մոռանում ենք մեր կյանքն ապահովագրելու մասին՝ մտածելով, որ այդ ամենը հավերժ է, որ եթե զրկվում ենք այդ աշխատանքից, ապա կյանքն ավարտվում է։ Մենք խելահեղորեն սիրում ենք ինչ-որ մեկին, և այդ սերն այնքան է մեզ կուրաց­նում, որ վախենում ենք կյանքը պատկերացնել առանց սիրելիի։ Եթե ունենք ինչ-որ բան և այդ ինչ-որ բանից շատ գոհ ենք, այնքան ենք ընտելանում, այնքան ենք ինքնամոռացության տրվում, որ մոռանում ենք ամեն ինչի մասին։ Այրում ենք բոլոր կամուրջները, և երբ դա տհաճ ավարտ է ունենում, հայտնվում ենք կոտրված տաշտակի առաջ։

Իմիջիայլոց, այս ամենին կօգնի, եթե փոխենք մեր մտադրությունները և ստեղծենք նորը։ Բայց պետք է այդ ամենին լրջորեն վերաբերվել, պետք է իսկապես ապրել այդ մտադրությամբ, կյանքին և իրա­դարձություններին վերաբերվել ներշնչանքով։ Իսկ կյանքն ասում է. «Ոչինչ հավերժ չէ»։ Կյանքում ամեն ինչ պատահում է։ Եվ եթե կյանքում առաջնորդվենք այս դիրքորոշմամբ, ապա կնկատենք, որ ուժեղ ցնցումներ չեն լինի, որովհետև նախապես կիմանանք և կնախա­պատրաստվենք «եղանակի» անկանխատեսելի փոփո­խություններին։ Եվ մեր թանկագին ժամանակը զուր չենք վատնի ավելորդ դեպրեսիվ իրավիճակների վրա։ Այլ հակառակը, այն ժամանակ, երբ ոմանք ախ ու վախ կանեն, մենք կգործենք, կարճ ասած՝ կշարունակենք մեր ճանապարհը։

ԹՈՒՅԼ ՄԻ ՏՈՒՐ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ ՔԵԶ։

հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆ

scannews.am