Դաշինքը, որի կազմի մեջ են մտնում Ճապոնիայի Nissan և Mitsubishi ավտոկոնցեռնները, ինչպես նաև Ֆրանսիայի Renault ընկերությունը, հայտարարել է 1 միլիարդ դոլար ծավալով ռիսկային հիմնադրամի ստեղծման մասին՝ ավտոմոբիլաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման համար: Այս մասին ասված է կողմերի՝ հունվարի 10-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:
«Մեր բաց ներդրումային մոտեցումը մեզ թույլ կտա համագործակցել տեխնոլոգիական ստարտապների և ձեռնարկիչների հետ, ինչպես նաև ներդրումներ կատարել դրանցում, իսկ նրանք իրենց հերթին կկարողանան օգուտ քաղել մեր գլոբալ դաշինքի հետ փոխգործակցելուց»,- նշել է դաշինքի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կառլոս Գոնը:
Նշվում է, որ հիմնադրամի, որի գործողության ժամկետը 5 տարի է, հիմնական խնդիրը կդառնա անվարորդ կառավարման տեխնոլոգիաների և անվտանգության համակարգերի զարգացման օժանդակումը, այդ թվում արհեստական ինտելեկտի օգտագործման հաշվին:
Հիմնադրամի ֆինանսավորումը կիրականացվի դաշինքնի մեջ մտնող բոլոր ընկերությունների կողմից, ըստ որում Nissan-ի և Renault-ի բաժինը կկազմի 40-ական տոկոս, Mitsubishi-ինը՝ 20 տոկոս:
Ճապոնա-ֆրանսիական դաշինքն առաջատարներից մեկն է աշխարհում: Այն տարեկան արտադրում է ավելի քան 10 միլիոն ավտոմոբիլ և վաճառքների ծավալներով երրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայի Volkswagen կոնցեռնից և Ճապոնիայի Toyota ընկերությունից անմիջապես հետո: