Մի ամբողջ սերնդի մանկության մասին պատմող «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանությունը նոյեմբերի 11-ին հանձնվեց ընթերցասերների դատին: Երևանի պետական կամերային թատրոնում կայացած գրքի շնորհանդեսին ասեղ գցելու տեղ չկար: Բոլորը եկել էին տեղում գնելու գիրքը` հեղինակի մակագրությամբ: Գրքի հեղինակը` Նարինե Աբգարյանը, նշեց, որ այն 0-ից 100 տարեկան երեխաների համար է նախատեսված:
«Սա մեր մանկության մասին պատմող գիրք է, մեր ինքնության մասին պատմող ստեղծագործություն: Երբ այլ ազգի ներկայացուցիչները այն կարդում են, սիրում են և որպես զբոսաշրջիկ գալիս են Հայաստան, դա ինձ համար մեծ հաճոյախոսություն է, և ես ուրախ եմ, որ այդ ձևով կարողանում եմ օգնել իմ հայրենիքին»,- ասաց նա:
Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով:
«Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում և Ղազախստանից, և Լատվիայից, և Ուկրաինայից և մյուս հետխորհրդային երկրներից, և բոլոր գրողներն ասում են այն մասին, որ դա հայկական գիրք չէ, դա մեր մանկության մասին գիրք է:Մենք ունեցել ենք անցյալ և դա մեզ բոլորիս կապում է»,- ասաց նա:
Նարինե Աբգարյանի խոսքով`գիրքը բավականին ծիծաղաշարժ դրվագներ է պարունակում: «Այն մեր ծնողների մասին, է մեր մասին է: Այնտեղ այնպիսի պատմություններ կան, որոնցով բոլորն էլ անցել են: Բոլորն էլ իրենց կամքին դեմ երաժշտական դպրոց են հաճախել, անընդհատ զավեշտալի պատմությունների մեջ են ընկել »,-ասաց նա:
«Մանյունյա»-ն պատմություն է Բերդում ծնված երկու ընկերուհիների` Նարինեի և Մանյունյայի, խիստ ու բարի Տայի` Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին:
Գրքի հեղինակը և թարգմանիչը ևս սահմանամերձ Բերդից են: Գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի երեխաներին:
Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը: