Ինչո՞վ են վտանգավոր սրտի ռիթմի խանգարումները
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ են վտանգավոր սրտի ռիթմի խանգարումները

Սրտի ռիթմի խանգարումը բավական տարածված խնդիր է և կարող է հանդիպել բնակչության բոլոր շերտերում, քանի որ սրտի ռիթմի խանգարումներ կարող են ունենալ եւ մեծահասակները, եւ փոքրերը, առողջ սիրտ կամ սրտի կառուցվածքային խանգարումներ ունեցող մարդիկ:  Այս մասին  NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ Լուսինե Հայրապետյանը:

Սրտի ռիթմի խանգարումների տեսակները

Մասնագետը նշել է, որ սրտի ռիթմի խանգարումների տեսակները շատ տարբեր են: Կան առիթմիաներ, որոնք բավականին անվնաս են, եւ ընդամենը կարող են կյանքի որակի վրա ազդել, սակայն առողջական լուրջ խնդիր իրենցից չներկայացնել: Բայց կան նաեւ շատ վտանգավոր տեսակներ, որոնք կարող են բերել լուրջ բարդությունների ընդհուպ մինչև հանկարծամահություն։ Գանգատներն ի դեպ կարող են նույնատիպ լինել և բարորակ և վտանգավոր առիթմիաների ժամանակ:

«Այդ պատճառով չի կարելի զուտ գանգատներով կողմնորոշվել, թե պացիենտի մոտ ինչ խնդիր է, եւ ցանկալի է, որ ընդհանուր սրտաբանը կամ առաջին օղակի բժիշկը, հիմնվելով գանգատների վրա, պացիենտին ուղեգրի առիթմոլոգի մոտ՝ առավել մանրակրկիտ հետազոտությունների», – ասել է նա։

Բժիշկը հավելել է, որ սրտի ռիթմի խանգարումների գանգատները շատ տարբեր բնույթ ունեն եւ կարող են սրտի անկանոն  աշխատանքի՝ սրտխփոցների, սրտի գերարագ կամ դանդաղ աշխատանքի, գլխապտույտի կամ ուշագնացության ձեւով արտահայտվել: Ուշագնացության կամ արտահայտված գլխապտույտի գանգատի դեպքում շատ հաճախ պացիենտները դիմում են նյարդաբանի,  ենթադրելով, որ խնդիրը նյարդային համակարգի կամ գլխուղեղի հիվանդությունների հետ է կապված: «Այդ պարագայում նյարդաբանը նույնպես, թեկուզ աննշան կասկածի դեպքում, պետք է ուղեգրի առիթմոլոգի մոտ՝ առավել մանրամասն հետազոտության,  քանի որ որոշ գանգատներ, օրինակ, սրտածին ուշագնացությունը, կարող է հանդիսանալ կյանքի համար վտանգ ներկայացնող առիթմիայի դրսեւորում»:

Առիթմոլոգը նշել է, որ սրտի ռիթմի խանգարումները կարող են լինել ինչպես առաջնային այդպես էլ սրտի կառուցվածքային կամ որոշ գենետիկ հիվանդությունների դրսեւորում:

Դրանք են սրտի իշեմիկ հիվանդությունը, զարկերակային հիպերտենզիան, փականային հիվանդությունները, կարդիոմիոպաթիաները՝ իդիոպաթիկ-դիլատացիոն, հիպերտրոֆիկ կամ իշեմիկ: Սրտի կառուցվածքային հիվանդությունների ժամանակ հանդիպող սրտի ռիթմի խանգարումները, հատկապես փորոքային առիթմիաները, կարող են հանգեցնել լուրջ բարդությունների և կյանքի համար անմիջական վտանգ ներկայացնեն:

Ուշադրության նաեւ արժանի են նախասրտային տախիառիթմիաները, բրադիկարդիաները, որոնք նույնպես բարդացնում են հիմնական հիվանդության ընթացքը: Կառուցվածքային առողջ սրտում հաճախ հանդիպող սրտի ռիթմի խանգարումներ են վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաները, փորոքային և վերփորոքային էքստրասիստոլաները, նախասրտային եւ փորոքային տախիկարդիաները: Համարվում է, որ կառուցվածքային առողջ սրտում առիթմիաները ավելի բարորակ ընթացք ունեն, սակայն կան որոշ սինդրոմներ, որոնց ժամանակ սիրտը կարող է լինել նորմալ կառուցվածքի, այնուամենայնիվ այդ հիվանդությունների առաջին դրսեւորումը կարող է լինել կյանքին վտանգ սպառնացող առիթմիան եւ/կամ հանկարծամահությունը: Այդ հիվանդություններն են երկարացած QT համախտանիշը, Բրուգադայի համախտանիշը, WPW-համախտանիշը, իդիոպաթիկ փորոքային տախիկարդիա/ֆիբրիլացիաները, պառոքսիզմալ պաշարումները եւ այլն: «Այդ պատճառով սրտի ռիթմի խանգարման վտանգի աստիճանը կարող է գնահատել միայն առիթմոլոգը, սրտի ռիթմի խանգարում ունեցող յուրաքանչյուր պացիենտի համար որոշելով անհատական ռիսկը, թե որքանով է այդ խանգարումը նրա համար վտանգավոր: Դա արվում է մանրազնին հետազոտության միջոցով՝ բացառելով լուրջ խնդիրները», – կրկին շեշտել է մասնագետը։

Սրտի ռիթմի խանգարումների բուժման մեթոդները

Առիթմոլոգը նշել է, որ սրտի ռիթմի խանգարումների բուժման դիապազոնը նույնպես ընդգրկուն է: Այն ներառում է դինամիկ հսկողություն, պարբերաբար ռիսկի գնահատում, դեղորայքային բուժում եւ միջամտություն: Միջամտական առիթմոլոգիան, նույնն է ներսրտային էլեկտրոֆիզիոլոգիան, սրտաբանության համամատաբար երիտասարդ ուղղություն է, սակայն շատ արագ զարգացող:  Միջամտական բուժման դիապազոնը նույնպես շատ լայն է, սակայն հիմնական ուղղություններն են երկուսը՝ բուժում սարքերով (Device therapy), երբ կատարվում է տարբեր ախտորոշիչ-բուժիչ սարքերի իմպլանտացիա եւ աբլացիաներ, երբ իրականացվում է առիթմոգեն օջախների դեստրուկցիա ռադիո-հաճախային ալիքներով, կամ այլ մեթոդներով:  Շատ հաճախ համակցվում են բուժման դեղորայքային եւ միջամտական մեթոդները, որի նպատակը պացիենտի կյանքին և առողջությանը սպառնացող  վտանգը նվազեցնելն է:

««Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր իրականացվում է առիթմոլոգիական ամբողջական ծառայություն, առիթմիայով պացիենտների ռիսկի գնահատում, դինամիկ հսկողություն, դեղորայքային բուժում և  բոլոր տեսակի առիթմոլոգիական միջամտությունների իրականացում», – նշեց մասնագետը:

med.news.am