Պատճառներից մեկը էպիզոդիկ սեռական կյանքով ապրելն է
Advertisement 1000 x 90

Պատճառներից մեկը էպիզոդիկ սեռական կյանքով ապրելն է

32 տարեկան եմ երկու անգամ եմ զբաղվել սեքսով: Մինչ հեշտոց մտցնելը «հանգստացել» եմ: Արդյոք կա վտանգ:
Արման

ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ, բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ

Տղամարդու սեռական ակտի հիմնական բաղադրիչները չորսն են` սեռական ցանկություն, էրեկցիայի առկայություն, էյակուլյացիա (սերմնաժայթքում) և հեշտանք: Այս բաղադրիչների խանգարումները տղամարդկանց մոտ կարող են լինել և առանձին-առանձին, և համակցված: Շատ դեպքերում էլ խանգարվում են սեռական ակտի բոլոր բաղադրիչները: Օրինակ` ծանր շաքարախտի ժամանակ էրեկցիայի խանգարում է լինում, ինչը կարող է կապված լինել անոթային խանգարումների հետ, քանի որ անոթներն են նեղանում. խանգարվում է նյարդային հաղորդականությունը, որը ազդում է և էրեկցիայի, և էյակուլյացիայի վրա: Լինում են նաև հորմոնալ խախտումներ, որոնք ևս բացասաբար են ազդում սեռական ցանկության վրա: Մեկ բաղադրիչի խանգարումը ավելի հեշտ է վերականգնել, քան մի քանիսինը: Եթե հարցը վերաբերում է էյակուլյացիայի խանգարմանը, հարգարժան նամակագիր, ապա այն ունի հատուկ դասակարգում: Շատ հեղինակներ ժամանակի տեսակետից ելնելով` յուրովի են դասակարգել: Օրինակ` ըստ Գ.Ս. Վասիլչենկոյի դասակարգման, եթե սեռական անդամի 25 շարժումներից հետո է առաջանում էյակուլյացիան, դա կարելի է համարել նորմալ: Սրանից արագ սերմնաժայթքումը  կկոչվի վաղաժամ (ejaculatio praecox): Կա նաև ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda), կա անէյակուլյատոր համախտանիշ, որի ժամանակ ընդհանրապես էյակուլյացիա տեղի չի ունենում. գոյություն ունի նաև ռետրոգրադ էյակուլյացիա, որի ժամանակ սերմնահեղուկը դուրս չի գալիս միզուկից, այլ հետ է գնում դեպի միզապարկ:

Սերմնաժայթքման խանգարման տեսակներից է նաև, այսպես կոչված, նախադռնային սերմնաժայթքում (ejaculatio ante portas), որի դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև առնանդամի ներհրումը հեշտոց: Այս պաթոլոգիան հիմնականում հանդիպում է անփորձ տղամարդկանց մոտ, այն տղամարդկանց, ովքեր էպիզոդիկ սեռական կյանքով են ապրում  (ամիսը մեկ կամ տարին մի քանի անգամ): Այս դեպքում կարող է առաջանալ նման խնդիր հենց առաջին սեռական ակտի ժամանակ: Իսկ երկրորդ-երրորդ սեքսուալ էքսցեսների ժամանակ կարող է առաջանալ` վաղաժամ սերմնաժայթքում (ejaculatio praecox)  (ներհրումից հետո): Եթե այդ տղամարդիկ ի վիճակի են երրորդ-չորրորդ փորձը ունենալու, հնարավոր է որ ինչ-որ չափով սերմնաժայթքումը կատարվի ժամանակին: Նույն զուգընկերուհու հետ ակտիվ սեռական կյանք ունենալու պարագայում չի բացառվում, որ խնդիրը լուծվի առանց բժշկական միջամտության:

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել նաև բորբոքային պրոցեսների, հիմնականում շագանակագեղձի խրոնիկ բորբոքման (պրոստատիտ) հետևանքով, ինչպես նաև սեռավարակների և, այսպես կոչված, «վուլգար» ոչ սպեցիֆիկ ինֆեկցիաների պատճառով, նաև կոնքի օրգանների կանգային պրոցեսների հետևանքով:

Կան տղամարդիկ, ովքեր հաճախ շփվում են կանանց, աղջիկների հետ, բայց սեռական կապ չեն ունենում: Այս վիճակն անվանում են պետտինգ, այսինքն` հպումը, որի ընթացքում կարող է լինել սերմնաժայթքում` առանց սեռական ակտի:

Նշենք նաև, որ եթե հիվանդի մոտ առկա են ինֆեկցիաներ, ապա պետք է պարտադիր բուժում անցկացնեն: Սեռական խանգարումներ կարող են լինել արյան շրջանառության խանգարումների հետևանքով, ինչպես նաև` խանգարումներ կարող են առաջանալ ուռուցքային պրոցեսներից: Շատ մեծ նշանակություն ունի նաև, թե ինչպես է անցկացվում սեռական ակտի տեխնիկան: Եթե շատ երկար է լինում սիրախաղը, չի բացառվում էյակուլյացիա մինչև ներհրումը (ejaculatio ante portas): Հարկ է կարգավորել սեռական ակտի տեխնիկան, ինչը հիմնականում երիտասարդները չգիտեն: Խորհուրդ եմ տալիս նման խանգարման դեպքում պարտադիր բժշկական զննում անցնել: Առաջնահերթ պարզել` կա՞ն բորբոքային պրոցեսներ, թե՞ ոչ:

Գերսիրախաղի սիրահար տղամարդկանց խորհուրդ ենք տալիս նվազեցնել սիրախաղը ժամանակի տեսակետից: Շատ մեծ նշանակություն ունի, թե ով է զուգընկերուհին, դիրքը, տեղը, ակտիվությունը: Լավ կլիներ, որ կանայք և աղջիկներն էլ հաշվի առնեին անկողնում սեռական վարքը:

 

sexology.am