Շվեդիայի Ուպսալի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի առարկան դարձել են հարազատ եղբայրների ու քույրերի կարիերային և կենսական նախադրյալները՝ կախված լույս աշխարհ գալու հաջորդականությունից: Այդ
մասին հայտնել է SVT հեռուստաալիքը:
Նախագծի հեղինակները եկել են այն եզրակացության, որ առաջնեկներն օժտված են ղեկավարներ դառնալու լավագույն հնարավորություններով այն դեպքում, երբ կրտսերներն անհատական ձեռնարկատիրության հակում ունեն: Ընդ որում, նրանց մոտ հոգեկան հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունն ավելի մեծ է, քան ավագ եղբայրների ու քույրերի մոտ:
Վերջին հանգամանքը բացատրվում է նրանով, որ, որպես կանոն, ծնողները կրտսեր զավակներին ավելի քիչ ուշադրություն են հատկացնում, նվազ չափով են նկատում նրանց վտանգավոր վարքագիծը և ժամանակին չեն զբաղվում նրանց հիվանդություններով:
Ինչ վերաբերում է կյանքում հաջողության հասնելու հեռանկարներին, ապա ղեկավար դիրքերում հայտնվելու ընտանիքի առաջին երեխաների շանսերը 30 տոկոսով ավելի մեծ են, քան երրորդ երեխաներինը:
Դա բացատրվում է նրանով, որ վերջիններիս մոտ սոցիալական այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ դիմացկունությունը, սթրեսների նկատմամբ կայունությունը, խմբում աշխատելու կարողությունը, առաջնորդի որակներն ավելի վատն են լինում, քան առաջինների մոտ: