Մաքուր սպիրտով լցված դոնդողանման իմպլանտը կարող է քաղցկեղի դեմ արդյունավետ միջոց լինել: Դյուկի համալսարանում մշակված գելանման իմպլանտը ներդրվում է ուռուցքի հենց կենտրոնում, որտեղ այն սկսում է դանդաղ բաց թողնել սպիրտը: Քաղցկեղի բջիջների հետ շփման ժամանակ սպիրտը ոչնչացնում է դրանք՝ ազդելով կարևոր սպիտակուցների վրա, որոնք անհրաժեշտ են բջիջներին բազմանալու համար:
Գիտությանը վաղուց հայտնի է, որ քաղցկեղը մաքուր սպիրտից վախենում է: Սակայն խնդիրն այն է, որ սպիրտը վտանգավոր է նաև առողջ բջիջների համար: Գիտնականների կողմից ստեղծված իմպլանտը կարող է խնդրի լուծում լինել, քանի որ այն սպիրտը բաց է թողնում աստիճանաբար և միայն ուռուցքի մեջ:
Գիտնականները միացրել են սպիրտը էթիլցելյուլոզայի հետ (ստացվում է փայտի ցելյուլոզայից կամ բամբակից, լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, որպես խտացուցիչ և դեղամիջոցների պատյան): Արդյունքում ստացվել է դոնդողանման նյութ, որը մարմնի ներսում թաց միջավայրի հետ շփումից սկսում է աստիճանաբար լուծվել և բաց թողնել սպիրտը: Դա տեղի է ունենում մոտավորապես մեկ շաբաթում:
Բերանի խոռոչում ուռուցք ունեցող 7 մկների հետ փորձը ցույց է տվել, որ դոնդողանման գելի ներդնումից 7 օր հետո 4 մկների մոտ ուռուցքներն ամբողջությամբ անհայտացել են: Գիտնականների խոսքով՝ իրենց համակարգը հարմար կլինի նաև քաղցկեղի այլ տեսակների բուժման համար՝ ներառյալ կրծքի քաղցկեղը: Նրանք նաև ցանկանում են փորձարկել իմպլանտը արգանդի պարանոցի նախաքաղցկեղային գոյացությունների վրա: Սակայն նոր մեթոդը մարդկանց վրա դեռ չեն փորձել:
Կարևոր է, որ գելի արտադրությունը բավականին մատչելի է:
med.news.am