դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարությունում 2017 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշների ամփոփման ժամանակ հայտարարել է, որ 2018 թվականին Ադրբեջանը շարունակելու է սպառազինության նոր տեսակների ձեռք բերման գործընթացը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի բանակն աշխարհի ամենաուժեղներից է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր տարվա սկզբին Ադրբեջանում սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ամփոփվում են, իսկ նախագահ Ալիևի տեքստերը մնում են անփոփոխ:
«Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի ու Արցախի հետ ունեցած հարաբերությունների մասով, այլ նաև երկրի տնտեսական բարգավաճման մասով: Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանում ելույթների շաբլոն է ստեղծված, ու ցանկացած պաշտոնյա, միայն անուն, ազգանուն, պաշտոն ավելացնելով, իր «ներդրումն» է ունենում ճոռոմախոսության և Ադրբեջանի «առաջընթացի» հարցում»,- նշեց Աբրահամյանը:
Հարցին, թե ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում Ադրբեջանը՝ իր բանակը համարելով աշխարհի ուժեղագույններից մեկը, Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց, որ եթե Ադրբեջանի բանակը լիներ այնպիսին, ինչպիսին Ադրբեջանում են ներկայացնում, ապա այդ երկիրը մեկ օր անգամ կանգ չէր առնի, վաղուց լայնամասշտաբ գործողություններ սկսած կլիներ:
«Մի կարևոր հանգամանք ևս` Ադրբեջանում ընտրական պրոցեսները սարերի ետևում չեն, և հատկապես այս փուլում, երբ վերջին 5 տարվա կտրվածքով Ադրբեջանում տնտեսական ցուցանիշներով հպարտանալու առանձնապես առիթներ չունեն, առավել քան երբևէ պետք է հիմնվեն «բանակի հաջողությունների» մասին պատմությունների վրա: Առաջիկայում ոչ միայն խրոխտ հայտարարությունների թիվը կաճի, այլ չեն բացառվում նաև սադրանքներ առաջնագծում, որոնք մոնտաժված ռոլիկների ձևով կնետվեն համացանց»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարցին, թե արդյո՞ք սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատելի են սադրանքների նախապատրաստման աշխատանքներ, նա պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ կարգի սադրանքի մասին է խոսքը, որովհետև դիպուկահարների ակտիվացումից մինչ հրետանու կիրառումը կարող է սադրանք դիտվել, սակայն այս հարցում մասշտաբի հարց կա: «Ներկայումս զորքերի կուտակումներ կամ ակտիվ տեղաշարժեր չկան, հիմնականում ակտիվ են դիպուկահար խմբերը»,- հավելեց Աբրահամյանը: