Հարցազրույցի արվեստ կամ սեմինար լուրջ հարցերի մասին. champord.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարցազրույցի արվեստ կամ սեմինար լուրջ հարցերի մասին. champord.am

ՀԲԸՄ («Հայկական բարեգործական ընդհանուր միություն») դահլիճում օրերս կայացավ «Հարցազրույցի արվեստը» խորագրով սեմինար-քննարկում, որի նախաձեռնողը «Ճամփորդ» հասարակական հիմնադրամն էր: Հանդիպման բանախոսներն էին` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, լրագրող Մարկ Գրիգորյանը և «168 Ժամ» թերթի խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը: Սեմինարին մասնակցում էին արդեն իսկ գործող և ապագա լրագրողներ:

Հարցազրույցն իրավամբ համարվում է լրագրության ամենաբարդ ժանրը: Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե բլից, ռեպորտաժների համար պահանջվող տեղեկատվական հարցազրույցներին, այլ`դեմ առ դեմ ընթացող լուրջ զրույցին, որը հաճախ «փոխելով հունը» վերաճում է ամենաիսկական ճակատամարտի, բռնցքամարտի ռաունդներով և նոկաուտով ուղեկցվող մտքերի բախման: Այդ զրույցների ընթացքում լրագրողը հանդես գալով որպես յուրատեսակ հոգեվերլուծող՝ հաճախ բացահայտում է մարդու` հասարակությանը ցայդ անծանոթ կողմերը:

Առաջին բանախոսը Պետրոս Ղազարյանն էր: Նա գլխավորապես անդրադարձավ լրագրողի պատրաստվածությանը, սեփական «զինանոցի» օրինակներով «հուշելով», թե ինչ է անհրաժեշտ՝ հարցազրույց տվողի ծուղակը չընկելու համար, ինչ տարածություն է պետք ընտրել, ինչպես կահավորել տաղավարը, որպեսզի այն «մրցակցության» մեջ չմտնի հարցազրուցավարի հետ, ինչ հագուստ ընտրել, որ դեպքերում նախահարցազրույց անցկացնել և այլն:

«Հարցազրույցի արվեստը» «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած թվով 4-րդ սեմինարն էր: Մինչ այժմ սեմինարներ էին կազմակերպվել տնտեսական և մշակութային, ինչպես նաև` պատերազմական իրավիճակներում աշխատող լրագրողների համար: Հիմնադրամի հիմնական նպատակը՝ անկախ լրագրության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացմանը նպաստելը, մարդու իրավունքների իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը և որակյալ տեղեկատվության ապահովումն է:

Գարեգին Ալեքսանյան

Ամբողջությամբ` champord.am