Ուսման յուրաքանչյուր տարին 11 տոկոսով նվազեցնում է թուլամտության հավանականությունը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ուսման յուրաքանչյուր տարին 11 տոկոսով նվազեցնում է թուլամտության հավանականությունը. հետազոտություն

Ուսման յուրաքանչյուր տարին 11 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ու թուլամտության մյուս տարատեսակների զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնել են Karolinska Institutet (Շվեդիա) ինստիտուտի գիտնականները։ Նրանք ենթադրում են, որ բարդ մտածողական պրոցեսներն օգնում են ուղեղում ստեղծել պաշարներ, որոնք ապահովում են թուլամտության կանխարգելումը։

Որքան հաճախ է մարդու ուղեղում ակտիվանում համալիր մտածողությունը, այդքան շատ կապեր են ստեղծվում ուղեղի բջիջների միջև, ինչն օգնում է նրան պաշտպանվել ծերունական թուլամտությունից։ Մտավոր պաշարների ավելացումը արդեն վաղուց են անվանում Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման ամենահզոր միջոցներից մեկը, ու նախկինում այդ էֆեկտն ապահովելու համար տարեցներին խորհուրդ էին տալիս ավելի հաճախ լուծել խաչբառեր, սովորել օտար լեզուներ ու նոր նախասիրություններ ձեռք բերել։ Հիմա պարզվել է, որ կրթությունը ավելի արդյունավետ պաշտպանություն է ապահովում։

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված տեսակն է համարվում։ Ակնկալվում է, որ աշխարհում աճելու է այդ հիվանդությամբ տառապողների քանակը, քանի որ աճում է կյանքի միջին տևողությունը։ Քանի դեռ թուլամտության բուժման արդյունավետ միջոցներ չկան, գիտությունը շարունակում է փնտրել ծերունական թուլամտության կանխարգելման միջոցներ։

Նախկին հետազոտությունները արդեն կապակցել էին կրթությունը ու թուլամտության զարգացման հավանականության նվազումը, սակայն փորձագետները դա բացատրում էին նրանով, որ կրթված մարդիկ նյութապես ավելի ապահովված են, ու դա նրանց հնարավորություն է տալիս ավելի լավ հետևել իրենց առողջությանը։

med.news.am