Չգիտեմ ով ոնց, բայց իջևանցի առաջադեմ մարդկությունը… չէ՛, աշակերտությունը… չէ՛, 60-ականների աշակերտՈՒՀԻները շատ էին սիրում Ջոնի Հոլիդեյին։ Ես էլ էդ սիրողներից մեկն էի բնականաբար։ Սիրում էինք, որովհետև շատ սիրուն տղա էր, երկրորդ՝ շատ սիրուն Սիլվի Վարդանի ամուսինն էր, իսկ մեզ հեչ հետաքրքիր չէր, որ էս մեր հայՈՒՀԻ Սիլվին եսիմքանի ազգերի խառնուրդ է։ Ինքը մեզ համար զտարյուն հայ էր, Ջոնին էլ մեր հալալ-զուլալ փեսան էր։ Եվ էսքանը հերիք էր, որ մեր խելքը գնար երկուսի համար էլ, ու մեր ալբոմները լցնեինք Ջոնիի ու Սիլվիի համատեղ լուսանկարներով, հետն էլ զարկ տայինք ազատ շուկայական հարաբերություններին։
-Տյու տասը հատ Հոլիդեյ ունես, մի հատ Ալեն Դելոն տամ, հոլիդեյներիցդ մինը տուր։
-Աչքիդ ա ըրևում։
-Հա՛ լյավ, մի հատ Ժերար Ֆիլիպ կտամ։
-Մի հատ Ալեն Դելոն, մի հատ էլ Ժերար Ֆիլիպ։
-Յախք, զզվանքի մինը, ա՛ռ, բայց մոռանաս ո՛չ, քթիցդ պիրիլ դեմ։
Էսպես կռվշտվելով ու քնքշանվաղ սիրում էինք էս զույգին, մեր մեջ ասած՝ հալալ-զուլալ փեսային ավելի շատ։
Չգիտեմ, տղաները սիրում էին, թե չէ, բայց գրեթե բոլորը հագնում էին հոլիդեյ շալվար, որ մեր ֆիքստուլ փեսան էր մոդա գցել. էդ էն է, որ վերևը շատ նեղ էր, իսկ ծնկից ներքև աստիճանաբար լայնանում էր։
Դե հետո մեծացանք, Ջոնին ու Սիլվին բաժանվեցին, մենք էլ շատ բարեհաջող մոռացանք իրենց։
Դեկտեմբերի 6-ին Ջոնի Հոլիդեյը մահացավ։
Ու ես տխրեցի։
Միասին ենք մեծացել ու ծերացել ախր։
Բարի ճանապարհ, սիրուն Ջոնի։