Մեղմ ձմեռն ու հունվարի գարնանային ջերմացումը հայաստանցիների առողջությանը վնաս չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինվազիվ սրտաբան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Սրտաբանական ստացիոնար ծառայության պատասխանատու Միքայել Ադամյանը:
«Գարնանը, անշուշտ, հորմոնալ փոփոխությունների հետ կապված հիվանդությունների սրացում է տեղի ունենում։ Սրտաբանական կամ այլ հիվանդությունների կտրուկ սրացում լինում է եղանակային կտրուկ փոփոխությունների ժամանակ։ Մետեոզգայուն մարդիկ դա ավելի սուր են զգում։ Բայց, հաշվի առնելով, որ այս ձմեռը մեղմ է, կարծում եմ` ավելի քիչ սրացումներ կունենանք»,- ասաց սրտաբանը։
Իսկ սրտանոթային խնդիր ունեցողներին բժիշկն, անկախ սրացումներից, խորհուրդ է տալիս պարբերաբար դիմել մասնագետի, անցնել անհրաժեշտ հետազոտություն։
Ի դեպ, Հայաստանում սրտի հիվանդություններն առավել հաճախ հանդիպողների թվում են։ Միքայել Ադամյանի խոսքով, այս հարցում մեծ է նաև ժառանգականության դերը։ Ծնողներից ժառանգած հիվանդություններից բացի, մեր երկրում հիվանդությունների երիտասարդացման խթան է հանդիսանում նաև գենետիկան։
«Դա փոքր ազգերի խնդիրն է։ Գենի ծերացման հետևանքով շատ հաճախ հիվանդությունների խաչասերում է տեղի ունենում, որն էլ բերում է հիվանդությունների զարգացման ու երիտասարդացման»,- ասաց Ադամյանը։
Ինչ վերաբերում է սրտանոթային բժշկական ծառայությունների գներին, Ադամյանը հայտնեց, որ համատարած գնաճին հակառակ, դրանք այս տարի ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են, քանի որ ակտիվացել է բուժհիմնարկների միջև մրցակցությունը։