Հոքինգի ատենախոսությունը կարդալ ցանկացողները շարքից հանել են Քեմբրիջի համալսարանի կայքը. The Guardian
Advertisement 1000 x 90

Հոքինգի ատենախոսությունը կարդալ ցանկացողները շարքից հանել են Քեմբրիջի համալսարանի կայքը. The Guardian

Քեմբրիջի համալսարանի կայքը, որտեղ հոկտեմբերի 23-ին անվճար օգտագործման համար զետեղվել է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի դոկտորական ատենախոսությունը, շարքից դուրս է եկել գիտական այդ աշխատության հետ ծանոթանալ ցանկացողների չափազանց մեծ թվի պատճառով:

Ինչպես հայտնել է The Guardian-ը, մեկ օրից պակաս ժամանակում շուրջ 60 հազար մարդ է փորձել ներբեռնել Properties of Expanding Universes («Ընդարձակվող տիեզերքների հատկությունները») վերտառությամբ հետազոտությունը:

75-ամյա գիտնականն ինքը արձագանքել է այդ նորությանը՝ հույս հայտնելով, որ 134-էջանոց աշխատությունը չի հիասթափեցնի ֆիզիկայի և տիեզերագիտության սիրահարներին: Նա նաև ցանկություն է հայտնել, որ ազատ օգտագործման մեջ լինեն հայտնի գիտնականների բոլոր աշխատությունները:

Ավելի վաղ ֆիզիկոսի գիտական աշխատությանը, որը նա պաշտպանել է 1966 թվականին 24 տարեկան հասակում, կարելի էր անմիջականորեն ծանոթանալ միայն Քեմբրիջի համալսարանական գրադարանում կամ 65 ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 86 դոլար) դիմաց պատվիրել դրա սքանավորված պատճենը: