Ետ նայելով իմ կյանքին՝ ես հասկացա, որ իմ վատագույն թշնամին կատարելության ձգտելն էր: Ես դաստիարակվել էի մեծ սպասումների պայմաններում և դպրոցում ամեն օր զգացել, որ մրցում եմ ու պայքարում այն բանի համար, որ դասարանում լավագույնը լինեմ:
10 տարեկան հասակում ես հավատում էի, որ հիմար եմ՝ միայն նրա համար, որ իմ ուղեղը հրաժարվում էր հասկանալ մաթեմատիկան ու ֆիզիկան: Ես լավ գլուխ էի հանում գրականությունից, նկարչությունից և օտար լեզուներից, բայց դա ինչ-որ արտակարգ բան չէր դիտվում արևելաեվրոպական այն մշակույթի մեջ, որում ես դաստիարակվել ու ձևավորվել էի:
Քիչ ավելի ուշ, հասուն կին դառնալով, ես համարում էի, որ բավականաչափ լավ տեսք չունեմ, այնքան էլ գեղեցիկ չեմ, խելացի ու հաջողակ: Ես զգում էի, որ արժանի չեմ հիանալի տղամարդու սիրուն, որ իմ հմտություններն ու տաղանդը բավարար չեն բարձր աշխատավարձ ունենալու համար, և, որ ես ինձնից մեծ բան չեմ ներկայացնում գայթակղիչ ազատ հաստիքը զբաղեցնելու համար:
Այսօր իմ կյանքը բոլորովին այլ է, և ես իմ նորացմանը վերաբերվում եմ մեծ ուրախությամբ ու շնորհակալությամբ: Ես երջանիկ եմ ամուսնության մեջ, զբաղվում եմ այն բանով, ինչի համար աշխարհ եմ եկել:
Իսկ ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել: Հիշում եմ, թե ինչքան կոտրված էի ես աշխատավայրում չափազանց երկար ձգված խորհրդակցությունից հետո: Դուրս գալով՝ սկսեցի սթրեսից դուրս գալու տարբերակներ փնտրել ու ավելի լավ զգալ: Պատահաբար համացանցում գտա Լուիզա Հեյի «Դու կարող ես լավացնել քո կյանքը» ֆիլմը:
Այսօր ես գիտեմ, որ դա պատահաբար տեղի չունեցավ. Ուսուցիչը կարող է սովորեցնել միայն նրան, ով իսկապես ուզում է սովորել: Ես այնքան տարված էի այդ ֆիլմով, որ չէի կարողանում կտրվել: Լուիզայի խոսքերն իսկական կախարդանք էին, ասված ամեն բառն ընկնում էր ուղիղ իմ սրտի մեջ: Ես վերջապես զգացի, որ իմ տունն այն վայրն է, ուր ես գերազանց եմ զգում ինձ: Ես ինձ սիրում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Ես ամբողջական ու լիարժեք մարդ եմ, և կյանքը սիրում է ինձ: Հաջորդ տարվա ընթացքում ես հայտնաբերեցի այլ էնտուզիաստների, որոնք ինձ սովորեցրին հասկանալ, թե որքան է մեծ է ինքնագնահատականի թանկարժեք ազդեցությունը:
Այդ ուսմունքն ինձ օգնեց ազատվել մտածողության հին կարծրատիպերից և մշակութային սահմանափակ համոզմունքներից, որոնք այնքան էլ լավ չէին ազդում ինձ վրա:
Շատ փորձերից ու սխալներից հետո, նրանց խորհուրդները կիրառելով ամենօրյա կյանքում, ես ձեռք բերեցի ինձ համար նոր ազատության զգացողություն:
Ահա թե ինչ էի ես արել:
- Ես դադարեցի վազել կատարելության հետևից:
Ես կատարյալ գեղեցիկ եմ և գեղեցիկ անկատար եմ, և դա այն է, ինչ թույլ է տալիս լինել այն, ինչ կամ: Կատարելությունը պատրանք է, այն գոյություն չունի: Ես դադարեցի ինքս ինձ տանջել՝ կատարելության հետևից անընդհատ վազելով:
Այժմ ես ձգտում եմ բավականաչափ լավին: Ես սովորեցի իմ սխալներն ընդունել՝ որպես անհրաժեշտություն, որն ուղեկցում է իմ աճին ու ինձ ավելի իմաստուն դարձնում: Եթե ես ինչ-որ բանում անհաջողության եմ մատնվում, դա չի նշանակում, որ ես անհաջողակի մեկն եմ: Պարզապես ես իմ գործով չեմ զբաղվել:
Մենք կամ հաղթում ենք, կամ սովորում: Մենք երբեք չենք պարտվում: Աստիճանաբար խուսափեք շարունակական ինքնաքննադատությունից, ինքներդ ձեզ նվաստացնելուց ու ափսոսանքներից:
- Ես դադարեցի անհրաժեշտ համարել անընդհատ ինչ–որ բանով զբաղվելը:
Անընդհատ ինչ-որ բան անելու ձգտումը չի խոսում ձեր՝ լավագույնը լինելու մասին: Ես սովորեցի ականջ դնել իմ մարմնի ձայնին և այլևս մեղավոր չեմ զգում այն բանի համար, որ ոչինչ չեմ անում:
Ես գիտեմ, որ իմ մարմնին ու հոգուն երբեմն պետք է լիցքաթափվել, և չեմ համարում, որ պարտավոր եմ ինչ-որ մեկի ինչ-որ բան բացատրել: Նայում եմ լավ ֆիլմեր, լսում հանգիստ երաժշտություն, կարդում սիրելի գրքերը, երգում եմ, զբոսնում բնության գրկում, անում այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս: Ես ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, թե ինչպես եմ ինքս ինձ հետ խոսում:
Ես ինձ վիրավորական բառեր չեմ ասում, չեմ անվանարկում, ինքս ինձ վերաբերվում եմ արժանապատվորեն ու հարգանքով: Ես ինքնաբավ եմ ու ինքնագնահատված, ու երբեք չեմ ասում ինձ այն, ինչ չէի ասի լավագույն ընկերոջս: Ես վերջապես հասկացա, որ կյանքում մենք այն չենք ստանում, ինչ ուզում ենք:
Մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք մեր իսկ կարծիքով: Ահա թե ինչու է պետք հավատալ ինքդ քեզ ու վերաբերվել սեփական անձիդ՝ որպես այն մարդու, ով արժանի է այն լավագույնին, ինչ կյանքը կարող է առաջարկել:
Դուք ձեզ տարիներ շարունակ քննադատել եք: Դրանից ոչինչ դուրս չի եկել, այժմ փորձեք հակառակը, և կտեսնեք, թե ինչ կկատարվի:
- Ես դադարեցի մեղադրել ուրիշներին:
Այժմ ես հասկանում եմ, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի ինչ-որ բանում մեղադրում եմ, ես զոհի կերպարով եմ հանդես գալիս: Ուրիշներին իզուր վատնած ժամանակի, քամուն տված փողերի կամ սիրո մեջ անարդարության համար մեղադրելով՝ ես միշտ մտածում եմ այն բանի մասին, թե որքան էր իմ ներդրումն արդեն պատահածի մեջ: Ոչ ոք չի կարող ինձ վնաս պատճառել կամ վշտացնել՝ առանց իմ գիտակցված կամ չգիտակցված համաձայնության:
Դրա փոխարեն՝ ես այժմ ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում այն բանի համար, թե ինչ եմ զգում, մտածում և ինչպես եմ գործում: Ես պատասխան եմ տալիս իմ արարքների համար, և ես գիտեմ, որ իմ ապագան կլինի այսօրվա իմ ընտրության արդյունքը: Ես այն եմ, ինչին հավատում եմ, և այն ամենը, ինչ ուզում եմ դառնալ: Բոլոր մեղադրանքները ժամանակի անիմաստ վատնում են: Անկախ այն բանից, թե ուրիշները որքան են մեղավոր, դա ձեզ չի փոխի: Դուք կարող եք հաջողությամբ ստիպել ինչ-որ մեկին՝ մեղավոր զգալ իրեն, բայց դա ձեզ չի օգնի փոխել ձեր մեջ այն, ինչ ձեզ դժբախտ է դարձնում:
- Ես դադարեցի գնահատական տալ այլոց:
Ես գիտեմ, որ յուրաքանչյուրն այս կյանքում գնում է իր ճանապարհով, և իմ խնդիրն է՝ կենտրոնանալ սեփական նպատակներիս վրա: Ես նաև գիտեմ, որ ամեն անգամ, երբ գնահատական եմ տալիս ուրիշ մարդկանց, դա իմ մեջ ինձ անհանգստացնող որևէ բանի արձագանքն է: Եթե ես ինչ-որ մեկին անհեռատես եմ անվանում, դա նշանակում է, որ միգուցե ես ինքս այդպիսին եմ, այլապես ես դա ինչպե՞ս կնկատեի: Ուրիշների վրա մեղքը բարդելը կամ նրանց գործողություններին գնահատական տալը ձեզ զրկում է ինքներդ ձեզ փոխելու հնարավորությունից, իսկ երբ պատասխանատվություն եք կրում, ձեզ այդ հնարավորությունը տրվում է:
- Ես դադարեցի ենթադրություններ անել այն մասին, թե ինչ են զգում, ուզում կամ մտածում ուրիշ մարդիկ:
Ես նրանք չեմ: Այդ պատճառով էլ որևէ եղանակ չկա դա իմանալու: Ես վերջ տվեցի զանազան սցենարներ խաղարկելուն և իմ գիտակցությանը թույլ տվեցի խաղալ ինձ հետ: Ամեն անգամ, երբ ես ինձ բռնում եմ այն բանում, որ անհանգստանում եմ, թե ինչ են ուզում կամ մտածում ուրիշները, հասկանում եմ, որ իրականություն վերադառնալու ժամանակն է:
Ես վաղուց հասկացել եմ, որ, եթե ինձ թվում է, թե մարդն ինձ չի սիրում, միգուցե միայն թվում է, և իրականում հավանական է, որ նա շատ վատ օր է ունեցել պարզապես ու տրամադրություն չունի: Կամ հնարավոր է, որ մարդը պարզապես ամաչում է: Հենց որ ես հասկանում եմ, որ չեմ կարող գուշակել մարդու մտքերը, սկսում եմ հասկանալ, որ կարող եմ գործել բաց սրտով:
- Ես դադարեցի մրցակցել ուրիշների հետ:
Այժմ ես գիտեմ, որ պայքարի իմ մղումն իմ ես-ի դրսևորումն էր, որն ինքնափորձարկվելու կարիք ուներ: Լավ զգալու համար բոլորովին պարտադիր չէ իմանալ, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ պարտվել է: Ես ներդաշնակություն, համագործակցություն և փոխադարձ հաղթանակ եմ գերադասում:
Ես դադարեցի ինձ ուրիշների հետ համեմատել, և ընտրել եմ մարդկանց հետ՝ սիրո, այլ ոչ՝ վախի հիմքի վրա միությունը, ու հավատում եմ դրա հաջողությանը: Ես ուզում եմ հավատալ, որ մենք ապրում ենք բարեհաճ Տիեզերքում, ուր բավականաչափ տեղ կա բոլորի և ամեն ինչի համար, ներառյալ՝ ինձ: Ինչպես ասում են՝ սերը համագործակցություն է, այլ ոչ մրցակցություն:
- Ես դադարեցի կառուցել ապագա երջանկությունս:
Ես այլևս հույսս չեմ դնում ապագա երևակայական երջանկության վրա՝ այն սպասումով, որ մի անգամ, երբ ես աշխատանք, տուն, մեքենա ու հաջողություն կունենամ, ես երջանիկ կլինեմ: Ես սովորեցի երջանիկ լինել փոքր բաներից, աննշան հաջողությունից անգամ, և ես հիանում եմ այն միակ իրականությամբ, որը տվյալ պահին ինձշատ ուրախություն է պարգևում:
Ես դադարեցի սպասել հանգստյան օրերին, որպեսզի ինձ կենդանի մարդ զգամ, քանի որ ամեն օրը նվեր է, և յուրաքանչյուր վայրկյանը պակաս թանկարժեք ու կարևոր չէ:
Օրվա ընթացքում իմ ուշադրությունը ես կենտրոնացնում եմ ոչ թե վատ բաների վրա, այլ՝ լավ, և ամեն ինչ փոփոխական է: Ես շնորհակալ եմ շուրջս տեղի ունեցող ամեն բանի համար և այն ամենի համար, ինչ ունեմ՝ առողջ մարմին և միտք, սիրող ընտանիք, մի քանի իսկական ընկերներ, սիրած աշխատանք, որին հավատում եմ: Տիեզերքը սիրում է նրանց, ովքեր շնորհակալության զգացում ունեն: Որքան շատ ես շնորհակալ, այնքան շատ լավ բաներ կկատարվեն քո կյանքում:
- Ես դադարել եմ անհանգստանալ ապագայի համար:
Ես ընդունում եմ, որ կյանքում կան բաներ, որոնք ես չեմ կարող վերահսկել, անկախ այն բանից, թե որքան ջանքեր եմ գործադրում դրա համար: Եվ հենց անհանգստանում եմ, ինքս ինձ ասում եմ, որ ժամանակը ցույց կտա: Միշտ չէ, որ ես ստանում եմ ուզածս, բայց միշտ ստանում եմ այն, ինչ ինձ անհրաժեշտ է: Ես վստահում եմ կյանքի հոսքին և ուզում հավատալ, որ մենք ապրում ենք խելամիտ Տիեզերքում, ուր ամեն ինչ հիանալի է դասավորվում: Երբեմն կյանքում պետք է լինում սպասել, և պետք է հիշել, որ կյանքում ամեն բան պատահում է ճիշտ ժամանակին:
- Ես այլևս չեմ ձգտում դուր գալ շրջապատի մարդկանց:
Ես այլևս այլոց կողմից գնահատված կամ ընդունված լինելու կարիքը չունեմ: Չեմ մտածում, թե ինչ են մտածում ուրիշները, նրանց կարծիքն ինձ համար նշանակություն չունի: Ես դադարել եմ սպասել ուրիշներից այն, ինչ ինքս ինձ չեմ տվել՝ սեր, հոգատարություն և ուշադրություն:
Ինքդ քեզ ամբողջությամբ, թե՛ մարմինդ, ու թե՛ հոգիդ սիրելը եսասիրություն չէ: Ես սովորել եմ ընտրություն կատարել՝ անհանգստանալով ինքս ինձ համար, այլ ոչ՝ ուրիշների հիասթափության: Մարդիկ իրենք են մեղավոր իրենց հիասթափությունների համար, քանի որ սպասում են, որ ես պետք է գործեմ նրանց ցանկություններին համապատասխան: Երբ ինձ ասում են, որ պետք է ինչ-որ բան անեմ, ես չեմ անում, արձագանքում եմ այն ժամանակ, երբ հարցնում են իմ ցանկության մասին: Իմ ցանկություններն ինձնից են գալիս:
Ես միշտ ընտրում եմ՝ ինչի կամ ում վրա ծախսեմ իմ թանկարժեք ժամանակը: Ես գիտեմ, որ իմ ժամանակն իմ կյանքն է, և այն երբեք ետ չի վերադառնա: Կյանքը պետք է կյանք լինի, այլ ոչ՝ գոյություն, և ես ընտրում եմ իրական կյանքը՝ առանց արդարացումների ու ներողությունների:
Ոչ ոք ոչինչ ձեր փոխարեն չի անի, և ձեր կյանքն էլ ոչ ոք չի ապրելու: Ուրեմն ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ձեզ է հարմար: Իմ ինքնավերածնվելը միանգամից չի եղել. Դա չընդհատվող գործընթաց է, որը պահանջում է անդադար աշխատանք:
Այսօր ես սովորում եմ կյանքի դպրոցում, և յուրաքանչյուր օրն ինձ հիանալի հնարավորություն է տալիս ստեղծել սեփական իրականությունը և իրականացնել երազանքները: Այդ պատճառով էլ ես ուզում եմ վստահ լինել, որ միտքս սնուցում եմ առողջ մտքերով: Ես գիտեմ, որ ես առողջ միտք ունեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը