Առաջին իսկ քայլերից կրկեսում նա հակասական կարծիքներ էր թողնում թե՛ հանդիսատեսի և թե՛ կոլեգաների մոտ: Հանդիսատեսը, ով գալիս էր կրկես, ոչ թե խորհելու, այլ զվարճանալու, սկզբնական շրջանում հիասթափված էր նրանից: Ընկերներից շատերը նրան խորհուրդ էին տալիս փոխել «մտածող ծաղրածուի» ամպլուան: Սակայն նա ետ չդարձավ իր ընտրած ուղուց և շուտով ապացուցեց, որ ինքը ճիշտ որոշում էր կայացրել…
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ. մարտի 15-ին, Մոսկվայում: Մինչ իր կյանքը կրկեսին նվիրելը, նա զբաղվում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի առաջնությունում 1952- 953թթ. նա 9 հաղթանակ էր տարել և մեկ պարտություն կրել՝ արդյունքում զբաղեցնելով 3-րդ տեղը: 1955թ. կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուների բաժին: Լեոնիդն անմիջապես որոշում է ընդունվել այդտեղ: Ավարտելով ուսումնարանը՝ Լեոնիդը մեկնում է Երևան և ընդունվում հայկական կրկեսի խումբ:
Առաջին իսկ քայլերից հանդիսատեսին պարզ դարձավ նրա յուրօրինակ ձեռագիրը: Ի տարբերություն այն ծաղրածուների, որոնք զվարճացնում էին հանդիսատեսին՝ շնորհիվ ավանդական տրյուկների ու ծամածռությունների, Ենգիբարյանը կրկես բերեց պոետիկ, մտածող ծաղրածուի կերպարը: Նրա էտյուդները նպատակ չունեին հանդիսատեսից հնարավորինս շատ ծիծաղ քամել, այլ ստեղծված էին՝ հանդիսատեսին ստիպելու խորհել, ծիծաղել և տխրել միաժամանակ:
Յուրի Նիկուլինը նրա մասին ասել է. «Երբ առաջին անգամ տեսա նրան կրկեսում, նա ինձ դուր չեկավ: Չէի կարողանում հասկանալ, թե այսքան աղմուկը նրա անվան շուրջ որտեղի՞ց է գալիս: Բայց 3 տարի անց տեսնելով նրան Մոսկվայի կրկեսի մանեժում, ես հիացած էի, ապշած: Նա արտակարգ տիրապետում էր բեմական դադարին, ստեղծում էր մի փոքր տխուր մարդու կերպար, և նրա էտյուդները ոչ միայն ուրախացնում, զվարճացնում էին հանդիսատեսին, այլև իրենց մեջ փիլիսոփայություն էին կրում: Նա՝ առանց որևէ բառ ասելու, խոսում էր հանդիսատեսի հետ սիրո, ատելության, մարդու հանդեպ հարգանքի, ծաղրածուի փխրուն սրտի, միայնության մասին»:
Ի՞նչ էին իրենցից ներկայացնում Ենգիբարյանի կրկեսային համարները: Խոսել այդ թեմայի շուրջ՝ անշնորհակալ գործ է. տեսնել է պետք: «Ծարավ» անվանումով էտյուդի սյուժեն հետևյալն է. Ենգիբարյանի հերոսին տանջում է ծարավը, և հանկարծ նա տեսնում է բարձր դրված ջրով լի կուժ: Բնականաբար, նա փորձում է ամեն կերպ հասնել կուժին և երկար տանջվելուց հետո վերջապես հասնում է նպատակին։ Նա քնքշորեն վերցնում է կուժը, մտովի պատկերացնում, թե ինչպես է հագեցնելու ծարավը, բայց… Այն պահին, երբ նա պատրաստ է դատարկել կուժի պարունակությունը մինչև վերջին կաթիլը, ներս է գալիս փոքրիկ մի աղջիկ: Նա մոտենում է ծաղրածուին, ցույց է տալիս կուժը և խնդրում, որ այն հանձնեի իրեն: Եվ ծարավ ծաղրածուն նրան է հանձնի ջրով լի կուժը: Աղջիկը նստում է մի փոքր հեռու և կուժով ջրում իր ավազե բլիթները, որ նրանք ավելի լավ կպչեն իրար: Այս տեսարանի գագաթնակետն այն է, թե ինչպես է ծարավ ծաղրածուն արձագանքում այդ ամենին. նա երկար, շատ երկար նայում է աղջկան և սկսում ժպտալ:
Շնորհակալ հանդիսատեսը նրան անվանել էր «Ծաղրածու՝ աշունը սրտում»: Ճանաչվածության հետ մեկտեղ ավելանում էր կինոգործիչների կողմից ուշադրությունը նրա անձի նկատմամբ: 1962թ. արտիստին առաջարկում են նկարահանվել ֆիլմում՝ որտեղ Լեոնիդ Ենգիբարյանը պետք է մարմնավորեր ինքն իրեն: Հենրիկ Մալյանի «Ճանապարհ դեպի կրկեսը» ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից՝ է՛լ ավելի մեծ հռչակ բերելով Լեոնիդ Ենգիբարյանին:
1964թ. նա Պրահայում արժանացավ Է. Բասսի անվան առաջին մրցանակին՝ ճանաչվելով Եվրոպայի լավագույն ծաղրածու: Դա ցնցող հաջողություն էր 29-ամյա արտիստի համար, ում տարիներ առաջ շատ լուրջ չէին ընդունում: 1960-ականները համարվում են Ենգիբարյանի ամենածաղկուն ստեղծագործական տարիները: Նա մեծ հաջողությամբ շրջագայում է բազում երկրներում, նկարահանվում այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»), Ռոլան Բիկովը՝ («Այբոլիտ 66») և այլք։
1972-ին նրա հետ տեղի ունեցած դեպքն ամենից լավ է բնորոշում նրա հանդեպ տածած հանդիսատեսի սերը: Լեոնիդը գալիս է Երևան և այցելում հարազատ կրկես: Որպեսզի չխանգարի ընթացող ելույթները, նստում է անկյունում և հետևում համարներին: Արտիստներից մեկը նկատում է նրա ներկայությունը, և շուտով ամբողջ անձնակազմը տեղյակ էր այդ մասին: Յուրաքանչյուր արտիստ իր պարտքն էր համարում ողջույնի ժեստ անել դեպի Ենգիբարյանը: Հանդիսատեսը նույնպես սկսում է կասկածանքով նայել այդ ուղղությամբ։ Շուտով հայտարարում են. «Հարգելի հանդիսատես, այսօր մեր ներկայացմանը ներկա է ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը»: Հայտարարությունը դեռ անավարտ, հանդիսատեսն անմիջապես ոտքի է կանգնում, և երկար ժամանակ ծափահարությունները չեն դադարում: Լեոնիդին ոչինչ չի մնում, քան դուրս գալ իր անկյունից: Ի նշան շնորհակալության, նա տեղում էտյուդ է հորինում իրեն պաշտող հանդիսատեսի համար: Երկու ձեռքով «պատռում» է կրծքավանդակը, հանում բաբախող սիրտն ու հազար մասի բաժանելով՝ այն նվիրում է հանդիսատեսին:
Նույն թվականի հուլիս ամսին նա վերադառնում է Մոսկվա: Այդ ամիսը սարսափելի տաք էր ու տոթ։ Այդ օրերին օդն այնքան կեղտոտ էր, որ մի քանի քայլ հեռավորության վրա հնարավոր չէր տեսնել դիմացինին: Հուլիսի 25-ին Ենգիբարյանի առողջությունը վատանում է, նա մորը խնդրում է բժիշկ կանչել: Բժիշկն ասում է, որ նա թունավորված է, դեղեր է դուրս գրում և հեռանում: Բժշկի հեռանալուց հետո նա է՛լ ավելի վատ է զգում իրեն: Մայրը շտապօգնություն է կանչում: Մինչ շտապօգնությունը տեղ կհասներ, Լեոնիդը տառապում էր ցավից: Հերթական անգամ ցնցվելով անդիմադրելի ցավից՝ նա խնդրում է մորն՝ իրեն սառը շամպայն տալ՝ կարծելով, որ ցավը կթեթևանա: Նա չգիտեր, որ շամպայնից անոթները սեղմվում են: Մայրը ևս չգիտեր այդ մասին և, որդու ցավը մեղմելու համար, նրան շամպայն է տալիս: Լեոնիդը խմում է մի գավաթ և շուտով մահանում սրտի կաթվածից: Աշունը սրտում ծաղրածուն ընդամենը 37 տարեկան էր:
Երկրպագուհիներ շատ ուներ, կանայք սիրահարվում էին նրան և շրջում նրա հետևից քաղաքից քաղաք: Կենսագրականներում ասվում էր, թե նա ամուսնացած է եղել, և ոչ մեկ անգամ: Իրականում նա երբեք չի ամուսնացել: Դժվար է ասել, թե ինչու այս հանճարեղ մարդու անձնական կյանքը չի ստացվել. միգուցե իդեալական կնոջ համար ընտրված չափանիշներն էին շատ բարձր, կամ էլ կանայք չէին դիմանում նրա աշխատանքի ռիթմին, անընդհատ ճամփորդություններին: Ո՞վ գիտի… Բայց միակ հավատարիմ մուսան երբեք չի լքել նրան՝ մայրը, ում տան պատերը ծածկված էին սիրելի որդու պաստառներով, լուսանկարներով:
«Վաղը ես կասեմ քո ամուսնուն՝ ես սիրում եմ նրա աչքերը: Նա կհասկանա, նա ամեն ինչ կհասկանա, որ հացը բուրում է արտի հոտով, որ հողը ծխվում է անձրևից հետո: Նա կհասկանա: Առավոտը սկսվում է, որովհետև դու բացում ես աչքերդ: Ես սիրում եմ քո աչքերը, քանի որ նրանց շնորհիվ ես նայում եմ աշխարհին»,- սա հատված է Ենգիբարյանի՝ մորը նվիրված «Վերջին Ռաունդ» գրքից:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»