Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրտսեր որդիների հետ միասին ներկա է գտնվել «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի բացման արարողությանը։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրական
քաղաքի մոդել հանդիսացող ծրագիրն իրականացնողների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկական քաղաքում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, նաև զրուցել է մանկական քաղաքի փոքրիկ քաղաքապետի հետ:
Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ պատասխանատուները նշել են, որ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման համար կարևոր երկու գաղափար՝ կրթություն և զվարճանք։ Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, ովքեր խաղային միջավայրում հնարավորություն կունենան ծանոթանալու 60-ից ավելի մասնագիտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։
«Սիթիզեն» մանկական քաղաքն ունի իր հրապարակը, փողոցներն ու հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։
Նշվել է նաև, որ «Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել վաստակած գումարը։
Երեխաների համար նախատեսված այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց շարքին միացավ նաև Երևանը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը: