Stent for life պետական ծրագրի շրջանակում անվճար ստենտավորման իրավունք ունեն բոլոր այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է ST էլեվացիայով սրտամկանի սուր ինֆարկտ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, մեկնաբանելով փոխնախարար Սամվել Մարգարյանի ելույթը, որը խորհրդարանում հայտնել էր, որ հիվանդանոցները տվյալ ծրագրի շահառուներին առաջարկում են համավճար մուծել դեղապատ ստենտի համար։
Նա պարզաբանել է, որ նման հիվանդներին, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, սեռից ու տարիքից, պետական ծրագրի շրջանակում տեղադրում են մեկ անդեղապատ ստենտ։ «Եթե հիվանդը ցանկանում է ստանալ դեղապատ ստենտ, ապա նա հրաժարվում է պետական ծրագրից ու մեխանիկորեն դառնում վճարովի հիվանդ։ Այսինքն, նա վճարում է ամբողջ վիրահատության համար, դեղապատ ստենտի համար նա վճարում է ամբողջ ծավալով, այլ ոչ թե համավճարով»,- ասել է նա։