Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում հետաքրքիր պատմական էքսկուրս է անցկացրել, որը ներկայացնում ենք ստորև:
Այսպես. Առաջին արժանահիշատակ իրադարձությունը Չինական Շան տարում, վերաբերվում է մ.թ.ա. 8-րդ դարին.
Մ.թ.ա. 754 – Սարդուրի Բ արքան հաղթանակ տարավ Ասորեստանի թագավոր Աշշուրնիրարի Զ նկատմամբ: Արարատյան թագավորությունը Մենուա, Արգիշտի Ա թագավորների կառավարման ժամանակաշրջանում հզորագույնն էր աշխարհում: Հայոց երկիկրն իր առաջնությունը պահեց նաև Սարդուրի Բ կառավարման առաջին շրջանում:
Մ.թ.ա. 550 – Հայոց բանակի հարվածներից կործանվեց Մարաստանը: Այո՛, երբ հայն ապավինել է իր բազկին՝ պատմության իր փառահեղ էջերն է կերտել: Հայոց Տիգրան Երվանդյան արքան բացահայտելով մարաց Աժդահակ արքայի դավաճանությունն ու նենգությունը՝ սպանեց նրան մենամարտում և Մարաստանի թագավորությունը կործանեց:
Մ.թ.ա. 550 – Աքեմենյան Պարսկաստանի կազմավորումը: Համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից է: Աշխարհի հզորագույն աշխարհակալություններից մեկը կազմավորվեց, որը հայոց երկրի հետ մերթ բարեկամ էր, մերթ՝ թշնամի…
Մ.թ.ա. 538 – Հայկական բանակը աքեմենյան արքա Կյուրոս Բ բանակի կազմում մասնակցեց Բաբելոնի նվաճմանը; Այո, ցավոք, մենք հաճախ ենք մեր զորությունը վատնել օտարի համար, արյուն հեղել հանուն օտարի շահի…
Մ.թ.ա. 334 – Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը: Համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից: Ալեքսանդրն ապացուցեց, որ աշխարհ նվաճելու համար պարտադիր չէ մեծ զորք ունենալ: Անհրաժեշտ է կամք ունենալ ու խելոք լինել….
Մ.թ.ա. 190 – Մագնեսիայի ճակատամարտը: Հայ ժողովրդի պատմության համար կարևորագույն իրադարձություն: Ասիա ներխուժած հռոմեական բանակը ջախջախեց սելևկյան զորքերին: Առիթից օգտվելով՝ Արտաշեսը հռչակեց Մեծ Հայքի անկախությունն ու հիմք դրեց զորեղ թագավորության ու սեփական դինաստիայի: Արտաշեսի զինակից ու ազգական Զարեհը անկախություն հռչակեց Ծոփքում:
Մ.թ.ա. 94 – Տիգրան Մեծը գրավեց Ծոփքը: Հայոց գահ բարձրանալով՝ Տիգրան Մեծն իր առաջ խնդիր դրեց ստեղծել հզոր աշխարհակալություն: Եվ նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը՝ Արտաշես Ա, ով միավորեց հայոց բոլոր հողերը, բացառությամբ Ծոփքի թագավորության:
Մ.թ.ա. 94 – Հայ-պոնտական դաշինքի կնքումը: Տեսնելով Տիգրան Մեծի համառությունն ու հասկանալով նրա նկրտումները՝ հայոց հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի թագավորության տիրակալ Միհրդատ Զ Եվպատորը նրան դաշինք առաջարկեց: Կնքվեց հայ-պոնտական դաշինք, որն արդյունավետ էր երկու կողմերի համար և գործեց մինչև մ.թ.ա. 66 թվականը:
Մ.թ.ա. 34 – Անտոնիոսի արշավանքը Հայաստան: Արտավազդ Բ հայոց արքայի գերևարությունն ու մահը: Հայոց քաջ և առաքինի տիրակալը, ով իր նվիրումը հայրենիքին, քաջությունն ու դիվանագիտական նուրբ ընկալումը բազմիցս ապացուցել էր՝ սայթաքեց, ընկավ հռոմեացի նենգ ու դավաճան զորավար Մարկոս Անտոնիոսի լարած ծուղակն ու կալանավորվեց, սպանվեց: Բարեբախտաբար, հայոց գահին նրան փոխարինեց քաջ ու զորեղ որդին՝ Արտաշես Բ:
Մ.թ.ա. 34 – Արտաշես Բ: Հայոց այս քաջ գահակալը զբաղեցներով գահը՝ վրեժ լուծեց ոսոխից իր հոր սպանության համար՝ սրակոտոր անելով 30.000 հռոմեացիների:
62 – Հռոմեական զորքերի ծանր պարտությունը Հռանդեայում: Սա Հռոմի պատմության մեծագույն խայտառակությունն էր: Հռոմեական 80000-ոց զորքն անցավ անարգանքի լծի տակով: Տրդատ Ա Արշակունին հաղթահանդեսով մտավ Հռոմ և Ներոն կայսրն ստիպված էր ճանաչել հայոց անկախությունը:
110-113 Աշխադար Արշակունի: Կարճ թագավորած Արշակունի գահակալ հայոց գահին, ով հայտնի էր նաև Շիդար անունով:
338-Մահացավ Խոսրով Կոտակը: Իր կարճատև թագավորության շրջանում նա հասցրեց հիմնադրել Դվին մայրաքաղաքն ու տնկել Խոսրովի անտառները՝ մեզ հասած աշխարհի հնագույն արգելոցը:
350-368 Արշակ Բ: Այս զորեղ ու քաջ գահակալը ողջ կյանքում պայքար մղեց Հռոմի, Պարսկաստանի և Հայաստանը ներսից քայքայող եկեղեցու դեմ: Ի վերջո՝ պարսիկները միայն դավադրաբար կարողացան նրան ձեռք գցել և Անհուշ բանտը նետել:
374 – Պապ թագավորի սպանությունը: Հայոց պատմության, թերևս՝ ամենաամոթալի էջերից մեկը: Հայոց երիտասարդ ու քաջ արքայի սպանությունից հետո հայոց կաթողիկոսն ու նախարարները ժողով են գումարում և որոշում, որ պետք չէ վրեժ լուծել հռոմեացիներից, քանզի վայել չէ քրիստոնյա հային, վրեժ լուծել քրիստոնյա հռոմեացուց, երբ նա սպանել է մի հեթանոս հայ արքայի…
374-378 – Վարազդատ Արշակունի: Վարազդատը մահապատժի ենթարկեց Պապի սպանության մեղավորներից մեկին՝ Մուշեղ Մամիկոնյանին: Արքան ցանկացավ նաև անկախ քաղաքականություն վարել, սակայն նրա ընթացքը կասեցրեց Պարսկաստանից Հայաստան գործուղված Մանվել Մամիկոնյան զորավարը, ով ապստամբեց հայոց արքայի դեմ, նրան գահազուրկ արեց:
422-428 – Արտաշես Դ Արշակունի: Վերջին արքան Արշակունյաց հարստությունից: Նրա օրոք գրվեց հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը; Հայոց ազնվականները դիմեցին պարսից արքային՝ խնդրելով գահընկեց անել Արտաշեսին, պատրաստակամություն հայտնելով հավատարմորեն ծառայել պարսից արքային:
482 – Ներսեհապատի ճակատամարտը: Հայկական բանակը Գայլ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախեց պարսկական մեծաքանակ զորքերին:
482 – Ճարմանայի ճակատամարտը: Վրացիների կազմակերպած դավադրությունը: Ճակատամարտի հենց սկզբից վրաց բանակը Վախթանգ թագավորի հրամանատարությամբ նահանջեց՝ հայոց բանակը թողնելով պարսկական մեծաքանակ զորքերի դեմ հանդիման: Հայոց զորքը ծանր պարտություն կրեց:
770 – Սմբատ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխան: Բագրատունիները աստիճանաբար իրենց դիրքերն ամրապնդեցին հայոց երկրում և Արծրունիների, Սյունաց տան հետ միասին ձեռնամուխ եղան Հայաստանի ազատագրմանն ու անկախ պետականության կերտմանը:
890-914 – Սմբատ Ա: Սմբատ Ա գահակալման առաջին շրջանը բարենպաստ էր նրա համար, սակայն հայոց այս արքան դժբախտ ճակատագիր ունեցավ: Արաբները նրան գերեցին, գլխատեցին, մարմինը խաչեցին:
914-928 – Աշոտ Բ Երկաթ: Բագրատունյաց գահտոհմի, թերևս՝ ամենաարժանապատիվ գահակալը: Հայոց զորեղ այս արքան ողջ կյանքում մարտնչեց արաբների դեմ, բազում հաղթական ճակատամարտերում իր Փառքը և Պատիվը կերտեց: Ժողովուրդը նրան Երկաթ մականունով կնքեց՝ ի նշան երկաթյա կամքի:
1226-1270 – Հեթում Ա: Հայոց գահին բազմած այս գահակալը մոնղոլների հետ բարենպաստ պայմանագիր կնքեց և Կիլիկիայի թագավորությունից վանեց վերահաս վտանգը:
1514 – Օսմանյան թուրքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը: Ցավոք, 16-րդ դարում հայ քաղաքական միտքը վաղուց արդեն մարած էր: Հայոց ռազմիկները փառք էին որոնում օտար ափերում միայն:
1826-1828 – Ռուս-պարսկական պատերազմը: Ռուսական զորքերը գրավեցին Արևելյան Հայաստանն ու կցեցին Ռուսաստանին:
1826 հուլիս-սեպտեմբեր – Շուշվա բերդի պաշտպանությունը: Հայ կամավորներն ու ռուս զինվորները հերոսաբար պաշտպանեցին Շուշին պարսկական գրոհներից:
1838 – Շուշիի թեմական դպրոցի բացումը: Այս դպրոցը հսկայական նշանակություն ունեցավ արևելահայության կրթական, մշակութային գործում:
1850 – Երևանի առաջին թեմական դպրոցի բացումը:
1862 – Զեյթունի ապստամբությունը: Զեյթունցիները հերոսաբար դիմադրեցին թուրքական գրոհներին: Նրանց կիսաանկախ իշխանությունը գոյատևեց մինչև 1915 թվականը:
1874 – Բացվեց Գևորգյան ճեմարանը: Հոգևոր այս հաստատությունը գործում է մինչ օրս:
1898 – ՌՍԴԲԿ առաջին համագումարը: Բոլշիզմի ուրվականը գլուխ էր բարձրացնում՝ ստանալով ահագնացող չափեր:
1922 – ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը: Խորհրդային Հայաստանը իրավական առումով անկախ պետություն էր: Բայց այդ անկախությունը սոսկ, թղթի վրա էր:
1946 – Ներգաղթ: Խորհրդային Հայաստանի իշխանությունների կազմակերպած ներգաղթի արդյունքում տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին և հաստատվեցին Հայաստանում:
1994 – Արցախյան զինադադար: 1988 թվականին սկսած Արցախյան ազատամարտն Ադրբեջանի խնդրանքով ավարտվեց՝ հայ-ադրբեջանական զինադադարով: Հայոց բանակը փառքով իր սուրը դրեց պատյան:
Ահա, Չինական շան տարում հայոց պատմության մեջ կատարված կարևորագույն իրադարձությունները: Թող որ բոլորիս նախաձեռնությունները միշտ հաջողությամբ ու հաղթանակով ավարտվեն, Թող միշտ փառավորյալ մինի մեր հայրենիքը: Շնորհավոր ամենիս ամանորը: