Ապրել սիրո մեջ
Advertisement 1000 x 90

Ապրել սիրո մեջ

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Իմ մոտ գալուց առաջ, նա խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպեմ իր հետ, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի չլինի թե ինչ-որ մեկը նկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, ինչ կմտածեն մարդիկ, սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով:

Նա օգտվում էր սայլակից, իսկ մեր կլինիկայի մուտքը բարձր է գետնի մակարդակից ու թեքահարթակ էլ չունենք: Այնպես որ ամոթը մի կողմ, հարկ կար նախ և առաջ հաղթահարելու ամենապարզունակ տեխնիկական դժվարություններ:

Բնությունից օժտված անզուգական հմայքով այդ կինը խելացի էր և գրավիչ: Նրա մարմնի վերին վերջույթները, դեմքի մկանները, պարանոցը  շարժունակ էին և արտացոլում էին  իրենց շարժողի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը: Պատահել էր այնպես, որ իր կյանքում հայտնվել էր մի տղամարդ, ով գնահատել էր իրեն իր արժանիքների համար, և խորը հարգանք էր տածում իր նկատմամբ: Հաշմանդամությունը խոչընդոտ չէր հանդիսացել սիրո մեջ ապրելուն և նրանք ամուսնացել էին: Սակայն կար մի խնդիր, որը թույլ չէր տալիս ապրել սեռական կյանքով, դա կնոջ մոտ առկա վագինիզմն էր: Երկարատև ու համառ բուժումից հետո, հաղթհարելով բազում դժվարություններ մեզ հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Հիմա նրանք ունեն մի շատ գեղեցիկ բալիկ:

Կնոջ կյանքում հաշմանդամություն ունենալը մեծ ազդեցություն է գործում նրա կին լինելու գիտակցության վրա: Որովհետև կնոջ մարմնի արտաքին ձևը այն հիմնական խթանն է, որից բորբոքվում է տղամարդու սեռական կիրքը: Կինը շատ լավ գիտակցում է այս փաստը և իր մարմնին չափազանց մեծ կարևորություն տալիս, քանի որ տղամարդու ուշադրության արժանանալը ներքուստ ուրախացնում է կնոջը, բարձրացնում  է նրա տրամադրությունը և կանացի ինքնագնահատականը, տղամարդու ուշադրությունը կնոջ հանդեպ վավերացնում է կնոջ գոյության իմաստը:

Տղամարդու անտարբերությունը կնոջ համար հարված է, հատկապես այն տղամարդու կողմից ով դուր է գալիս իրեն: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նմանատիպ դեպքերում կինը ակամայից փորձում է բացատրություններ գտնել և պաշտպանել իր կանացի արժանապատվությունը ու հետաքրքիր է նկատել, որ առավել հաճախ նա հակված է մտածելու, որ խնդիրը իր մարմնի ոչ բավականաչափ սեքսուալ լինելու մեջ է: Շատ հազվադեպ է լինում, որ առաջին միտքը, թե ինչու է ազատ տղամարդն անտարբեր, այն լինի, որ նա օրինակ, միասեռական  է կամ ասենք, ձախողման տագնապից հուսալքված կույս կամ պարզապես պլատոնական սիրով շղթայված կնամեծար էակ: Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մարմնի խնամքի միջոցները, արտաքին տեսքը գրավիչ դարձնող, սեքսուալ-էրոտիկ երանգ հաղորդող միջոցները, գեղեցկության և հմայքի սրահները, պլաստիկ վիրահատության դիմող կանանց աճող թիվը, բոլորը  ծառայում են տղամարդու ուշադրությունը գրավելուն՝ միայն և միայն մեկ նպատակով՝ լինել կին տղամարդու համար:

Սակայն տղամարդու սեռականության մեջ կա մի տարր, որով նրա սեռական կիրքը էապես տարբերվում է սեռական մղումից, այդ տարրը մի հավելում է, որով սեռական մղումը դառնում է ավելին, քան պարզապես սեռական մղումը և կնոջ մարմինը ձեռք է բերում տասներորդական նշանակություն խնդրին այս տեսանկյունից նայելու դեպքում:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է տղամարդու գրգռման համար կնոջ մարմինն այդքան գերիշխող առաջնություն ձեռք բերում, երբ ֆիզիոլոգիական տեսանկյունից այդ մարմինը ոչ այլ ինչ է, քան ընդամենը սեռական խթաններին ի պատասխան գրգռման արձագանք դրսևորելու ֆիզիոլոգիական համակարգ: Մ՞իթե մարմնի պատասխան տալու ունակությունը և տեսանելի փոփոխման արձանագրումը այն միակ և ցանկալի արդյունքն է, որին ձգտում է տղամարդը և որի համար պատրաստ է ժամանակ տրամադրել: Բնականաբար ոչ: Սեռական գործողության ժամանակ մարմնական շփումը ամենավերջին տեղն է զբաղեցնում այն իրադարձությունների շարքում, որոնք ծավալվում են այդ ընթացքում: Մարմինը կարելի է ասել, այն վերջնական օղակն է, այն միջոցը, որով հնարավոր է դառնում ներքին՝ շատ ավելի կարևոր և շատ ավելի արժեքավոր  դրսևորումների տեսանելի դառնալը: Մարմինն ակամայից հետևում է և ներդաշնակորեն շարժվում ներքին զգացողությունների թելադրանքով, դրանք սեռական զգացողություններ են, որոնք ի հայտ են գալիս մարդու ներքին աշխարհում, երբ վերջինս բախվում է իր սեռի գոյությանը: Հանդիպումը սեփական սեռի հետ ծնում է ուժեղ սեռական մղում, արթնացնում է մի շարք զգացական ընկալումներ, ստեղծում ներքին լարվածություն, հպվելու, միաձուլվելու, ամբողջանալու պահանջ: Այդ պահանջը չի նայում արտաքին տեսքին և ձևին, նրան հետաքրքիր է միայն ամբողջացումը, սեռային ամբողջացումը:

Գեղագիտական տեսանկյունից կնոջ մարմնին գնահատական տալը բոլորովին այլ տեսահարթակ է բացում: Եթե խոսքը գնում է գեղեցկության մասին, ապա կնոջ մարմնին նման գնահատական տալը շատ հեռու է օբյեկտիվ հիմքերից: Սեռի գոյությունը և սեռական մղման արթնացումը չի կարող թույլ տալ անաչառ հայացքով նայել կնոջ մարմնին  և օբյեկտիվ գնահատել նրա գեղեցկությունը, գեղագիտական տեսանկյունից կնոջ մարմնի սեքսուալ կամ ոչ սեքսուալ լինելը դատապարտված է սեռական գրգռման սուբյեկտիվ կարծիքին: Եվ ուրեմն ինչո՞ւ է կնոջ մարմինն, այն էլ խիստ որոշակի ձևի մեջ, իր վրա վերցրել տղամարդու սեռական գրգռման առաջացման մենաշնորհը: Ո՞ւմն է այս փախուստը: Տղամարդունը՞, թե կնոջինը՞:

sexology.am