Մարդը 17-ից մինչև 20 տարեկան հասակում ավելի հեշտությամբ է յուրացնում տեղեկատվությունը, քան ավելի ուշ տարիքում կամ մանկության շրջանում:
Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Communications հանդեսում:
Գիտնականների տվյալներով՝ ուսուցման գործընթացում կարևոր դեր է խաղում շերտավոր մարմնի դորսոլատերալ հատվածը: Ուղեղի այդ մասի՝ տարիքով պայմանավորված ակտիվության փոփոխություններն ավելի վաղ ուսումնասիրված չեն եղել:
Լեյդենի համալսարանի մասնագետները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել է ութից մինչեւ 25 տարեկան նևրոլոգիական հիվանդություններ չունեցող 232 մարդ: Փորձարկումների ընթացքում անհրաժեշտ էր տրամաբանական խնդիր լուծել պատասխանի տարբերակներով՝ հաշվի առնելով համակարգչի հուշումները:
Մասնակիցների ուղեղի սքանավորման արդյունքները ցույց են տվել, որ տարիքի հետ շերտավոր մարմնի ակտիվությունը համապատասխան փոփոխություններ է կրել և առավելագույնի է հասել 17-ից մինչև 20 տարեկան մարդկանց մոտ:
Գիտնականների կարծիքով՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարիքը բացառիկ փուլ է, երբ մարդու ուղեղն առավել արդյունավետորեն է ընկալում տեղեկատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: