Վարորդները՝ օդանավակայանի ավտոկանգառում ավտոմատացված վճարման համակարգի մասին
Օդանավակայանի ավտոկանգառում գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ: Այսուհետև Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավտոկանգառից օգտվելիս կայանման գումարն անհրաժեշտ է վճարել ավտոմատ վճարման տերմինալների միջոցով՝ նախքան ավտոմեքենա նստելը: Օդանավակայանի տարածքում առկա են յոթ ավտոմատ վճարային տերմինալներ. 4-ը տեղադրված են ավտոկանգառի հետիոտնային մուտքերի առաջին հարկի տարածքում, 2-ը՝ ավտոկանգառի հետիոտնային մուտքերի երկրորդ հարկի տարածքում, իսկ 1-ը՝ VIP սրահի տարածքում:
Նշված տերմինալների միջոցով, ժամանակավորապես միակ հնարավոր վճարման ձևը կլինի կանխիկ: Իսկ անկանխիկ՝ կրեդիտ/դեբետ քարտերով վճարումները կկատարվեն ավտոկանգառի օպերատորի օգնությամբ:
Ավտոկանգառից օգտվելու քայլերի հերթականությունն է. Ավտոմեքենան մոտենում է մուտքի արգելափակոցին, վարորդը սեղմում է «ticket» կոճակը և ստանում է մուտքի կտրոնը, արգելափակոցը բացվում է, և ավտոմեքենան մուտք է գործում ավտոկանգառ:
Մուտքի կտրոնն անհրաժեշտ է պահպանել մինչև ավտոկանգառից վերջնական ելքը:
Ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար անհրաժեշտ է նախքան ավտոմեքենա նստելը վճարել կայանման գումարն ավտոմատ վճարման տերմինալների միջոցով:
Վճարման պահից սկսած՝ 10 րոպե ժամանակ է հատկացվում ավտոմեքենայով ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար:
Ելքի արգելափակոցին մոտենալուց, պետհամարանիշի ընթերցման միջոցով արգելափակոցը բացվելու է: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է կարդացող սարքին մոտեցնել մուտքի կտրոնը:
Հարցերի առաջացման դեպքում, կարելի է սեղմել «i» կոճակը, որը տեղադրված է ավտոկանգառի բոլոր սարքերում, և աշխատակիցը կպատասխանի հարցերին:
Վարորդները մեզ հետ զրույցում նշեցին, որ մի քանի խնդիր են արձանագրել, օրինակ, անհարմար է էլեկտրոնային վճարման հնարավորության բացակայությունը:
«10 րոպեն շատ քիչ է, գոնե պետք է 20 րոպե հատկացնեին: Այլապես 10 րոպեն որ անցավ, նորից պետք է վազենք տերմինալի մո՞տ: Շատ հնարավոր է՝ տերմինալի մոտ մուծելուց հետո մինչև մոտենաս մեքենային ու պայուսակդ տեղավորես, խցանումով շարժվես դեպի ելքը և 20-25 րոպե պահանջվի»,- ասաց վարորդներից Արմեն Կոստանյանը:
«Տրամադրվող կտրոնի վրա նշված է, որ պատասխանատու չեն ոչ մեքենայի վնասի, ոչ էլ իրերի կորստի համար: Կարծում եմ, սա նորմալ չէ: Եթե մեքենադ կայանում ես, ուրեմն պետք է ուշադիր լինեն»,- նշեց վարորդ Սահակը:
Վարորդներից մեկն էլ հայտնեց, որ հերթը շատ է. «Մի հոգի էլ վազում էր այս կողմ ու այն կողմ, թղթերը հավաքում ու բացում, որ անցնեին մեքենաները»,- ասաց նա:
Հավելենք, որ 2022 թվականի հունիսի 1-ից գործում են կայանման հետևյալ սակագները. թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 1 (մեկ) ժամվա կայանման վճարը կազմում է 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ, թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 4-24 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) օրվա կայանման վճարը կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ, թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 120-720 ժամ (5-30 օր) կայանելու դեպքում կայանման վճարը կազմում է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 9-17 նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ:
Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով):
Ավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով):
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ:
Անի Կարապետյան