Տնային պարտականությունների հետ կապված խոսակցությունները շատ արդիական են ընտանեկան փոխհարաբերությունների ձևավորման ընթացքում: Կենցաղային վեճերը, որպես կանոն, լինելով երկրորդական՝ առաջնային դեր են գրավում զույգերի փոխհարաբերություններում՝ դարձնելով դրանք աններդաշնակ: Նման ոչ կարևոր խոսակցությունները հնարավորություն չեն տալիս ընտանիքի անդամներին վայելել մեկմեկու, տալ և ստանալ ջերմություն և փոխհասկացվածություն: Փորձենք միասին հասկանալ, թե նմանատիպ խնդիրներն ինչից են առաջանում, և ինչպես կարելի է դրանք հարթել՝ կիրառելով որոշակի հմտություններ:
Նախ և առաջ, կենցաղային վեճերի առաջացումը կապված է անարդարության զգացման հետ, քանի որ շատ հազվադեպ է, երբ տնային գործերի ծանրաբեռնվածությունը հավասարապես է բաշխված տան անդամների միջև: Վեճերի պատճառներից է նաև սովորությունների և կարծրատիպերի բախումը, քանի որ տան անդամների համար մաքրության, կարգապահության և կենցաղային այլ հարցերի մասին պատկերացումները կարող են շատ տարբեր լինել: Իսկ եթե տանը կան երեխաներ, ապա շատ ծնողների անհանգստացնում է այն հարցը, որ իրենց երեխան չունի հակում աշխատելու, իր սեփական սենյակը մաքուր պահելու, ինչն էլ իր հերթին՝ կանդրադառնա նրա ապագա ընտանեկան կյանքի վրա: Այդ մտահոգությունը հիմնականում առաջանում է աղջիկ երեխաների ծնողների մոտ, քանի որ ընդունված կարծրատիպ է, որ աղջիկը պետք է իր ապագա հարազատների մոտ ցուցադրի բոլոր ունակությունները՝ որպես տնային տնտեսուհի: Այնուամենայնիվ, տան լարվածությունը՝ կապված տնային գործերի հետ, հնարավոր է թուլացնել մի քանի տարբերակով: Օրինակ.
- Բաշխել պարտականությունները տան անդամների միջև
Եթե ընտանիքում առկա են տնային պարտականությունների հետ կապված խնդիրներ, ապա այն անհրաժեշտ է քննարկել ընտանեկան հավաքի ժամանակ՝ բոլոր անդամների ներկայությամբ: Քննարկման ընթացքում անհրաժեշտ է, նախ՝
- Բոլոր գործերը բաժանել ժամանակավոր և հիմնական մասերի: Օրինակ. հիմնական՝ ամանների լվացում, տան մաքրում, լվացք և այլն, ժամանակավոր՝ վերանորոգում, պատուհանների լվացում, մեծ մաքրություն և այլն:
- Այս ամենից առանձնացնել տիպիկ տղամարդուն, կնոջը և երեխային հատուկ պարտականություններ: Ժամանակային բաշխում կատարել՝ հաշվի առնելով, թե ով երբ է տանը լինում: Թեթևացնել մայրիկի ծանրաբեռնվածությունը՝ այն կիսելով հոր և երեխայի միջև:
- Երեխաների համար առանձնացնել ժամանակավոր և հիմնական հանձնարարությունները՝ հաշվի առնելով և՛ նրա հնարավորությունները, և՛ ցանկությունները:
- Անհրաժեշտ է տվյալ դերային բաշխումն ինչ-որ կերպ տեսանելի դարձնել և փակցնել տան հարմար անկյունում: Թե ինչպես դա կանեք, դա միայն ձեր երևակայության և ստեղծագործ մտքի հնարավորության սահմաններում է: Խրախուսելի է, եթե այն հանձնարարեք կատարել երեխային: Նա սիրով կպատրաստի այդ ցուցատախտակը:
- Հետաքրքրել և ներգրավել երեխային
- Երեխան պարբերաբար կարող է կատարել ընտանիքի մյուս անդամների տնային պարտականությունները: Սա օգտակար մոտեցում է, քանի որ դրա շնորհիվ երեխան ծանոթանում է այլ տիպի պարտականությունների հետ, ինչպես նաև՝ հասկանում ծնողների առօրյա ծանրաբեռնվածության պատճառները:
- Թույլ տվեք երեխային ինքնուրույն ընտրել այն միջոցները, որոնք նրան պետք են տնային պարտականությունների կատարման համար: Օրինակ, եթե երեխան չորացնում է լվացված սպասքը, ապա դա կարող է անել իր նախընտրած սրբիչների միջոցով: Տնտեսական պարագաների գնման ժամանակ կարևորեք երեխայի կարծիքը՝ հատկապես իր պարտականությունների շրջանակում:
- Տնային պարտականությունների կատարման մեջ ավելացրեք ստեղծագործական տարրեր: Օրինակ, հանձնարարեք ձեր երեխային պատրաստել աղցաններ, որոնք կտարբերվեն բաղադրատոմսից:
- Տղաներին կարելի է հանձնարարել այնպիսի աշխատանք, որը կպահանջի տարբեր գործիքների և տեխնիկայի կիրառում:
- Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար հաստ թղթից կարելի է պատրաստել մեծ ծաղիկ, որի յուրաքանչյուր թերթիկի վրա գրված կլինի մեկ պարտականություն, օրինակ՝ սենյակի մաքրում, սպասքի տեղադրում, տնային կենդանիների խնամք, դասերի պատրաստում և այլն: Եթե օրվա ընթացքում երեխան կատարում է նշված պարտականություններից որևէ մեկը, ապա միասին կարող եք ներկել թերթիկը համապատասխան գույնով: Ընտանիքում մի քանի երեխաների առկայության դեպքում՝ յուրաքանչյուրի համար կարելի է պատրաստել նմանատիպ ծաղիկ և կազմակերպել մրցում, թե ում ծաղիկի թերթիկներն ավելի շուտ կներկվեն:
- Կարևոր է երեխային խնդրելու ձևը
Լինում են իրավիճակներ, երբ ծնողը չի հասցնում կատարել տնային պարտականություններից որևէ մեկը: Այդ պարագայում կարելի է օգնություն խնդրել երեխայից: Սակայն կարևոր է, թե ինչպես է ծնողը դա անում: «Դու պարտավոր ես», «դու պետք է»-ի փոխարեն՝ «դու կկարողանա՞ս…», «քեզ դժվար չի՞ լինի՞…», և այլն: Ճիշտ ասված խոսքերը կնպաստեն, որպեսզի երեխան սիրով և խանդավառությամբ օգնի ծնողին:
- Ի՞նչ անել, եթե երեխան մոռանում է իր պարտականությունների մասին
Անհրաժեշտ է ունենալ հիշեցման այնպիսի համակարգ, որը կներառի տարբեր հնարքներ: Երեխան ինքը կարող է ընտրել իրեն հարմար հիշեցման ձևը: Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել մեծ օրացույց, որում նշված կլինեն պարտականությունները, և երեխան կկարողանա կատարել նաև սեփական նշումները: Փոքր երեխաների համար կարելի է պատրաստել ծառ, որի ճյուղերի վրա երեխան կավելացնի տերև՝ յուրաքանչյուր պարտականության իրականացումից հետո:
Տնային պարտականությունների իրականացումը միայն ֆիզիկական աշխատանք չէ: Դա հոգատարություն, սեր և գնահատանք է ընտանիքի անդամների նկատմամբ: Որքան կիսեք հոգսը, ցույց տաք, որ հասկանում և կարևորում եք ձեր ընտանիքի անդամների ամեն կատարած քայլ, ապա վստահ եղեք, որ ընտանեկան երջանկությունն ապահովված է: Քանի որ անարդարությունը միշտ ծնում է անձնային պայքար, իսկ դա ավելի շատ՝ քանդող, քան թե՝ կառուցող գործոն է:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան