Սոլյարին մարդու առողջությանը նույնիսկ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ծխելը, պնդում են Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները: Նրանք պարզել են, որ սոլյարիների առաջացրած մաշկի քաղցկեղային հիվանդությունների թիվը գերազանցում է ծխելու հետ ասոցացվող թոքերի քաղցկեղի դեպքերի թվին:
«Մենք գիտեինք, որ սոլյարիներում արևահարվելը կապված է մաշկի քաղցկեղի հետ: Սակայն կոնկրետ թվերն անհայտ էին: Մեր հետազոտությամբ մենք ցանկացել ենք պարզել, թե Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում պոպուլյացիաների առողջության վրա որքանով է տարածված սոլյարիների բացասական ազդեցությունը»,- նշել է հետազոտության հեղինակ, նշված համալսարանի մաշկաբան դոկտոր Էլենի Լայնոսը:
Վերջին տարիներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան կտրականապես դեմ են սոլյարիներում արևայրուք ստանալուն: ԱՀԿ-ն սոլյարիները համարում է բարձր մակարդակի քաղցկեղածին վտանգ և պնդում է, որ դրանք առողջությանը նույնպիսի սպառնալիք են ներկայացնում, ինչպիսին ծխելը: ԱՀԿ աշխատանքային խումբը հայտնաբերել է, որ մինչև 30 տարեկանը սոլյարիներում հաճախակի արևահարված մարդիկ 75 տոկոսով ավելի շատ են հակված մելանոմայի առաջացմանը, որը մաշկի քաղցկեղի ամենամահաբեր ձևն է:
Նոր հետազոտության շրջանակում Սան Ֆրանցիսկոյից գիտնականները միավորել են 1986 թվականից 2012 թվականն ընկած ժամակահատվածում 88 նախկին հետազոտությունների շրջանակում ստացած տվյալները: Այն ներառում է գրեթե 500 հազար մարդու վերաբերյալ բժշկական գրառումները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Արևելյան ու Արևմտյան Եվրոպայի 14 երկրներում: Այս տեղեկությունների համաձայն՝ ուսանողների մոտ 55 տոկոսը և մեծահասակների 36 տոկոսը սոլյարիում ինչ-որ ժամանակ արևահարվել է: Տարիքային բոլոր խմբերում սոլյարի հաճախողների գերակշիռ մեծամասնությունը կանայք են եղել:
Տվյալների մշակումից հետո գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տարեկան բազալ և տափակ բջջային կարցինոմայի առնվազն 419 հազար դեպք և մելանոմայի գրեթե 11 հազար դեպք առաջացել են արևայրուքի հետևանքով, որը հիվանդներն անցյալում ստացել են սոլյարիում: Համեմատության համար՝ նույն երկրներում, որոնք ընդգրկված էին հետազոտության մեջ, տարեկան թոքերի քաղցկեղի միայն մոտ 363 հազար դեպք են կապում ծխելու հետ:
Փորձագետների կարծիքով՝ այս տվյալները միանգամայն բավարար են, որպեսզի օրենսդրական մակարդակով լիովին արգելվի սոլյարիներից օգտվելը: ԱՄՆ-ում այս ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում. ներկայումս 33 նահանգներում և Կոլումբիայի շրջանում օրենսդրությունն արգելում է անչափահասներին սոլյարի հաճախել: Սակայն գիտնականները պնդում են, որ արժեր այս արգելքը տարածել բոլոր երկրներում մյուս տարիքային խմբերի քաղաքացիների վրա ևս:
«Ժամանակն է, որ բացարձակապես բոլորը հասկանան՝ սոլյարին թիվ մեկ քաղցկեղածինն է: Ցավոք, այս տեղեկությունը դեռևս այնքան լայնորեն տարածված չէ, որպեսզի սոլյարիում գեղեցիկ արևայրուք ստանալ որոշած յուրաքանչյուրը հստակ գիտակցի, որ դա մահացու վտանգավոր է»,- եզրակացրել են հետազոտողները:
med.news.am