Լեռ Կամսար. Անտիպ օրագրից
Advertisement 1000 x 90

Լեռ Կամսար. Անտիպ օրագրից

Կարելի է ապրել երկու կերպ` համառոտ և ընդարձակ: Ընդարձակ և մանրամասն ապրողը պիտի անի այն բոլորը, ինչ անում են բոլոր մարդիկ կամ մարդ արարածն առհասարակ: Նա պետք է հերթով ծնրադրի բոլոր աստվածներին, դավանի բոլոր կրոնները, պատկանի աշխարհում եղած բոլոր քաղաքական կուսակցություններին, ժխտի այդ բոլորը ու հանդես գա չեզոք, ժխտի աստվածներին և դառնա անաստված, ճաշակի այն բոլոր կերակուրները, ինչ կերել է մարդը երբևիցե, ման գա աշխարհը առանց որևէ ծակ ու ծուկ զանց առնելու, խելագարվի, կոմունիզմին հավատա և այլն:

Նայեք ջրաղացին: Ջրաղաց կա`ցորենը փոշիացնում է, կա որ` ձավար է դարձնում, մեջտեղից երկու կես է անում, վերջապես, կոլխոզային ջաղացների նման, երկու ամբողջական ցորենները իրար է կպցնում: Իսկական մարդը մարսված կերակուր, ջաղացի փոշի պիտի լինի: Այս տեսանկյունով եթե նայենք մարդուն, ես մարդ համարվել չեմ կարող: Այնքան համառոտ եմ ապրել: Անհաղորդ` կյանքի մանրամասներին: Ես ծնածս օրից գրչամանին եմ նայել և կյանքի բոլոր արժեքները այդ «բանկն» եմ տարել` ոչնչով փոխանակելու: Նրանք, ովքեր ինձ նման ապրում են մեռած, նրանց համար չկան կաշկանդիչ սովորություններ, ծեսեր, նախապաշարմունք, բարոյականություն, ամոթ, պատկառանք և նման բաներ: Որովհետև այդ բոլորը մահվան հետ համեմատած` այնքան աննշան չարիքներ են, որոնց լինելուն էլ, չլինելուն էլ պետք է նայել անտարբեր: Դրանք փոքրիկ ոչնչություններ են, որոնք իրենց ճանապարհին միանում են իրար հետ և գնում թափվում մեծ ոչնչության մեջ:

Ես դեպի մահ եմ գնում օդի միջով, առանց ոտքս գետնին դնելու…

scannews.am