7 տարածված, բայց շատ հիմար առասպելներ պատվաստման մասին
Advertisement 1000 x 90

7 տարածված, բայց շատ հիմար առասպելներ պատվաստման մասին

«Պատվաստումը կարող է երեխային դարձնել աուտիկ կամ հաշմանդամ։ Պատվաստումը հորինել են դեղագործական ընկերությունները, որոնք ցանկանում են ավելի շատ գումար վաստակել»։ Պատվաստման մասին այս ու մյուս առասպելները հավանաբար բոլորն են լսել։ Հանրային առողջության հարցերով մասնագետ Արսեն Թորոսյանը պսակազերծել է պատվաստման մասին մի քանի տարածված, սակայն ոչ գրագետ ու հիմար առասպելներ։

Առասպել 1․ Պատվաստումը կարող է աուտիզմ առաջացնել

Սա պատվաստման մասին առավել տարածված առասպելն է, սակայն այն, մասնագետի խոսքով, ոչ մի գիտական հիմք չունի։ Աուտիզմի զարգացման պատճառները գիտությանը դեռ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ այն սկսում է զարգանալ դեռ ներարգանդային զարգացման ժամանակ։ Ավելին, 1998-ին անցկացված ու կարմրուկ-խոզուկ – կարմրախտի դեմ պատվաստման եւ աուտիզմի միջեւ կապն իբրեւ ապացուցած հետազոտությունը բավականին թերություններ ուներ ու հետ է կանչվել ամսագրից, որն այն առաջինն էր հրապարակել։ Հետագա հետազոտություններն արդեն որեւէ կապ չեն հայտնաբերել պատվաստման ու աուտիզմի միջեւ։

Առասպել 2․ Պատվաստումը կարող է մարդուն հաշմանդամ դարձնել

Ոչ, չի կարող, վստահեցնում է Արսեն Թորոսյանը։ Չկա թեկուզ մեկ դեպք, երբ պատվաստանյութի ներարկման պատճառով մարդու մոտ զարգանային երկարաժամկետ հետեւանքներ ու առավել եւս հաշմանդամություն։

«Ցույց տվեք թեկուզ մեկ մարդու, որը պատվաստանյութի պատճառով հաշմանդամ է դարձել։ Նման մարդու դուք չեք գտնի»,- ասել է մասնագետը։

Առասպել 3․ Երեխայի իմունիտետը պատրաստ չէ այդքան շատ պատվաստանյութեր ընդունել

Իրականում երեխայի իմունիտետը կարող է «ընդունել» անգամ 10 000 պատվաստանյութ, իսկ երեխան ստանում է ընդամենը 16-18 պատվաստանյութ։ Ըստ առկա գիտական տվյալների՝ մի քանի պատվաստանյութերի միաժամանակյա ներարկումը անբարենպաստ հետեւանքներ չունի երեխայի իմունային համակարգի համար։

Առասպել 4․ Իմունիտետն ավելի լավ է հիվանդության արդյունքում ձեռք բերել, այլ ոչ թե պատվաստման

Համարվում է, որ հիվանդությունից հետո առաջացած իմունիտետն ավելի ամուր է, քան այն, որը պատվաստման արդյունքում է առաջանում։ Բայց, ինչպես Արսեն Թորոսյանը նշեց, չարժե մոռանալ, որ բնական իմունիտետի ձեռքբերումն այնքան էլ անվտանգ չէ, որքան շատերին է թվում․ օրինակ՝ կարմրուկից մահանում է 500 հիվանդից մեկը։ Համեմատության համար ասենք, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի հանդեպ ալերգիկ ռեակցիա հանդիպում է մեկ միլիոն հիվանդից միայն մեկի մոտ։

Առասպել 5․ Պատվաստումը դեղագործական ընկերությունների դավադրությունն է

Ըստ եւս մեկ հիմար առասպելի՝ պատվաստումը առաջ են մղում դեղագործական ընկերությունները, որոնք ցանկանում են դրա հաշվին գումար վաստակել։ Մասնագետը հավաստիացնում է, որ դեղագործական ընկերություններին ավելի ձեռնտու է, եթե մարդիկ հիվանդանան․ այդ դեպքում նրանք կկարողանան թանկարժեք դեղորայք վաճառել այդ հիվանդությունների բուժման համար ու դրա հաշվին արտադրողներն ավելի մեծ գումարներ կվաստակեն, քան պատվաստանյութերի վաճառքի հաշվին։

Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ-ում կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժե 100 դոլար, իսկ կարմրուկով մեկ հիվանդի բուժումը 10 000 դոլար։

Առասպել 6 ․ Թող ուրիշներն իրենց երեխաներին պատվաստեն, իսկ իմ երեխան չպատվաստված կմնա

Հավաքական իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի պոպուլյացիայի 95 տոկոսը պատվաստված լինի։ Մնացած 5 տոկոսն այն երեխաներն են, որոնց բժշկական պատճառներով հակացուցված է պատվաստվելը (օրինակ բնածին իմունային դեֆիցիտով երեխաները)։ Եթե մնացած 95 տոկոս երեխաները պատվաստված են, դա կապահովի պաշտպանության պատշաճ մակարդակ ոչ միայն նրանց, այլեւ չպաստվաստված 5 տոկոսի համար։ Եթե ծնողները հրաժարվեն առողջ երեխաների պատվաստումից, որոնք որեւէ հակացուցում չունեն, դա կխախտի իմունիզացիայի «ծածկույթը» ու կվտանգի ոչ միայն այդ՝ այլեւ մյուս երեխաներին։

Առասպել 7․ Պատվաստումն առողջ երեխային վարակում է վիրուսներով

Այս առասպելի պատճառը, մասնագետի խոսքով, գրագետ տեղեկատվության պակասն է այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում պատվաստանյութերը ու ինչպես են դրանք աշխատում։ Պատվաստանյութը, հակառակ առասպելներին, ամենեւին էլ մարդուն չի վարակում վիրուսով, այն առհասարակ չի պարունակում վիրուս՝ որպես այդպիսին։ Պատվաստանյութերի մեծ մասը պարունակում է ընդամենը մի քանի սպիտակուց, որոնք վերցված են վիրուսի պատյանի մակերեսից՝ դրանք ինքնին չեն կարող առաջացնել հիվանդություն, բայց օրգանիզմը ճանաչում է դրանք ու սովորում է դրանց դեմ պայքարել, ինչն օգնում է կանխել հետագա վարակումը։

Թուլացած վիրուսներ պարունակում էր միայն պոլեոմիելիթի խմելու պատվաստանյութը, բայց այն, մասնագետի խոսքով, հիմա փոխարինում են ուրիշ պատվաստանյութով։

med.news.am