Սարսափելի է բոլորի համար…
Ե՛վ ֆինանսապես անկախների, և՛ տաղանդավորների, և՛ կատարյալ արտաքին ունեցողների, և՛ խելացիների, և՛ կենցաղում կոփված մարդկանց համար: Սարսափելի է բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են լիարժեք երջանիկ ընտանիքում, ովքեր ապրում են օվկիանոսի ափին, երիտասարդների համար ու ծերերի, իր աշխատանքում բարձունքների հասածի ու հասկացող գործընկեր ունեցողի, յոգայով, մենապայքարներով ու մեդիտացիայով զբաղվողների համար, սկսնակների ու փորձառուների համար, նրանց համար, ում մոտ արտաքինից ամեն ինչ լավ է: Մի խոսքով, սարսափելի է բոլորի համար, նոր բան սկսելիս, սովոր շրջանակից դուրս գալիս, ռիսկի դիմելիս, անսովոր բան անելիս, սարսափելի է մտերիմների համար, գործի, կյանքի ու էլի շատ բաների համար: Վախը հետո էլ է լինելու, ինչքան էլ որ փորձ ձեռք բերես, վստահություն, ճանաչում, փող ու տաղանդ ունենաս: Ամեն անգամ, երբ նոր բարձունք նվաճես, բեմ դուրս գաս, մտերիմներիդ վրա հայացք գցես, այս կամ այն չափով վախ զգալու ես: Դա նորմալ է: Դա նշանակում է, որ դեռ կենդանի ես ու պիտի առաջ շարժվես, անգամ վախը շրջանցելով, ոչ թե փորձելով ամբողջությամբ ազատվել նրանից:
Առանց փոփոխությունների կյանք գոյություն չունի…
Կայունություն ասվածը թվացյալ է: Մենք շարունակ գտնվում ենք շարժման մեջ, սակայն սա, իհարկե, տոլերանտ առօրյա է, քանզի իրականում մենք անընդհատ ծերանում ենք: Մենք շարունակ փոխվում ենք թե՛ մեր ներսում, թե՛ արտաքնապես. Այդ գործընթացը ոչ մի վայրկյան չի դադարում: «Փոխվե՞լ, թե՞ չփոխվել» հարցն առողջ դատող մարդու օրակարգում լինել չի կարող, միայն «Ես այդ փոփոխությունների հետ կապ ունե՞մ, և եթե այո, ի՞նչ չափով»-ը:
Արագը նույն դանդաղն է, բայց առանց ընդմիջումների…
Սա ճապոնական բանահյուսությունից վերցված ձևակերպում է: Պետք չէ ամեն ինչ անել արագ, ինտենսիվ, հզոր, զիլ. Բավական է միայն կանոնավոր անել: Ամենակարևորը ռիթմը պահելն է, քիչ-քիչ, սակայն հաստատուն հետևողականությամբ: Որոշ ժամանակ անց կողքից դա կերևա՝ ինչպես արագ, ինտենսիվ, հզոր, զիլ:
Ավելի շատ ստեղծել, քան սպառել…
Այլապես՝ վերջ: Սպառողի անհեռանկար կյանքի բանաձևն ի վերջո լինելու է հետևյալը. «Ամեն ինչ լավ է, բայց ոչ մի լավ բան չկա»: Մարդը պետք է ինչ-որ բան անի, անի կամովի և սիրելով: Սա նրա հոգեկան առողջության բանաձևն է: Իսկ շահում ես այն, որ սա միակ եղանակն է սպառելուց բավականություն ստանալու, ինչը միևնույն ժամանակ՝ նաև նրան չի վնասի: Այս գործընթացը կարելի է համարել առողջ հոգեկան մետաբոլիզմ:
Այսօրն այն է, ինչ դու արել և մտածել ես երեկ, իսկ վաղը` ինչ անում ու մտածում ես այսօր…
Այս արտահայտությունը պետք է անընդհատ կրկնել այնքան ժամանակ, մինչև ուղեղիդ չհասնի, որ քո ծնողները կապ չունեն քո մեծական խնդիրների հետ: Համենայն դեպս նրանք մեղավոր չեն, որ գլխիդ միջի` դեռ մանկությունից պտտվող ձայնասկավառակը փոխող չկա. Ամեն դեպքում նրանք գլխիդ մեջ մտնել չեն կարող: Ովքեր հասկացան` ինչի մասին է խոսքը, կհասկանան նաև, որ անհաջողությունների պատճառներն այնքան մեծ նշանակություն չունեն, որքան ընդունված է համարել այդպես, և «ինչո՞ւ» հարցն ինքնին այնքան էլ արժեքավոր չէ: Դրա փոխարենէ՝ էներգիա է խլում, որքան ուզես: Քո գործողությունների բնույթը դու այսօր էլ կարող ես փոխել:
Ոչ մի երաշխիք չկա…
Աշխարհաստեղծման հիմքում եղած կանոնն է, որի միջով պետք է անցկացնել բոլոր որոշումներդ ու պլաններդ:
Ինչ-որ բան փոխող գիտելիքի դարաշրջանն ավարտվել է: Հիմա ինֆորմացիայի դարաշրջանն է:
Արդեն 5 տարի է, ինչ գիտելիքն առաջընթացի գլխավոր միավորը չէ: Համացանցն այն արժեզրկեց մատչելիությամբ: Հիմա դրան կենտրոնացումն է փոխարինում: Խնդրի վրա ուշադրությունը կենտրոնացնելն ու հետաքրքրությունը չկորցնելն է այժմ իշխողը: Իսկ այս հմտությունն անմիջականորեն կախված է ինֆորմացիոն աղմուկից, որն այսօր ամենուր է: Ինչքան շատ են այլոց մտքերը, այնքան ցածր է սեփական ձայնդ: Համացանցային հոսքում անընդհատ գտնվելը մեռցնում է ինքնագիտակցության ունակությունը:
Ուրախությունն ու հաճույքը նույն բանը չեն…
Մենք երբեք չենք ուրախանում շոկոլադե տորթից, մի գավաթ գինուց կամ ծխախոտից, նոր կոշիկներից կամ օծանելիքից: Դրանցից մենք հաճույք ենք ստանում: Իսկ հաճույքի բնույթը կարճատև է և անխզելիորեն կապված է հաջորդող անբավարարության զգացմանը, ձանձրույթին և նոր զգացողություններ փորձելու ցանկությանը: Սարսափելին այն չէ, որ քեզ զրկես հաճույքներից, այլ այն, որ ուրախության զգացում չապրես:
Տառապանքներ գոյություն ունեն…
Տառապում են բոլորն անխտիր. և նրանք, ովքեր ոչինչ չունեն, և ամեն ինչ ունեցողները: Իսկ ով որ այս պահին չի տառապում, դա կճաշակի հետո` դոլարի կուրսի փոփոխության ժամանակ, կամ, երբ լսի ահաբեկչության մասին, երբ կասեն, որ իրեն չեն սիրում, միգուցե շենքի կեղտոտ մուտքը տեսնելիս, հաղորդագրության պատասխանը չստանալու դեպքում, փող չստանալիս կամ մի այլ պատճառով:
Երջանիկ ոչ բոլորը կարող են լինել…
Սա շատ պարզ բան է, ինչին, սակայն, ես երկար ժամանակ հրաժարվում էի հավատալ: չափազանց մեծ է մեծ է մեր` երջանիկ կյանքի հանդեպ ունեցած հավատը` ելնելով մեր անգերազանցելի բացառիկության զգացումից: Արդյո՞ք ամեն մեկը կարող է երջանիկ լինել. Բնականաբար, այո: Բայց դա՝ տեսականորեն: Գործնականում ստաբիլ երջանիկ, այսինքն` հանգիստ, հավասարակշռված և շնորհակալ կարող են լինել միայն նրանք, ում հասանելի է խելքի կարգապահությունը: Ում խելքը հասնում է՝ ամեն հիմար բանից չբորբոքվել, ով կարողանում է ամեն պարագայում հավասարակշված լինել, նա կարող է և երջանիկ լինել:
Ուրախությունը խելքի հավասարակշռությունն է…
Իսկապես այդպես է: Ուրախությունը խելքի լիակատար հավասարակշռությամբ պայմանավորված հանգիստն է, որի հասնել կարող ես՝ նույն այդ ուղեղի կամ խելքի կույր կամ ավտոմատ ռեակցիաներից ազատվելով: Հասուն տարիքում սրան հասնելու ու այն զարգացնելու միակ առողջ տարբերակը դիտարկման խորը մեդիտացիան է:
Միրգը ոչ թե թթվային, այլ հիմնային սնունդ է…
Եթե գիտականորեն ասենք, թարմ, հասած մրգերը և համարյա ողջ բանջարեղենն օրգանիզմում հարուցում են հիմնային ռեակցիա և օգնում չեզոքացնել այնտեղ եղած թթուների ավելցուկը, իսկ օսլան, շաքարը, մսամթերքը, ճարպերը, յուղերը, կաթնամթերքը, հակառակը՝ օրգանիզմը թթվայնացնում են:
«Իմ մարմինն ինքը գիտի, թե ինչն է իր համար լավ» միտքն ուղեղի ամենավտանգավոր որոգայթներից է:
Ալկոհոլամոլի մարմինն ուզում է խմել, ծխողինը երազում է ծխախոտի մասին, մեր մարմինը տապակած կարտոֆիլ կամ շոկոլադ է ուզում: Ի՞նչ է, նշանակում է՝ օգտակա՞ր բաներ է ուզում մեր մարմինը: Ինչպես ուղեղն է ապրում ավտոմատ ռեակցիաներով` մարդուն հնարավորություն չտալով իր կյանքում տարրական շարժեր կատարելու, այնպես էլ մարմինը ենթարկվում է սովորություններին և հաճույքի քաոսային իմպուլսներին:
Սնունդն ազդում է ոչ միայն մեր մարմնի, այլ նաև՝ գիտակցության վրա:
Ալկոհոլի նման, որը նշանակալիորեն փոխում է մեր գիտակցությունը` բթացնելով այն, որոշ մթերքներ գրեթե նույն էֆեկտն ունեն, բայց ավելի քիչ ընդգծված և հաճախ չգիտակցված ձևով: Սնունդը կարող է դանդաղեցնել գլխի աշխատանքը և թուլացնել կենտրոնացումը` ազդելով վերահսկողական հմտությունների, գիտակցելու ուժի և ընկալման հստակության վրա: Առավել օգտակար սննդամթերքների թվում են թարմ մրգերն ու բանջարեղենը, բուսական ծագման սնունդն ու հատիկեղենը, որոնք պատրաստելիս պետք է օգտագործել հնարավորինս քիչ յուղ և համեմունքներ:
Փող պետք է ճիշտ այնքան, որ նրա մասին չմտածես…
Փողը մարդկության գլխավոր հարցը չի լուծում, այն տիրոջը երջանիկ չի դարձնում, բայց նրա մասին գոնե կենցաղում չմտածելու հնարավորություն ունենալն էականորեն լրացուցիչ էներգիա է ազատում այլ գործեր անելու համար:
Մենք բոլորս ավելի շատ նման ենք միմյանց, քան տարբեր…
Սեփական բացառիկության նշանակությունը խիստ չափազանցված է, և մարդուն հնարավորություն չի տալիս արագ լուծել խնդիրները: Բոլոր պատասխաններն ու որոշումները շատ վաղուց գոյություն ունեն, իսկ սեփական անկրկնելիության վրա սևեռված լինելը մարդուն թույլ չի տալիս իր «ես»-ը տանել այնտեղ, ուր իր համար ամենահարմարը կլիներ գտնվել և առանց այլևայլությունների իրեն շրջապատող իրականությունն ընդունել՝ բոլոր պատասխաններով ու հուշումներով հանդերձ:
Կախվածությունը բուժվում է միայն 100%-անոց հրաժարումով…
Եթե դու ալկոհոլիկ ես, չպետք է անգամ մի գավաթ գինի խմես: Չի կարելի երբեմն ծխել, եթե ուզում ես թողնել ծխելը: Հրաժարվիր կտրուկ, միանգամից և անդառնալիորեն, այլապես ոչինչ չի ստացվի:
Փոփոխություններին պատրաստ լինելու ներքին, 100%-անոց պատրաստվածություն գոյություն չունի…
Մենք միշտ էլ մինչև վերջ պատրաստ չենք փոփոխությունների ու շրջադարձների: Միշտ էլ կան ծանրակշիռ «բայց»-ն ու մինչև լավ ժամանակները հետաձգելը: Անօգուտ է սպասել միանշանակ ներքին համաձայնության, պետք է համարձակվել` ավելի շուտ հենվելով «ժամանակն է»-ի, քան «պատրաստ եմ»-ի վրա:
Կյանքը գիրք է, որի առաջին գլուխները դու չես գրել:
Մենք բոլորս կազմված ենք մեր համոզմունքներից և մեզ շրջապատող աշխարհի մոդելներից, իսկ այդ աշխարհը վերացական Երկիր մոլորակը չէ, այլ կոնկրետ շենքի մուտք, գրասենյակ, տուն, ընկերներ, կոլեգաներ, ծնողներ, բոլոր նրանք, ում հետ դու ամեն օր շփվում ես: Դա նաև սոցիալական ցանցի քո լրահոսն է, Ֆեյսբուքի ընկերները: Մենք սպունգի նման ներծծում ենք հայացքներ, դիրքորոշումներ, տեսակետներ ինքնաբերաբար: Եվ մենք դառնում ենք նույնպիսին կամ լրիվ հակառակը:
Արդյունքը փորձերի քանակն է…
Այլ ոչ թե մեկ դիպուկ կրակոցը, և հաստատ ոչ բախտի գործոնը, եթե էֆեկտի երկարաժամկետության մասին ենք խոսում:
Այն, ինչ քեզ տվյալ փուլում օգնել է, հաջորդի ժամանակ կարող է արգելակել…
Կարդինալ փոփոխությունների գնալու ունակությունը բնորոշվում է հրաժարվելու հնարավորությամբ: Երբեմն շատ կարևոր է հրաժարվել նրանից, ինչը քեզ նախկինում օգնել է: Բերենք պարզ օրինակ: Փոքր բիզնեսի կանոնները միջինի դեպքում չեն աշխատում: Առանց դրանց մի մասից հրաժարվելու՝ աճել հնարավոր չէ: Նույնը մարդու պարագայում է:
Հարմարավետության տարածքից անդին անհարմարավետության տարածքն է…
Այլ ոչ թե շոկոլադե կոնֆետների տուփը:
Առանց նպատակների կյանք գոյություն չունի…
Այնպես, ինչպես և առանց փոփոխությունների վիճակ: Հարցը միայն այն է, թե դնում ես դու արդյոք այդ նպատակներն ի՞նքդ, թե՞ տուրք ես տալիս չգիտակցված բնազդներին:
Չկա ծուլություն…
Կան ոչ սիրելի զբաղմունքներ, էներգիայի պակաս և հեռանկարի պակաս, որ շունչդ կտրվի սպասելիքից:
Ինքդ քեզ հնարավոր չէ գտնել, ինքդ քեզ միայն կերտել կարող ես…
Պետք չէ ոչինչ ու ոչ ոքի փնտրել, քանզի դու միշտ այստեղ ես, հիմա, իսկ քո ճանապարհը տվյալ պահին քո ոտքերի առաջ եղածն է: Քո նպատակներն ինքդ պետք է որոշես և դա անես մտածված, այլապես ճանապարհը ոչ մի տեղ չի տանի:
Ալկոհոլ պետք չէ.ընդհանրապես: Եվ վերջ:
Չիրացված պոտենցիալը ցավ է պատճառում:
Եվ անօգուտ է այդ փաստն անտեսելը կամ դրանից թաքնվելը հարմարավետության ընտրված մակարդակի կամ գեղեցիկ փիլիսոփայական ձևակերպումների համար: Սա վերաբերում է նաև կանացիության, մայրության քողի տակ ծածկվողներին:
Բանկերը պետք է քեզ վճարեն, այլ ոչ թե դու՝ նրանց:
Երբեք ու երբեք չարժե գնել այն, ինչի համար գումարը դու չես վաստակել, քանզի հակառակ դեպքում մենք բանկին ոչ միայն փող ենք տալիս, այլև մեր ազատ էներգիան: Այդ դեպքում ռիսկային շարժերի համար ազատ տարածություն գրեթե չի մնում:
Երկու ունակության պետք է տիրապետել հնարավորինս շուտ` լարվելու և թուլանալու ունակություններին:
Յուրաքանչյուր շարժում այս կամ այն պահին պահանջում է ուժերի լարում: Եթե չուզենալով լարես ուժերդ, կծախսես կրկնակի ավելի էներգիա, մի մասը՝ հենց լարվածության վրա, մյուսը՝ հոգեկան լարվածության, ներքին պայքարի: Այստեղից էլ առաջանում է ըստ ցանկության լարվելու, ջանքդ գնահատելու ու սիրելու անհրաժեշտությունը: Այդ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կստացվի: Իսկ թուլանալու ունակությունը, իրականությունն ընդունելու կարողությունը, սեփական սպասելիքները բաց թողնելը երկրորդ կարևոր ունակույթյունն է, առանց որի խնդիրներից չես խուսափի:
«Այո» կամ «Ոչ»: Պատասխաններ, որոնք հնարավորինս շուտ պիտի սովորես:
Պետք է «այո» ասել իրավիճակներին և մարդկանց, չնայած այն հանգամանքին, որ երաշխիք չկա, և «ոչ»՝ առաջին հերթին՝ ինքդ քեզ, քո թուլություններին, վախերին, և միայն շատ հետո` ուրիշներին ևս:
Զիլ գործերը լավերից տարբերվում են նրանով, որ ստիպում են ինքդ քեզ մոռանալ:
Ստեղծագործ, արարիչ մարդն ինչ-որ բան լավ անող մարդուց տարբերվում է նրանով, որ իր գործն իրենից առավել է դասում` տարրալուծվելով դրա մեջ: Եվ դա անում է գիտակցված ու սիրելով, այլ ոչ թե՝ ընտրություն չունենալու պատճառով կամ պարտքի զգացումից դրդված: Այսպես ինչ-որ մարքետոլոգ կարող է իսկական երաժիշտ լինել իր մասնագիտության մեջ, իսկ մի այլ երաժիշտ ամբողջ կյանքում մնա՝ որպես երաժշտության հետ գործ ունեցող մեկը:
Ճանապարհիդ հանդիպած յուրաքանչյուր նշան մինիմում 3 մեկնաբանություն ունի:
Ա. Միգուցե դա իրոք նշան է:
Բ. Միգուցե զառանցում ես և չափազանցնում փաստերը:
Գ. Իսկ միգուցե դա փսրձություն է, երևույթ, ճանապարհից շեղելու փորձ` որպես քո իրական որոշումների և ուժերի փորձություն:
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը