Աշխարհում ձևավորվել են բավականին ուժեղ հաքերային խմբեր, որոնք պարբերաբար կիբեռհարձակումներ են իրականացնում միանգամից մի քանի պետությունների բանկային համակարգերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամփոփելով Հայաստանում տեղեկատվական անվտանգության ոլորտին առնչվող հարցերը, այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Թե որքանով է լուրջ այդ խնդիրը Հայաստանում, դժվար է ասել, որովհետև շատ դեպքերում բանկերը գերադասում են նման կիբեռհարձակումների մասին լռել »,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ փորձագետի` վերջին տարիներին հաքերային ոլորտը ավելի է «պետականանում» և 2017 թվականի լայնամասշտաբ կիբեռհարձակումների գրեթե բոլոր հետքերը տանում են դեպի տարբեր պետություններ:
«Այսինքն` լուրջ հաքերային խմբերը գտնվում են տարբեր պետությունների ազգային անվտանգության ազդեցության տակ կամ հենց նրանց կողմից են ստեղծված»,- ասաց Մարտիրոսյանը: