Մարդու քնի վրա գաջեթների ազդեցության շուրջ ուսումնասիրությունների մեծամասնությունը ցույց է տալիս, որ սմարթֆոնները, նոութբուքերը և պլանշետները ամենից շատ ազդում են երեխաների ու դեռահասների առողջության վրա: Այդ մասին ասված է Pediatrics հանդեսում հրապարակված հոդվածում:
«Լույսը գլխավոր ժամանակաչափն է մեր ուղեղի համար: Երբ նա երեկոյան ընկնում է աչքի ցանցաթաղանթի վրա, մելատոնինի կոնցենտրացիան կտրուկ նվազում է, ինչի պատճառով քունը փախնում է, խանգարվում են ցիրկադային ռիթմերը: Հայտնի է, որ երեխաների մոտ բիբերն ավելի խոշոր են, քան մեծահասակների մոտ, իսկ աչքի ոսպնյակն ավելի թափանցիկ է: Ուստի երեխաների աչքերն ավելի զգայուն են լույսի նկատմամբ»,- բացատրում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բոուլդերում (ԱՄՆ) գտնվող Կոլորադոյի համալսարանի ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի բաժանմունքի դոցենտ Մոնիկ ԼեԲուրժուան:
Նա վերլուծել է 50-ից ավելի գիտական աշխատություններ, որոնք ուսումնասիրել են էկրանով սարքերի ազդեցությունը 5-ից մինչև 17 տարեկան երեխաների առողջության վրա: Հետազոտությունների 90 տոկոսը ցույց է տվել, որ երեխան որքան շատ ժամանակ է անցկացնում էկրանի առջև, այնքան վատ է նա քնում:
Ինչպես նշում է ԼեԲուրժուան, նախորդ փորձերը ցույց են տվել, որ լույսի նույն աղբյուրի ներգործությամբ երեխաների մոտ մելատոնինի կոնցենտրացիան կրկնակի ավելի արագ է նվազում, քան մեծահասակների մոտ:
«Քնի հորմոնին» հատկապես ուժեղ է ճնշում կարճալիք «կապույտ լույսը», որն արձակում են բոլոր շարժական սարքերը:
Common Sense Media ամերիկյան ոչ կառավարական հետազոտական կազմակերպության զեկույցի տվյալներով՝ 2011 թվականից երեխաներն սկսել են եռակի ավելի հաճախ օգտագործել սմարթֆոնները:
Օրինակ, մինչև ութ տարեկան երեխաները միջին հաշվով օրական էկրանների առջև են անցկացնում մոտավորապես 48 րոպե: Ծնողները հաճախ դրան չեն խոչընդոտում, շատերը քնելուց առաջ երեխաների համար մուլտֆիլմեր են միացնում:
«Նախադպրոցական տարիները շատ զգայուն ժամանակաշրջան է զարգացման համար: Թվային մեդիաներն ավելի ու ավելի խորն են թափանցում երեխաների կյանք, և կան բազմաթիվ բաներ, որոնք դեռ ուսումնասիրված չեն»,- ընդգծում է ԼեԲուրժուան: Իսկ դեռահասների մոտ քնի պակասը հաճախ պայմանավորված է լինում կոգնիտիվ վերելքով, որը կարող է կապված լինել քնելուց առաջ «ագրեսիվ կոնտենտ», օրինակ՝ բռնության տեսարաններ դիտելու հետ: Քունը ուշացնում է նաև մեսենջերներում սովորական նամակագրությունն ընկերների հետ:
Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս քնելուց մեկ ժամ առաջ երեխաներին չտալ շարժական սարքեր, հանգստանալու ընթացքում անջատել բոլոր էլեկտրոնային դևայսները (ներառյալ իրենցը) և դրանք լիցքավորել այլ սենյակներում, ինչպես նաև ոչ մի գաջեթ չպահել այն հարկաբաժնում, որտեղ երեխան քնում է: