Հայ մեծ մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ Ռոբերտ Սահակյանցի միայն մեկ գործն անգամ բավարար է, որպեսզի ընդունես՝ նրա ոճն ինքնատիպ է, ձեռագիրը՝ հայկական:
Արվեստագետի գործերի հայկականությունը ու դրա ոչ ստանդարտ մատուցումը հատկապես երևում է «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմում՝ նկարահանված 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից:
Այստեղ Սահակյանցը կարողացել է Հայոց Այբուբենի առաջին երեք տառերը՝ «Այբ, Բեն, Գիմ», ներկայացնել որպես կախարդական խոսքեր: Ընդ որում՝ թեպետ մուլտֆիլմը սովետական ժամանակներում աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվել է հենց ռուսերեն լեզվով, բայց հայերենով հնչող կախարդական խոսքերը երբևէ չեն թարգմանվել: Այս տառերը հայերեն հնչողությամբ մատուցվել են ռուս, վրացի, ադրբեջանցի, բելառուս ու էլի մի քանի տասնյակ պետությունների փոքրիկ ու նաև մեծահասակ հեռուստադիտողներին: Թեպետ նրանցից շատերն այդպես էլ չեն իմացել, որ հնչյունների այդ խումբն իրականում հայերեն տառեր են, այս եղանակով դրանք մտել են նրանց հիշողողության ու ենթագիտակցության մեջ՝ որպես կախարդական բառեր:
«Աբրակադաբրա» կախարդական խոսքերին զուգահեռ Սովետական Միության տարբեր բակերում մի ժամանակ կարելի էր լսել «Այբ, Բեն, Գիմ» արտահայտությունը, որը հնչում էր տարբեր լեզուներով խոսացող մանուկների շուրթերից: Դրանք կախարդական բառեր էին, որոնք ասոցացվում էին հրաշքների ու կախարդանքների հետ:
«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի հերոս տղան իր պապիկի հետ ծովում ձկնորսություն անելիս պատահաբար գտնում է կախարդական մի կուժ։ Տղան բացում է կուժի բերանը, և այնտեղից դուրս է գալիս ծովերի արքան, ով փորձում է տղային դարձնել իր աշակերտը՝ նրան գայթակղելով իր հարստությամբ, ուժով ու միակ դստեր հետ ամուսնացնելու խոստումով:
Հենց այս հատվածում է, որ ծովերի արքան փորձում է իր ուզածին հասնել՝ որպես հնարք օգտագործելով հայկական տառերը: Այստեղ հեղինակը ցույց է տալիս, որ ցանկացած դուռ կարող է բացվել ու ցանկացած երազանք դառնալ իրականություն, եթե գիտես հայկական այս 3 կախարդական տառերը՝ «Այբ, Բեն, Գիմ»:
Ծովերի արքա-«Դու համաձա՞յն ես դառնալ իմ աշակերտը: Ասա «Այբ, Բեն, Գիմ», և դու կդառնաս այն, ինչ ուզում ես:
Տղա-Այբ, Բեն, Գիմ:
Կախարդական այս տառերն արտասանելուց հետո տղան վերածվում է ձկնիկի: Եվ միայն իր հնարամտության շնորհիվ է տղան կարողանում ծովերի արքայից իմանալ հետ կերպարանափոխվելու ոսկե խոսքերը՝ «Երեք ույու չորս»: Մուլտֆիլմն ավարտվում է նրանով, որ տղան խորամանկությամբ արքային ստիպում է հետ մտնել կուժն ու այն նետում է ծովը՝ այդկերպ հրաժարվելով այն ամենից, ինչն առաջարկում էր տիրակալը:
Սահակյանցն այս մուլտֆիլմի խորքում դրել է խորը փիլիսոփայական ենթատեքստ՝ կարծես ցույց տալով երջանկության մասին իր պատկերացումները. հրաժարվել կեղծ հարստությունից, ուրիշներին ստիպողաբար թագավորելուց, աննպատակ երկարակեցությունից, մարդկանց խորտակելուց ու վերադառնալ քո պատկերացրած ճշմարիտ արժեքներին՝ այնտեղ, որտեղ քեզ հարազատ է ու դուր է գալիս:
Տղան ընտրում է չդավաճանել ինքն իրեն և չդառնալ իշխանության ու փողի գերին: Ընդգծենք, որ մուլտֆիլմի հաջողությունը պայմանավորված է նաև ճիշտ ընտրված երաժշտությամբ (հեղինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան), որը մուլտֆիլմը դիտելուց հետո էլ դեռ երկար շարունակում է մնալ դիտողի մտքում: