Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին Հայաստանում աշխատող գրադարանավարների համար «Գրացուցակավորման ժամանակակից միտումները» թեմայով վարպետության դաս անցկացրեց: Դասը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Գրացուցակավորման ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Մշակվել է նախկինում գոյություն ունեցող տարբեր մոդելների վերանայված և կարծես թե ավելի ամբողջականացված տարբերակը, որը շուտով հասանելի կլինի ինչպես գրադարաններին, այնպես էլ դրանց հետ համագործակցող տարբեր մարմիններին»,-ի հաղորդմամբ` նշեց Տեդեսկին:
Նոր մոդելը գրադարանային ոլորտի մասնագետներին համագործակցելու հնարավորություն կտա: «Գրադարանավարներին հիմնականում հետաքրքրում է, թե ինչպես կարելի է այս կամ այն գործը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին, ձեռագրագետներին հետաքրքրում են գործի բիբլիոգրաֆիկ ակունքները և այլն: Այս մոդելը կարող է օգնել բոլորին և մասնագետների համար երկխոսության հարթակ դառնալ»,-շեշտեց նա:
Չնայած այն բավականին նոր է` նրանով մի շարք կազմակերպություններ են հետաքրքրված:
Մինչ դասախոսությունը սկսելը Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին շրջել էր թանգարանում, ծանոթացել Կոմիտասի թանգարանում գործող Երաժշտական գրադարանին: «Կարծում եմ` այն աշխարհում բացառիկ է, հրաշալի: Հուսամ, որ այն ավելի հայտնի կդառնա, և դրա ռեսուրսները լայնորեն կօգտագործվեն»,-ասաց Տեդեսկին:
Միջոցառումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ: