Ծնողներից շատերին անհանգստացնում է այն հարցը, որ իրենց երեխաները չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց: Նման խնդիրներ կարող են առաջանալ խաղահրապարակում, մանկապարտեզում, դպրոցում և այլ հասարակական վայրերում, որտեղ կան հասակակից երեխաների խմբեր և որոշակի գործունեություն, որը հավաքագրել է նրանց նույն վայրում: Երեխայի վարքային տեսակը՝ իշխող, ագրեսիվ, նահանջող, հանդուրժող, անտարբեր, հիմնականում հանդիսանում է թե նրա անձնային առանձնահատկությունների, թե ընտանեկան դաստիարակության հետևանք: Այնուհանդերձ, մինչ անդրադառնալն ինքնապաշտպանության մեխանիզմների թվարկմանը, նախ հասկանանք՝ ինչո՞ւ է երեխան անպաշտպան:
Հոգեբանական տեսանկյունից երեխան կարող է լինել անպաշտպան, եթե.
- Մինչև երեք տարեկան երեխան զերծ է պահվել ինչպես՝ իրական, այնպես էլ՝ ենթադրելի վտանգներից: Այդ պատճառով, պայքարելու փոխարեն՝ երեխան թաքնվում է «ստվերում»:
- Երեխան մեծացել է առանց հոր, կամ հոր և շատ տագնապային մոր հետ, ով ամեն գնով ցանկացել է պաշտպանել երեխային բախումներից և ագրեսիվ երեխաներից:
- Մայրը շատ ակտիվ և նպատակասլաց անձնավորություն է, և նա փորձում է ամեն բան որոշել երեխայի փոխարեն՝ լինելով անհամբեր և մտածելով, որ նա ավելի լավ գիտի՝ ինչպես վարվել:
- Երեխան երբեք ականատես չի եղել ծնողների վեճին և պատրաստ չէ ընդունել, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ:
- Ծնողները միանգամից լուծում են տվել առաջացած խնդիրներին՝ թույլ չտալով երեխային պայքարել իր առաջ քաշած պահանջի համար:
- Երեխային փոքր հասակից թույլ չեն տվել պատասխանել իրեն ուղղված գործողություններին, և երեխան ուղղակիորեն չգիտի՝ ինչպես դա անել:
- Երեխայի համար կարևոր է մնալ «լավը», քանի որ, եթե լռում ես, ապա լավն ես, եթե կռվում ես՝ վատն ես: Ընտանիքից եկող կարծրատիպ:
Սովորեցնում ենք երեխային պաշտպանվել.
- Շատ հաճախ պարտադիր պայման չէ՝ միանգամից որևէ իրավիճակի լուծում տալ: Եթե երեխայի խաղալիքը վերցրել են, խաղացել և վերադարձրել, ապա նրան պետք է ասել, որ դրանում վատ բան չկա: Իսկ եթե ուժով խլել են, և ձեր երեխան պատասխան կերպով վերցրել է, պետք չէ նրան սաստել, միգուցե նա ավելի լավ գիտի՝ այդ պահին ինչպես վարվել:
- Երեխային պետք է ներքին ուժ և ինքնավստահություն ներշնչել: Նրա ուշադրությունը սևեռեք դիմացինին օգնելու և ընկերներ ձեռք բերելու ուղղությամբ: Սովորեցրեք թույլերին օգնել, վատ արտահայտություն անող երեխաներին պատասխանել և ասել, որ նման վարք չեն դրսևորում:
- Սովորեցրեք երեխային շփվողականություն, որպեսզի ամեն նոր միջավայում նա կարողանա ծանոթություններ ստեղծել: Նա պաշտպանված կզգա իր հասակակիցների մոտ, եթե զգա, որ շատ ընկերներ ունի:
- Անպայման ներշնչեք երեխային սատար լինելու ձեր պատրաստակամությունը: Նա պետք է միշտ հասկանա, որ կարող է հույս դնել ձեր աջակցման վրա: Երբեք մի անվանարկեք երեխային, քանի որ իրավիճակը կանցնի, սակայն խոսքերը կհիշվեն փոքրիկի կողմից: Բնականաբար, երեխան շրջապատում իրեն անվստահ կզգա, քանի որ տանը չունի ընդունվածության զգացողություն:
- Հնարավոր է, որ երեխան սիրով կիսվի իր խաղալիքներով: Ծնողի մոտ մտահոգություն է առաջանում, որ նա չի կարողանում պաշտպանել ինքն իրեն: Իրականում դա նշանակում է, որ նա դեռ չի հանդիպել բացասական իրավիճակի և բոլորին ընկալում է՝ որպես բարի և լավը: Անհրաժեշտ է հակառակ կողմն էլ ցույց տալ երեխային, սակայն՝ առանց ծայրահեղությունների: Որքան տեղեկացած լինի, այնքան լավ կպաշտպանվի:
- Սովորեցեք երեխային ընդունել սխալ քայլը և ներողություն խնդրել, քանի որ, եթե երեխան չկարողանա ընդունել իր մեղքը և մտածի, որ ամեն ինչում ճիշտ է, ապա չի կարողանա պաշտպանել ինքն իրեն: Նա կարող է չնկատել, թե ինչպես է իր ամեն ինչում ճիշտ լինելու դիրքորոշմամբ հրահրում դիմացինին ագրեսիվ վարքի:
- Ամենակարևոր հմտություններից մեկն էլ, դա ՈՉ ասելն է: Երեխան պետք է սովորի ասել՝ ոչ, քանի որ, անընդհատ ալտրուիստական վարք դրսևորելով, նրանից կխլեն ամեն բան, և նա իրեն կզգա անպաշտպան:
Խորհուրդներ ծնողներին
- Ականատես լինելով, որ երեխան չի կարողանում պաշտպանել ինքն իրեն, միջամտեք և ընդհանուր մի խաղ կազմակերպեք, որպեսզի բոլորը միավորված նույն գործողությունը կատարեն՝ դրանով իսկ կհարթեք իրավիճակը և կհամախմբեք երեխաներին:
- Սովորեցրեք, թե որքան կարևոր է հակահարված տալ խոսքով: Ըստ էության, մեկ արտահայտությունը բավական է, որպեսզի կռվարարին հանդարտեցնեք: Օրինակ. «Իմ ընկերներից ոչ ոք իրեն վատ չի պահում», կամ «Եթե դու շարունակես քեզ այդպես պահել, ես քեզ հետ չեմ խաղա»:
- Եթե երեխային սովորեցնում ենք հակահարված տալ խոսքով, դա չի նշանակում, որ դրանից հետո նա պետք է շատ ավելի վատ քայլեր կատարի: Ամենածայրահեղ դեպքում, նա կարող է կճմթել իրեն նեղացնողի ձեռքը՝ ցույց տալով իր ներքին ուժը, բայց ոչ ավելին:
- Ինքնապաշտպանումը դպրոցում ավելի հեշտ է, քան մանկապարտեզում: Այնտեղ երեխաներն ավելի մեծ են և ընկերության կանոններն ավելի լավ են հասկանում: Ամենապարզ քայլը, որ կարող է արդյունավետ լինել, նեղացնող երեխային տանել մի կողմ և շատ հստակ ձայնով ասել, որ իր հետ նման կերպ պետք չէ վարվել:
Երեխան չի կարող ինքն իրեն պաշտպանել միայն այն դեպքում, եթե այդ ամենին նրան տանը չեն սովորեցրել: Երեխայի մեջ ներքին ուժ դաստիարակեք ամենավաղ տարիքից, և այդ դեպքում դուք կմեծացնեք ամուր բնավորությամբ արդարամիտ մարդու:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան