Օրերս լույս ընծայվեց «Նորք» գրական ամսագրի 3-րդ համարը։
«Նորքը» այն եզակի գրական հանդեսներից է, որն ունի տասնամյակների պատմություն և խորհրդային տարիներին եղել է հայ հասարակական-գրական կյանքը պատկերող ամենահայտնի ամսագրերից։
Նորանկախության շրջանում վերահրատարակվող «Նորք» ամսագրի գլխավոր խմբագրի օգնական Արմինե Բոյաջյանը Asekose.am-ի հետ զրույցում պատմում է ամսագրի պատմության, մոտեցումների մասին, ինչպես նաև անդրադառնում հայ ժամանակակից գրականությանը առնչվող խնդիրներին։
– Խոսենք «Նորքի» պատմության մասին , ե՞րբ է առաջին անգամ լույս տեսել և ի՞նչ հայտնի հեղինակների գործեր են հայտնվել «Նորք» գրական հանդեսի էջերին։
– Հիմնադրվել է 1933 թվականին։ Այդ ժամանակի համար, եթե մերօրյա բառով բնութագրենք, բավականին վարկանիշային ամսագիր էր, որը ներկայացրել է այդ ժամանակի գրականությունը, ինչպես որ կա։ Հանդեսում տպագրվել են մարդիկ, ովքեր ժամանակի մեջ արդեն դասական էին, այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին՝ Չարենցը, Արազին, Բակունցը, Դեմիրճյանը, Զորյանը։ «Նորքը» եղել է այդպիսի «տրամաչափի» հանեդես։
– Ի՞նչ կարծիքի եք հայ ժամանակակից գրականության այսօրվա իրավիճակի մասին։ Տարբեր հարթակներում բազմաթիվ մարդիկ քննադատում են մերօրյա գրականությունը, ասում են, որ հայ ժամանակակից գրականություն չկա։
– Ժամանակակից գրականությունը չի կարող չլինել․քանի դեռ կա մարդն ու բառը, ուրեմն՝ կլինի նաև գրականությունը։ Պարզապես խնդիրը մեզ մոտ և ընդհանրապես ամբողջ աշխարհում այն է, որ փոխվել են ձևերը, այսօր գովազդը մեծ նշանակություն ունի գրականության համար։ Եթե ասեմ «ցավոք», կասեք՝ սովետահոտ է գալիս, բայց կասեմ ցավոք, որովհետև բոլորս էլ գիտենք, որ կան ինչ-որ մենաշնորհային մարդիկ, որոնց որտեղ նայում ես իրենք են, մրցանակները իրենք են վերցնում, գրքի փառատոն է՝ իրենք են, բայց դա նրանից չէ, որ ուրիշ մարդիկ չկան։ Դա նրանից է, որ այդ մարդիկ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել են և ստեղծել են իրենց «թայֆան»։ Եվ եթե մեկը չի ուզում մտնել այդ «թայֆան», ուզում է մնա իր տանը և գրի, ոչ ավելորդ քծնի, ոչ ավելորդ ժպտա, կամ 10 անգամ բարևի՝ մեկի փոխարեն (կարող է այդ մեկ անգամն էլ հավես չունենա ու չբարևի) ի՞նչ է, պե՞տք է չտպագրվի։
Իսկ «Նորքը» եղել է և շարունակում է լինել այն հարթակը, որ պետք է կոտրի այս մտածելակերպը, «Նորքում» պետք է տպվեն բոլորը, բոլոր «թայֆաներից», որովհետև գրական ամսագրը արտացոլում է ժամանակի գրականությունը։ Եվ ասեմ նաև, որ պարտադիր չի «Նորքում» տպագրված հեղինակների հետ անպայման լավ հարաբերությունների մեջ լինեմ կամ սիրեմ բոլորին և իրենց գրականությունը ընդունեմ։ Ոլորտը սա է, և մեր առաջ խնդիր կա դրված ցույց տալ այն, ինչպես որ կա։ Ամսագիրը մի հարթություն է՝ «location», որտեղ պետք է երևան բոլորը։ Շատ մարդիկ կան, որոնց հետ ես անձնական ոչ այդքան լավ հարաբերություններ ունեմ, բայց նրանք նույնպես տպվելու են «Նորքում»։
– Հայ ընթերցողները ինչպե՞ս կարող են ձեռք բերել «Նորք» գրական հանդեսի համարները և ինչպե՞ս է հնարավոր բաժանորդագրվել։
– Մենք դեռևս չունենք մեր կայքը, այն այս պահին պատրաստման գործընթացի մեջ է, բայց ունենք պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ մենք «Նորքի» հետ կապված բոլոր տեղեկությունները տեղադրում ենք։ Այդ էջի միջոցով մենք ընդունում ենք բաժանորդագրության հայտեր, ինչպես նաև կատարում ենք օնլայն վաճառք։ Ինչպես նաև ցանկացողները կարող են գալ խմբագրություն, որը գտվում է Բաղրամյան 3 հասցեում, Գրողների միության շենքի 3-րդ հարկում։ Ինչպես նաև կարող են ձեռք բերել գրախանութներում՝ «Բյուրոկրատում», «Նոյյան տապանում», «Հայ գիրքում», ինչպես նաև Գրողների միությանը կից գրախանութում։