
Ամերիկացի գիտնականները, ելույթ ունենալով Ամերիկյան երկրաբանական ընկերության ամենամյա հանդիպմանը, պատմել են 2018 թվականին հուժկու երկրաշարժերի քանակի ավելացման սպառնալիքի մասին, տեղեկացնում է The Guardian-ը:
Մասնագետները նշում են, որ սեյսմիկ ակտիվության սաստկացում տեղի կունենա Երկրի պտույտի արագության նվազման պատճառով, սակայն նման փոխադարձ կապի ստույգ պատճառն իրենք նշել չեն կարող: Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի և Մոնտանայի համալսարանի հետազոտողներն այս եզրակացությանն են հանգել XX դարում երկրաշարժերի ուսումնասիրումից հետո:
Փորձագետները պարզել են, որ մոլորակի պտույտի դանդաղման շրջանում հուժկու երկրաշարժերի թիվը գրեթե կրկնակի ավելացել է:
Գիտնականները հայտարարել են, որ հաջորդ տարի կարող են տեղի ունենալ շուրջ 20 երկրաշարժ՝ 7-ից բարձր մագնիտուդով: Նրանց կանխատեսումներով՝ ամենից շատ կտուժեն մոլորակի արևադարձային խտաբնակ տարածաշրջանները, որոնցում բնակվում է շուրջ մեկ միլիարդ մարդ: