Հայաստանի Կամերային նվագախմբի և երգչախմբի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը համոզված է, որ երաժիշտներն անվերապահորեն պետք է հավատան դիրիժորին, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Նա արվեստում կամավոր դիկտատուրայի կողմնակիցն է: Երգչախմբի փորձերը Ռ. Մլքեյանի համար ամենաերջանիկ ժամերն են: 35 հոգուց բաղկացած Կամերային երգչախումբն ամիսն առնվազն երկու անգամ ելույթներ է ունենում Կամերային երաժշտության տանը և լայն երգացանկ ներկայացնում: Խումբը յուրահատուկ առաքելություն ունի. կատարում է և՛ հայկական ու համաշխարհային խմբերգային երաժշտություն, և՛ այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանում երբևէ չեն հնչել: «Ուզում եմ, որ մեր ունկնդիրը լավ երաժշտության պակաս չունենա»,- ասում է Ռ. Մլքեյանը։ Նա առաջին երգչախումբը ստեղծեց Կոնսերվատորիայում, քանի որ ցանկանում էր երիտասարդ կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունները հնչեցնելու հնարավորություն տալ։ Հետագայում աշխատեց Գյումրիում։ Երկրաշարժից հետո ցուրտ ու մութ կյանքով ապրող Գյումրիում ֆիլհարմոնիկ նվագախումբ և կամերային երգչախումբ ստեղծվեց, որոնց ղեկավարը դարձավ Ռ. Մլքեյանը։ Այդ դաժան օրերին շատ հետաքրքիր երաժշտական շարժ սկսվեց Գյումրիում, դժվար պահին մարդիկ երաժշտությունը որպես հավերժության մի գեղեցիկ դրսևորում, որպես յուրատեսակ «փրկօղակ» ընկալեցին։
– Դա պարադոքս է։ Մի անգամ ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը հանրահայտ կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիին հարցնում է՝ ինչո՞վ են պայմանավորվում ձեր հաջողությունները։ Ֆելինին պատասխանում է. «Առաջին հերթին ինձ օգնում է այն, որ ես ոչ մի սոցիալական խնդիր կյանքում չունեմ։ Առավոտյան արթնանում եմ ու մտածում եմ միայն իմ արվեստի մասին»։ Իսկ մեր կյանքում ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Գյումրին այդ տարիներին ամբողջովին հոգսերի մեջ էր. հոսանք, լույս չկար, քաղաքն ավերված էր, բայց մի անասելի նվիրում կար՝ դեպի օրկեստրը, դեպի աշխատանքը։ Այդ սարսափելի օրերին մենք ամենաերջանիկ պահերն ենք ապրել։ Երաժշտությունը մարդկանց համար գեղե-ցիկի օազիս էր դարձել։ Ես զգում էի, որ եթե նրանց կյանքում երաժշտությունը չլիներ, շատերի կյանքը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։
– Կարելի՞ է ասել, որ Կամերային երգչախումբը Հայաստանում ունի իր կայուն լսարանը։
– Իհարկե, ունի, բայց՝ քիչ։ Դա ոչ թե երգչախմբի խնդիրն է, այլ՝ ժողովրդի, որն այսօր շատ քիչ է շփվում ակադեմիական երաժշտության հետ։ Իսկ չի շփվում այն պատճառով, քանի որ ինֆորմացիոն բլոկն է պակաս։ Տեսեք, ինչ է ստացվում. մենք դասական երաժշտություն մեծ մասամբ լսում ենք այն ժամանակ, երբ ողբերգություն ենք ապրում։ Դաժան է, բայց այդպես է։ Այսօր քսան հեռուստաալիքներ կան, բայց միայն մեկը՝ «Շողակաթն» է դասական երաժշտություն ցուցադրում։ Ինձ թվում է, որ ակադեմիական արվեստի թելադրանքը պարտադրված պետք է լինի, և դա պետք է անի պետությունը։ Պարտադրանքներ կան, առանց որոնց կյանքն անհնար է պատկերացնել։ 24-ժամյա եթերում գոնե մեկ ժամ ակադեմիական երաժշտություն պետք է հնչի։ Խորհրդային տարիներին մենք երազում էինք էստրադային կատարումներ լսել, դասական երաժշտությունն այնքան շատ էր, որ մեր երազանքն, ասենք, Ժո Դասենն էր դառնում։ Բայց դասական երաժշտության առատությունը շատ կարևոր բանի էր հանգեցնում. մարդիկ իրենց երեխաներին կրթելու և անպայման նրանց երաժշտական դպրոցներում սովորել տալու որոշում էին կայացնում։ Նույնիսկ եթե երեխան երաժիշտ չի դառնում, նա յոթ տարի սովորում է երաժշտություն լսել ու բոլորովին ուրիշ մարդ է մեծանում, նրա մտածելակերպն է փոխվում, փոխվում են նրա դիտարկումները, նա այլ կերպ է նայում կյանքի դժվարություններին ու այլ կերպ է խոսում դրանց մասին։ Ոչ միայն երաժշտությունը, այլև` արվեստն ընդհանրապես, կրթելու միջոց է։
– Հարցումներ են անցկացվել, և պարզվել է, որ հիմա ծնողները շատ հազվադեպ են իրենց երեխաներին երաժշտական դպրոցներ ուղարկում։ Իսկ դա հետագայում մեծ խնդիր կառաջացնի նաև Կոնսերվատորիայի համար, քանի որ կդադարի երաժիշտների հոսքը։
– Մեր սիմֆոնիկ նվագախմբերն արդեն իսկ այնպիսի երաժշտական գործիքներ ունեն, որոնց կատարողները Կոնսերվատորիայում չկան։ Իսկ այդ գործիքների գոյությունն ուղղակի պարտադիր է նվագախմբերի համար։ Կոնտրաբաս նվագող ուսանողներ չկան, քչանում են նաև փողային գործիքների կատարողները։ Վաղը պարզապես չի լինի, ասենք, ֆագոտը, և օրկեստրը չի կարողանա գոյատևել։ Մենք պետք է ապահովենք երաժիշտների նոր սերնդի գոյությունը։
– Ինչպե՞ս։
– Եթե անընդհատ, կաթիլ առ կաթիլ ջուր է հոսում, անպայման մի լավ փոս է առաջանում։ Եթե երեխային սովորեցնենք որակյալ երաժշտություն լսել, ապա նրա մոտ կծագի լավի հետ շփվելու ցանկությունը։
– Դուք «դասական» երաժշտություն չեք ասում, նախընտրում եք «ակադեմիական» բառը։ Ինչո՞ւ։
– Ժողովուրդը սովոր է ակադեմիական երաժշտությունը դասական անվանել, բայց մենք մոռանում ենք, որ ժամանակակից կոմպոզիտորներ կան, որոնք նույնպես դասական են։ Ինձ համար, օրինակ, Տիգրան Մանսուրյանը միանշանակ դասական է, բայց ժամանակն ու պատմությունը դեռ չեն հասցրել նրան «դասական» կոչման ու հասկացողության մեջ դնել։ Ավելի ճիշտ եմ համարում «ակադեմիական» բառը, որը տեսակավորում է այն երաժշտությունը, որն էստրադա չէ, ժողովրդական չէ, այլ՝ կոմպոզիտորի կողմից հորինված, նոտագրված ստեղծագործություն է։ Պարզ է, որ այդ դասի ստեղծագործությունների կատարումը բարձր որակ, լուրջ կրթություն է պահանջում։ «Ակադեմիական» կոչվածի արժեքը դարերով եկել, հղկվել, մեզ է հասել, մենք էլ ենթարկվել, մտել ենք այդ օրենքների մեջ։
– Ակադեմիական արվեստը պարտադիր հակադրվո՞ւմ է պոպուլյարին։
– Մասսայականության բնույթով ակա-դեմիականն անպայման զիջում է, քանի որ այսօր ողջ աշխարհը լսում, դիտում ու կարդում է ոչ ակադեմիական արվեստ։ Մեր արվեստին շատ քիչ տոկոսային բաժին է մնացել, բայց վերջնական, ամենաբարձր գնահատականը, միևնույն է, ստանում է ամենալավը։ Նույնիսկ «Օսկարի» վերջնական նպատակը մարտաֆիլմին մրցանակ տալը չէ, այլ՝ լուրջ ֆիլմը գնահատելն է։ Ոչ միշտ է դա ստացվում, բայց իրենք ուզում են մրցանակ չտալ հակամարդկային բնույթի ֆիլմին։ Ամեն դեպքում փորձում եմ էմոցիոնալ, ազդեցիկ, խոհափիլիսոփայական, դաստիարակչական ֆիլմերին մրցանակ տալ։ Իհարկե, Հայաստանում ավելի շատ ունկնդիր ունեն էստրադային ու «ռաբիս» երգերը, բայց երկրի դեմքը, միևնույն է, մնում է ակադեմիական արվեստը։ Պոպուլյար երգերը հեշտ են ընկալվում և հետո էլ տնտեսական շահավետություն ունեն։ Հաճախ մտածում են, որ երիտասարդներին պետք չէ ծանրաբեռնել, ավելի լավ է նրանց հեշտ բան տալ, որպեսզի նրանք գան, ուրախանան, գոռգոռան, փողը տան ու գնան։ Ավելի շուտ զարգանում ու հարստանում է հեշտ արվեստը, նա է պոդիումի վրա առաջինը։ Նաև՝ իշխում է հեշտը։ Չեմ ասում՝ չարը, այլ՝ հեշտը։ Էստրադան չար չէ, երգերը երգում են, անցնում-գնում են։
– Ինչո՞ւ այն մարդիկ, ովքեր ներքին հպարտությամբ իրենց սիրած գործն են անում, մեր երկրում հաճախ իրենց ազատ ու լավ չեն զգում։
– Կարծում եմ, դա յուրաքանչյուր պրոֆեսիայի մեջ է նկատվում։ Երկրում ինչ-որ բան շատ լուրջ խախտվել է, և դա մեկ անհատի խնդիր չէ։ Երբ գլոբալ խախտումներ կան, մարդը լավ բան անելով իրեն երբեք լավ չի զգա, որովհետև շատ հնարավոր է, որ իր արած «լավը» որպես սխալ դիտվի։ Ինչպե՞ս նա կարող է իրեն լավ զգալ, երբ իր արածը ո՛չ երկրին, ո՛չ շրջապատին պետք չէ։ Երբ մարդը մրսած է լինում, նա մեղր է ուտում, որպեսզի առողջանա, այդ դեպքում մեղրն օգնում է նրան։ Բայց երբ ոսկորները ծռված հաշմանդամին ասում ես՝ մեղր կե՛ր, նա պատասխանում է՝ ինչո՞ւ պետք է մեղր ուտեմ, ավելի լավ է ոսկորներս ուղղեք։ Եվ այդ իրավիճակում մեղրի բարձր արժեքը նրան պետք չէ։ Մեղրի բուժիչ ազդեցությունը պետք է լինում, երբ բոլորը ազգովի միայն «մրսած» են լինում, իսկ երբ ազգը դեֆորմացված է լինում, նրան մեղր պետք չէ, և մեղր արտադրողն անպետք է իրեն զգում։
– Ուրեմն, մեզ շոկային թերապիա է հարկավոր…
– Անպայման, պետք է ոսկորները ջարդել ու նորից կպցնել։
– Դա արդեն հեղափոխություն է։
– Միգուցե։ Ես քայլ առ քայլ արվող հեղափոխության կողմնակիցն եմ, բայց կարծեմ հեղափոխություններն այդպես չեն արվում։ Ամեն դեպքում, ես դրական շարժ տեսնում եմ։ Այդ դրականը կառավարական, պետական մակարդակի դեռ չի հասել, բայց այն կա։ Ես մի քանի անգամ Մշակույթի նախարարությունում հանդիպումների եմ մասնակցել, և կարող եմ ասել, որ մեր նախարարը միակն է եղել, ով արվեստի մարդկանց կանչել է, խորհուրդներ է հարցրել և, որ ամենակարևորն է` լսել է մեզ։ Նախկինում մեզ կանչում էին «գալոչկայի» համար. ոչ մեկին պետք չէր մեր կարծիքը։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ նախարարը քայլեր է ձեռնարկում։ Ուզում եմ հավատալ, որ դա սկիզբն է։ Իսկ եթե պետության ամենաբարձր պատասխանատվությամբ օժտված դեմքերը ցանկանային գալ համերգների, շփվեին արվեստի մարդկանց հետ, և ժողովուրդը տեսներ դա, իրավիճակը հեղափոխական կլիներ։
– Դա պետք է որպես փոխշահավետ գործարք ներկայացնել, ապացուցել, որ պաշտոնյաների իմիջին դա միայն օգուտ կտա։
– Եթե իրենք խորը մտածեին, կհասկանային, որ դա միայն կբարձրացնի իրենց ռեյտինգը։ Որոշ պաշտոնյաներ կան, ովքեր գալիս են մեր համերգներին, և ոչ միայն գալիս են, այլև՝ լսում են։
– Համաձա՞յն եք, որ հիմա կյանքի ռիթմն այնքան է արագացել, որ մի քանի ժամ համերգ լսելը գրեթե որպես հերոսություն է դիտվում։
– Մենք հիմա այն փուլում ենք գտնվում, որն արևմտյան երկրներն արդեն ապրել են։ Տեմպն արագանում է։ Տեսեք` որքան է արագացել սպորտի տեմպը, բայց դրա հետ մեկտեղ՝ չի կորել որակը։ Ֆուտբոլն, օրինակ, և՛ արագանում է, և՛ բարձրացնում է իր որակը։ 1950-ական թվականների ֆուտբոլիստից այսօրվա ֆուտբոլիստը երկու վայրկյանում գնդակը կարող է խլել։ Արվեստն էլ է շատ արագ ու դինամիկ զարգանում։ Կյանքի, կենցաղի տեմպն արագանում է, և մարդը չի հասցնում իր օրը կարգավորել։ Եվրոպայում այդ խնդիրը գրեթե լուծվել է. մարդը վերադառնում է աշխատանքից, տան գործերն է ավարտում ու երեկոյան, մոտավորապես ժամը ութին, գնում է «ռելաքսի»։ Նրա պատկերացմամբ՝ «ռելաքսը» համերգն է կամ պատկերասրահը։ Այդ հոգեվիճակում նա պատրաստ է չորս ժամ համերգ լսել։ Եվրոպայում համերգների ժամանակ իդեալական լռություն է տիրում։ Դա լսելու ապշեցնող կուլտուրա է, գերմանացիները կամ իտալացիները ոչ թե լսում են, այլ՝ ըմբոշխնում են համերգը, հաճույք են ստանում։ Նրանք կարողացել են տեմպի հակաթույնը գտնել, մենք դա անել դեռ չենք կարողացել: Մենք մտածում ենք` սա էլ հասցնեմ, հետո՝ սա… Բայց կյանքն այդպիսին չէ, աշխատանքն ավարտվեց, և պետք է հանգստանալ: Մարդիկ օրվա ընթացքում շան պես տանջվել են, վազվզել են և հասկացել են, որ նյարդերը հանգստացնել է հարկավոր: Ճապոնիայում, օրինակ, հասել են նրան, որ անկողնու մեջ են սիմֆոնիկ երաժշտություն լսում: Ճապոնացիները փող են տալիս, որպեսզի գնան անկողնու մեջ պառկեն ու երաժշտություն լսեն, ոմանք համերգի ժամանակ քնում են, ոմանք էլ` պառկած լսում են: Շատերը դա բացասական օրինակ են համարում, բայց ես կողմ եմ նման համերգների, քանի որ մարդիկ այդ կերպ են լուծում տեմպին դիմանալու խնդիրը: Նրանք ննջում են, քնում են ու… գերագույն հաճույք են ստանում: Եվ, միևնույն ժամանակ, հասկանում են` թե ո՞րն է որակյալ երաժշտությունը, անորակ երաժշտություն լսելու համար նրանք երբեք փող չեն տա: Իսկ մենք հաճախ անորակին ենք ծափ տալիս և «ձևի» համար ենք համերգներ գնում: Եվ դրանից տանջվում ենք: Ընդ որում` տանջվում ենք և՛ լավ համերգի, և՛ վատ համերգի ժամանակ: Մենք ինքներս մեր մեջ շատ բաներ ունենք կարգավորելու:
– Մարդկային հատկություններից առա-ջինը ո՞րն է կարգավորման ենթակա:
– Մենք չենք ուզում գովել մեկս մյուսին ու խուսափում ենք ուրիշի մասին լավ բաներ ասել: Որքան շատ լավ բաներ ասենք, այնքան ավելի ուժեղ կդարձնենք իրար, թևեր կտանք իրար: Աշխարհի ամենավատ բանն անտարբերությունն է, նույնիսկ մարդասպանն ավելի փոքր հանցանք է գործում, քան անտարբեր մարդը, որը դրանով նույնպես մարդ է «սպանում»:
Նունե Հախվերդյան
«3 Միլիոն»