Ներկայումս ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ, սակայն, դրանք պետք չէ շփոթել գրիպի հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
Նա տեղեկացրեց, որ տարածված շնչառական հիվանդությունները կարող են արտահայտվել բարձր ջերմությամբ, հազով, քթից արտադրությամբ։
«Մի մասի մոտ կարող է ախտորոշվել անգինա։ Սակայն, բարդությունները բավականին քիչ են. այնքան չեն, որքան որ լինում են գրիպի տարածման դեպքում։ Կարծում եմ, որ 3-4 օրը բավական է, որպեսզի հիվանդը ապաքինվի»,- հայտնեց Արա Ասոյանը։
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ դժվար է խոսել թվերի մասին։ Դրանք հաճախ չեն ներկայացնում իրական պատկերը։ Նա հորդորեց, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում հիվանդները պարտադիր դիմեն տեղամասային պոլիկլինիկա, որտեղ կստանան խորհրդատվություն և կհաշվառվեն։
«Շատ կարևոր է վարակիչ հիվանդությունների հաշվառումը։ Դա կօգնի, որպեսզի մենք կարողանանք պլանավորել մեր հետագա անելիքները», – հայտնեց Ասոյանը։
Նա տեղեկացրեց, որ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց օրական դիմում է միջինում 8-10 երեխա։ Նախորդ տարիների համեմատ տարբերություն գրեթե չկա։ Արա Ասոյանը հույս հայտնեց, որ աշնանային արձակուրդները կկարողանան մեղմել սուր շնչառական հիվանդությունների տարածումը։