Հաջողության մասին խոսելիս շատերը կարծում են, որ խելացի մարդիկ անխուսափելիորեն առաջ են ընկնում՝ մյուսներին թողնելով ետևում։ Սակայն Սթենֆորդի համալսարանում անցկացված նոր հետազոտությունը կփոխի ձեր կարծիքը (միգուցե նաև վերաբերմունքը)։
Առաջարկում ենք կարդալ World Economic Forum-ում հրապարակված այս հոդվածը, որը թարգմանաբար ներկայացված է ստորև։
***
Հոգեբան Քերոլ Դուեքն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է վերաբերմունքի և ունակությունների հետազոտման վրա։ Նրա վերլուծությունն ապացուցում է, որ ձեր վերաբերմունքը (երևույթների, փոփոխությունների, մարտահրավերների նկատմամբ) շատ ավելի կարևոր դեր է խաղում հաջողության հասնելու հարցում, քան ձեր IQ-ն։
Ըստ Դուեքի՝ վերաբերմունքի առումով մարդիկ բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ֆիքսված մտածելակերպ ունեցող (fixed mindset) և աճին միտված մտածելակերպ ունեցող (growth mindset) մարդիկ։
Ֆիքսված մտածելակերպի տեր մարդիկ վստահ են, որ գիտեն, թե իրենք ով են և համոզված են որ չեն կարող փոխվել։ Սա խնդիրների առաջ է կանգնեցնում մարտահրավերների ժամանակ, որովհետև ցանկացած բան, որը հնարավորությունների սահմաններից դուրս է թվում, այս մարդկանց ճնշում է և հուսահատության հասցնում։
Հակառակ տիպի՝ «աճային» մտածելակերպ ունեցող մարդիկ հավատում են, որ ջանքեր գործադրելով՝ կարող են փոխվել, բարելավվել։ Նրանք՝ թեկուզև համեմատաբար ցածր IQ-ով, շրջանցում են ֆիքսված մտածելակերպ ունեցող ինտելեկտուալներին, որովհետև մարտահրավերները դիտարկում են որպես նոր բան սովորելու հնարավորություն և ավելի հեշտությամբ հաղթահարում դրանք։
Շատերը ասում են, որ ունակությունները (օրինակ՝ խելքը) ավելացնում է ինքնավստահությանը։ Այո, սակայն այնքան ժամանակ, երբ ամեն ինչ լավ է գնում՝ դժվարություններ չկան։ Կյանքի որոշիչ գործոնը, ըստ հոգեբանի, այն է, թե մարդն ինչպես է դիմակայում ձախողումներին և մարտահրավերներին։ «Աճային» մտածելակերպ ունեցողները ձախողումներն ու խնդիրները գրկաբաց են ընդունում՝ առանց վհատվելու։
Ըստ Դուեքի, հաջողությունը հենց այն է, թե մարդն ինչպես է հաղթահարում ձախողումը։ «Աճային» մտածելակերպ ունեցող մարդիկ, ինչպես գրում է հոգեբանը, ձախողման նկատմամբ այսպիսի մոտեցում ունեն. «Ձախողումը պարզապես ինֆորմացիա է։ Մենք այն պիտակավորում ենք որպես «ձախողում», սակայն այն կարելի է վերծանել նա․ այսպես՝ սա չաշխատեց, և ես, լինելով խնդիրներ լուծող, կփորձեմ մեկ այլ բան»։
Անկախ նրանից, թե դուք որ տեսակին եք պատկանում, կարող եք փոփոխություններ անել և զարգացնել «աճային» մտածելակերպը։ Այդ մտածելակերպը զարգացնելու համար հոգեբանը նաև մի քանի խորհուրդ է տալիս։
Թույլ մի տվեք, որ անօգնական լինելու զգացումը հաղթի ձեզ։ Բոլորի հետ էլ պատահում է, երբ անհաջողությունից հետո վրա է հասնում անօգնական լինելու զգացումը։ Խնդիրն այն է՝ դուք կկարողանա՞ք ձեզ հավաքել և առաջ գնալ, թե՞ թույլ կտաք, որ այդ զգացումը հաղթի ձեզ։ Շատ հաջողակ ու հայտնի մարդիկ երբեք ոչնչի չէին հասնի, եթե հանձնվեին։ Kansas City Star-ը Ուոլթ Դիսնեյին ազատեց աշխատանքից՝ «երևակայության և լավ գաղափարների բացակայության» պատճառաբանությամբ։ Հենրի Ֆորդը, մինչև Ford-ի հաջողությունը, մեքենաների արտադրության երկու անհաջող փորձ է ունեցել։ Օրինակները շատ են։
Կրքոտ եղեք։ Միշտ կլինի ինչ-որ մեկը, որը ձեզանից ավելի խելացի է և տաղանդավոր։ Սակայն տաղանդի պակասը կարելի է լրացնել կրքով։ Հաջողակ մարդկանց հենց կիրքն է ստիպում անընդհատ ձգտել կատարելության։ Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը իրական կրքերը բացահայտելու իր մեթոդն է առաջարկում, որն ինքը կոչում է 5/25: Նա խորհուրդ է տալիս թղթի վրա գրել այն 25 բաները, որոնք ամենաթանկն են ձեզ համար։ Հետո ջնջեք ներքևի 20-ը։ Տակը մնացած 5-ը ձեր իրական կրքերն են։
Գործեք։ Այնպես չէ, որ «աճային» մտածելակերպ ունեցող մարդիկ ունակ են հաղթահարել իրենց վախերը, քանի որ ավելի քաջ են։ Ոչ։ Պարզապես նրանք գիտեն, որ վախը կաթվածահար է անում զգացմունքները, և այն հաղթահարելու լավագույն տարբերակը գործելն է։ Այդ մարդիկ գիտեն, որ իրականում չկա «առաջ շարժվելու համար իդեալական պահ»։ Եթե այդպես է, ինչո՞ւ սպասել։ Գործողությունը ձեր վախերն ու անհանգստությունը փոխարկում է դրական էներգիայի։
Անցեք լրացուցիչ 1 կամ 2 մղոն։ Նպատակասլաց անձինք մշտապես իրենք իրենց ստիպում են լրացուցիչ քայլ կատարել։ Բրյուս Լիի աշակերտներից մեկը ամեն օր նրա հետ միասին 3 մղոն վազում էր։ Մի անգամ, երբ նրանք արդեն ավարտում էին 3 մղոնանոց վազքը, Բրյուսն առաջարկում է՝ եկ ևս 2 մղոն էլ վազենք։ «Չեմ կարող, ես կմեռնեմ, եթե 2 մղոն էլ վազեմ», – ասում է ուժասպառ եղած աշակերտը։ «Ուրեմն՝ մեռիր»,- լինում է պատասխանը։ Աշակերտը վիրավորվում է այս խոսքերից, սակայն վազում 2 մղոնը։ Հետո հարցնում է, թե վարպետն ինչու այդպես կոպիտ խոսեց իր հետ։ «Երբ դու սահմաններ ես գծում այն ամենի վրա, ինչ կարող ես անել՝ մտավոր կամ ֆիզիկական առումով, այդ սահմանափակումը տարածվելու է քո ամբողջ կյանքի վրա՝ քո աշխատանքի, քո հոգեբանության, ինքնության, ամեն ինչի վրա։ Սահմաններ չկան։ Կան հարթ տեղեր, սակայն չպետք է կանգ առնես այդտեղ, պետք է առաջ գնաս։ Եթե դա պետք է քեզ սպանի, թող սպանի։ Մարդը պետք է մշտապես գերազանցի ինքն իրեն»,- ասում է Բրյուս Լին։
Սպասեք արդյունքների։ «Աճային» մտածելակերպ ունեցող մարդիկ գիտեն, որ ժամանակ առ ժամանակ անհաջողություններ կլինեն, սակայն նրանք երբեք չեն դադարում սպասել արդյունքների։ Այդ սպասումը նրանց մշտապես մոտիվացված է պահում։ Եվ վերջապես, եթե չեք հավատում, որ հաջողության եք հասնելու, ապա ի՞նչ իմաստ ունի անհանգստանալ։
Ճկուն եղեք։ Ձախորդություններ բոլորի հետ էլ պատահում են։ «Աճային» մտածելակերպ ունեցող մարդիկ ձախորդությանը վերաբերում են ոչ թե որպես իրենց խանգարող ու ետ տանող գործոն, այլ կատարելագործվելու և սխալները շտկելու միջոց։
Մի բողոքեք, երբ իրադարձությունները ձեր նախատեսած սցենարով չեն զարգանում։ Բողոքելը ֆիքսված մտածելակերպի նշան է։ Մինչդեռ «աճային» մտածելակերպ ունեցողները ամեն ինչի մեջ հնարավորություն են փնտրում. բողոքելու ժամանակ այլևս չի մնում։