«Բուկինիստ» գրախանութների ցանցը դեկտեմբերի 1-ին նշում է հիմնադրման 85-ամյակը: Նույն օրը նաև գրախանութի ծննդյան օրն է: «Արմենպրես»–ի թղթակիցը հոբելյանական օրվա առթիվ զրուցել է «Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
-Պարոն Վարդանյան, «Բուկինիստը» երկար տարիների պատմություն ունի, դժվարին տարիներին ինչպե՞ս է կարողացել ոչ միայն գոյատևել, այլ նաև զարգանալ, աճել:
-Դժվարին տարիները ժողովուրդն արժանապատիվ կերպով անցավ, մենք ևս, մեր կոչմանը հավատարիմ մնալով, պահեցինք եղածը՝ գիրքը, գրախանութը: Մենք ոչ միայն պահեցինք այն, այլ նաև զարգացրինք:
-Այդ տարիներին ի՞նչ դժվարություններ կային «Բուկինիստ»-ի համար:
-Երբ երկիրն անկախացել էր, խզվել էին բոլոր կապերը: Ողջ գրահրատարակչական արդյունաբերությունը «վախճանվել էր»: «Բուկինիստ»-ը մասնագիտացված հնագրավաճառքի գրախանութ էր, մենք ժողովրդից գնում էինք, այսպես ասած, օգտագործված գրքեր և վաճառում: Սակայն այդ ժամանակ այս գրքերի պահանջարկը նվազեց: Եկավ նոր հասարակարգ նոր գաղափարախոսությամբ և մոտեցումներով: Նոր գրականության պահանջարկ առաջացավ: Եվ ես որոշեցի այդ գրականությունը ներմուծել Հայաստան, որը հաջող կերպով իրականացնում եմ նաև այժմ:
-Ներկայում ո՞ր երկրների հրատարակչությունների հետ եք աշխատում:
– Ունենք գրականություն գիտելիքի բոլոր բնագավառներից: Աշխատում ենք ռուսալեզու շուկայի գրեթե բոլոր մեծ հրատարակչությունների հետ: Այսինքն՝ ձեռք ենք բերում ԱՊՀ երկրներում հրատարակված գրքերը: Գրքեր ունենք նաև անգլալեզու մեծ հրատարակչություններից, որոնք գործում են աշխարհի տարբեր վայրերում: Տպագրում ենք նաև գրքեր մեր «Բուկինիստ» հրատարակչությամբ:
-Լինելով գործարար մարդ՝ ինչու՞ ընտրեցինք այս ոչ այնքան շահութաբեր բիզնեսը:
-Գրախանութի տնօրեն եմ ընդունվել 22-23 տարեկան հասակում: Սկզբում մտածում էի՝ կդիմանամ մի երկու տարի, որից հետո կշարունակեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Իհարկե, երիտասարդ տարիքում բոլորն էլ ուզում են հարստանալ, բայց տարիների ընթացքում հասկացա, որ սա շատ եկամտաբեր բիզնես չէ, և սրանով երբեք ֆինանսապես չեմ հարստանալու: Ես շատ այլ ուրիշ արժեքներով հարստացա: Երևի, այն եզակի մարդկանցից եմ, ովքեր ողջ կյանքում իրենց սիրելի գործով են զբաղվում: Կար ժամանակ, երբ գիրքը շատերի համար այնքան էլ արժեքավոր չէր: Մտածում էի ուրիշ բիզնես հիմնելու մասին, սակայն կայացրեցի որոշում, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Սա էլ իմ գործն էր: Կատարածս աշխատանքի ամենամեծ արդյունքը տեսնում եմ գրքասերների աչքերում:
-Մայրաքաղաքում ունեք արդեն 13 մասնաճյուղ, նախատեսու՞մ եք արդյոք մասնաճյուղեր բացել նաև մարզերում:
-Մենք առայժմ Երևանում ենք բացում մեր գրախանութները: Վերջինի բացումը եղավ մի քանի օր առաջ: Եվ, իհարկե, սա վերջինը չէ: Մարզերի համար ունենք երկու մեծածախ գրախանութ, որտեղից բոլոր մարզերի գրախանութներին վաճառում ենք գրքեր նույն գնով, ինչ հրատարակչությունները:
-Պարոն Վարդանյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ մարդիկ ներկայում գիրք շատ չեն կարդում:
-Ոչ, դա կարծրատիպ է, որն արդեն կոտրվել է: Եղել է այդպիսի ժամանակահատված, սակայն հատկապես վերջին երեք տարում գրքի հանդեպ պահանջարկն աճել է: Դրա մասին է վկայում վաճառքի ծավալի աճը: Պատճառները տարբեր են: Մարդն իր ինտելեկտուալ պահանջներին տրվում է, երբ ամեն ինչ նորմալ է, երբ կենսական պահանջները բավարարված են, երբ երկրում խաղաղություն է: Քաղաքական իրավիճակի սրման դեպքում մարդկանց ոչինչ չի հետաքրքրում:
-Այն տարիներին, երբ նոր էիք սկսել ղեկավարել «Բուկինիստ»-ը, ի՞նչ էիք նկատում՝ մարդկանց ինչ բովանդակությամբ գրքեր էին հետաքրքրում, և հիմա որոնք են հետաքրքրում:
-Տարբերությունը ծավալի մեջ է: Խորհրդային վերջին տարիներին գիրք գնողներն ավելի շատ էին: Թեև հիմա էլ պահանջարկն աճում է: Բովանդակային առումով համեմատություն չի կարելի կատարել խորհրդային տարիների հետ: Գրքասերների համար ներկայում ամեն տեսակի գիրք կա, գրաքննություն գոյություն չունի: Բարձրացել է գրահրատարակչական որակը, սկսել են ավելի լավ ուսումնասիրել պահանջարկը և տպագրել ավելի լավ գրքեր: Հայաստանում հրատարակված գիրքն այսօր առանց ամաչելու կարող ենք ներկայացնել ցանկացած միջազգային ցուցահանդեսում:
-Նշեցիք, որ ինքներդ ևս լույս եք ընծայում գրքեր, մոտակա ժամանակներում ի՞նչ նոր գիրք է նախատեսում լույս ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
-Շուտով Արտակ Մովսիսյանի հեղինակությամբ կհրատարակենք անգլիական մի շարք՝ 15 մանկական գիրք, որը կոչվում է «100 փաստ»:
Արդեն ունենք պայմանավորվածություն, որ մատենաշարում պետք է ներկայացված լինի նաև Հայաստանը: Գրքի մշակման համար աշխատել են հոգեբաններ, մանկավարժներ, որպեսզի գիրքը խոր ազդեցություն ունենա: Հրատարակելու ենք 5000 տպաքանակով: Հույս ունեմ, որ վաճառքի ընթացքում այն կկրկնապատկվի: Հետո այն թարգմանելու ենք ռուսերեն, անգլերեն, բաժանելու ենք սփյուռքում, որպեսզի մարդիկ կարդան, ճանաչեն իրենց հայրենիքը:
-Հոբելյանական տարվա առթիվ միջոցառումներ սպասվու՞մ են:
– Որքան շատ լինեն գրքին վերաբերող միջոցառումները, այնքան կշահեն ընթերցողը, հեղինակը և հրատարակիչը: Շուտով սկսում ենք մրցանակաբաշխություն, որը դարձնելու ենք ամենամյա: Սահմանել ենք անվանակարգեր՝ 3 բեսթսելեր՝ մանկական, գեղարվեստական և ոչ գեղարվեստական: Սահմանել ենք նաև «Գիրք քարոզող լավագույն լրատվամիջոց» և «Գիրք քարոզող լավագույն կազմակերպություն» անվանակարգեր: