Բանաստեղծ, լրագրող, խմբագիր Սամվել Մարգարյանի հայրենասիրական թեմայով գրված «Հերոսապատում» գրքի պոեմներն ու բանաստեղծություններն անդրադառնում են Արցախի, Հայոց բանակի, Հայոց դատի նվիրյալներին:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի գրողների միությունում:
«Գրքում զետեղվել են հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները: Հատկապես ընդգծված են արցախյան պատերազմի հերոսամարտի և՛ զոհված, և՛ կենդանի հերոսների մասին գործերը: Կա անդրադարձ Սարդարապատի ճակատամարտին, ապրիլյան քառօրյա պատերազմին»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա հավելեց, որ պոեզիան ինքնին զինվոր է մարտադաշտում:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի խոսքով`Սամվել Մարգարյանն իր տպագրած առաջին գրքից մինչ «Հերոսապատում» ժողովածուն հավատարիմ է մնացել այն թեմաներին, որոնք միշտ առկա են եղել իր ստեղծագործություններում: «Դրանք են հայրենիքը, հերոսները, հայոց պատմությունը, քաղաքները, ի վերջո սերը ոչ միայն հայրենիքի, այլև կնոջ, սիրած աղջկա և աշխարհի նկատմամբ»,-ասաց Դեմիրճյանը:
«Ապրելով այս հողի վրա`մենք երբեք չենք մոռանում հանուն հայրենիքի արյուն թափած հերոսներին: Այս ժողովածուում անդրադարձել եմ Հայկ նահապետից մինչև ապրիլյան պատերազմի հերոսներին, փորձել դեպքերն ու իրադարձությունները գեղարվեստորեն, բանաստեղծական ներկայացնել: Հնարավոր չեղավ բոլորի մասին մի գրքում գրել, հետևաբար այն շարունակություն կունենա»,-շեշտեց գրքի հեղինակ Սամվել Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում քաջության բազում էջեր է ունեցել, սակայն իր համար վճռական, ճակատագրական սխրանքներն Ավարայրի, Սարդարապատի հերոսամարտերն են և Արցախի ազատագրումը:
Շնորհանդեսին ներկա էին ինչպես գրողներ, այնպես էլ` Արցախի ազատագրմանը մասնակցած հերոսներ և քառօրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ: