Երկվորյակ երեխաներ. Միաժամանակ այդքան նման և տարբեր
Advertisement 1000 x 90

Երկվորյակ երեխաներ. Միաժամանակ այդքան նման և տարբեր

Ծնողներից շատերը կարծում են, որ երկվորյակ երեխաներին ամբողջովին նույն պայմաններում դաստիարակելը երկվորյակների արտաքին նմանության բնական հետևանքն է: Ծնողները չեն պատկերացնում, որ, երբ նրանց երկվորյակները կդառնան հասուն մարդիկ, նրանցից յուրաքանչյուրից կպահանջվի անհատական պատասխանատվություն սեփական կյանքի նկատմամբ: Այդ ժամանակ ամբողջովին իրար նման լինելու սովորությունը կարող է շատ խնդիրների և դժվարությունների պատճառ հանդիսանալ:

Ըստ ծագման, երկվորյակ երեխաները կարող են լինել երկու տեսակի՝ միաձվանի և երկձվանի: Վերջիններս առաջանում են երկու տարբեր ձվաբջիջների բեղմնավորման հետևանքով, հետևաբար` երեխաները կարող են լինել տարբեր սեռի և իրար նման նույնքան, որքան սովորական քույր և եղբայրները:

Միաձվանի երկվորյակներն ունեն գեների միևնույն հավաքածուն, որով էլ պայմանավորված է նրանց արտաքին նմանությունը: Սակայն արտաքին նմանությունից չի ենթադրվում, որ երկվորյակների հոգեկան ներաշխարհը նույնպես պետք է իրար նման լինի, քանի որ դրա ձևավորման հարցում, գեներից բացի, կարևոր է նաև արտաքին աշխարհի՝ ծնողների և շրջապատի ազդեցությունը:

Եթե ծնողները, հարազատները, ընկերները երկվորյակների հետ շփման մեջ օգտագործում են «դուք», «երեխաներ» և յուրաքանչյուրի անձը չշեշտող այլ բառեր, ապա նրանց մեջ ձևավորվում է մեկ ամբողջական մարմին լինելու գաղափարը: Նման դաստիարակությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել երկվորյակների համար: Փորձենք քննարկել դրանցից մի քանիսը:

Միանման դաստիարակությունը, որը հիմնված է երկվորյակների մեկ ամբողջություն լինելու վրա, հանգեցնում է երկվորյակներից յուրաքանչյուրի սեփական Ես-ի թերի ձևավորմանը: Հաճախ երկվորյակները շփոթում են անձնական դերանունները՝ «ես»-ը և «մենք»-ը, դժվար են ճանաչում սեփական պատկերը, արձագանքում են քրոջ կամ եղբոր անունը լսելուց: Երկվորյակների սերտ կապվածությունն աստիճանաբար վերափոխվում է կախվածության, որի ժամանակ երկվորյակները չեն կարող ապրել իրարից անկախ:

Հայտնի են երկվորյակների կախվածության տարբեր ձևեր: Օրինակ, երբ երկվորյակներից մեկն ամբողջովին իր վրա է վերցնում զույգի արտաքին աշխարհի հետ շփման պարտականությունները:

Նրա բացակայության ժամանակ քույրը կամ եղբայրը մեծ դժվարությամբ է հաղորդակցվում այլ մարդկանց հետ: Որոշ դեպքերում երկվորյակներից միայն մեկն է սովորում սոցիալական և բարոյական նորմերը՝ դառնալով զույգի «խիղճը»: Եվ, քանի երկվորյակները միասին են, նրանք բավական լավ ադապտացված են: Սակայն բաժանվելուց հետո երկվորյակներից մեկի մոտ առաջանում են կենցաղային, սոցիալական, շփման բազմաթիվ խնդիրներ՝ նույնիսկ ամենապարզ իրավիճակներում: Մեկ այլ իրավիճակ է, երբ երկվորյակներից մեկը հանդես է գալիս՝ որպես առաջնորդ, իսկ մյուսը՝ ենթակա: Առաջնորդը կայացնում է բոլոր որոշումները թե՛ իր, թե՛ երկվորյակ եղբոր կամ քրոջ փոխարեն, իսկ վերջինս ենթարկվում է՝ անկախ այն բանից` համաձա՞յն է կայացրած որոշման հետ, թե՞ ոչ:

Որոշ դեպքերում առաջնորդ-ենթարկվող զույգերում առաջնորդը կարող է ամբողջովին ճնշել ենթարկվողի անհատականությունը՝ թույլ չտալով արտահայտել սեփական կարծիքը կամ դիրքորոշումը: Նման դեպքում պատճառը ոչ միայն երկվորյակների սխալ դաստիարակության, այլ նաև ծնողների փոխհարաբերությունների մեջ է: Եթե ծնողների միջև չկա հավասարություն, ապա առաջնորդ-ենթարկվող մոդելը կրկնվում է նաև երկվորյակների մոտ: Ընդ որում, երկվորյակներից առաջնորդողը հուզական ավելի մեծ կապվածություն է ունենում «ուժեղ» ծնողի հետ և ընդօրինակում է նրա վարքը: Ծնողների փոխհարաբերություններում եղած անարդարությունները կրկնվում են երկվորյակների մոտ: Նման ճնշված վիճակը ենթարկվող երկվորյակի մոտ կարող է առաջացնել ընդդիմանալու ցանկություն, որը կավարտվի լուրջ կոնֆլիկտով կամ երկվորյակների բաժանումով, իսկ որոշ դեպքերում էլ երբեք չի վերածվի կոնֆլիկտի, սակայն, ներքին անբավարարվածության պատճառով, կառաջանան հոգեկան խանգարումներ:

Ի՞նչ անել նման խնդիրներից խուսափելու համար

Առաջին հերթին՝ պետք է չանտեսել երկվորյակների տարբերությունները:

Միևնույն ժամանակ՝ շատ կարևոր է, որ խրախուսելով երկվորյակների տարբերությունները՝ ծնողները երկվորյակներին չբաժանեն «սիրելիի» և «մերժվածի» սկզբունքով՝ ստեղծելով նախադրյալներ` առաջնորդ-ենթարկվող հարաբերությունների ձևավորման համար:

Երկվորյակների անհատականության ձևավորման գործընթացը պետք է սկսել նրանց զարգացման ամենավաղ շրջանից՝ գնելով տարբեր խաղալիքներ, հագուստ, գրքեր: Երկվորյակները կարող են հաճախել տարբեր խմբակներ, իսկ տանը կատարել անհատական պարտականություններ: Նրանց պետք է դիմել անունով, յուրաքանչյուրի հետ առանձին քննարկել իրենց հուզող հարցերը և տալ տարբեր հանձնարարություններ: Չպետք է թույլ տալ, որ երկվորյակների մոտ առաջանա հուզական ամուր կապ ծնողներից միայն մեկի հետ: Ընտանիքի ներսում չպետք է լինեն մայրիկի կամ հայրիկի սիրելին, քանի որ «սիրելիի» առկայությունը ենթադրում է նաև «մերժվածի» գոյության մասին:

Պետք է հիշել, որ երկվորյակների անհատական դաստիարակությունը չի ենթադրում, որ ծնողների սերը և հոգատարությունը պետք է անհավասարաչափ բաշխվի: Անհատական դաստիարակության ժամանակ չպետք է ընկնել նաև հակառակ ծայրահեղության մեջ՝ ամեն գնով բաժանելով երկվորյակներին իրարից: Կգա ժամանակ, հատկապես դեռահասության տարիքում, երբ երկվորյակները կձգտեն էապես տարբերվել իրարից, կունենան ընկերների և հետաքրքրությունների տարբեր շրջանակներ: Այդ ժամանակ ծնողի պարտականությունն է՝ նրբորեն խրախուսել երկվորյակների բնական ցանկությունները և օգնել նրանց անհատականության դրսևորմանը: Միայն նման կերպ հնարավոր կլինի դաստիարակել իրարից տարբեր և կայացած անհատականությունների:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան