Հայաստանի ազգային գրադարանը 2017 թվականին մի շարք ձեռքբերումներ է ունեցել` մատենագիտական աշխատանքների կազմում, Գրատպության թանգարանի բացում և այլն: Նախորդ տարի կատարված աշխատանքի և այս տարի սպասվող ծրագրերի մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Նախորդ տարվա ամենածանր իրադարձությունը Հայաստանի ազգային գրապալատի ձուլումն էր Հայաստանի ազգային գրադարանին: Մենք գրապալատի ողջ հավաքածուն տեղափոխեցինք մեզ մոտ: Աշխատակիցներից ոչ մեկը դուրս չմնաց: Այն գործառույթները, որոնք կատարում էր գրապալատը, այժմ շարունակում է իրականացնել գրադարանը»,- նշեց Զարգարյանը:
Նրա խոսքով` իրենք նկուղային ապահով տարածք են հատկացրել «ազգային անձեռնմխելի հավաքածու» համարվող գրքերին: Այնտեղ են պահվում տարբեր հրատարակիչների տրամադրած արժեքավոր գրքերից օրինակներ, որոնք կփոխանցվեն սերունդներին:
Տնօրենը շեշտեց, որ գրադարանում գրանցված է 31 755 ընթերցող: «2017-ին գրանցվել է 3367 մարդ, նրանցից 2357-ը ուսանողներ են, 1010-ը` գիտական ընթերցասրահի ընթերցողներ: Գրքատածքը կազմել է 1 մլն 499 հազար միավոր, այսինքն` տարվա ընթացքում այդքան անգամ գիրք է սպասարկվել, իսկ ընթերցողների հաճախումների թիվը հասել է 247 828-ի»,-ասաց նա:
Անդրադառնալով միջազգային համագործակցություններին` Տիգրան Զարգարյանը նշեց`նախորդ տարի ռուսերեն և հայերեն հրատարակել են մատենագիտական կատալոգ «Պատրաստված է ԽՍՀՄ-ում. Հայաստան 1950-1991 թվականներ» խորագրով: Այնտեղ ներառված են Հայաստանի գիտնականների ատենախոսություններ, ընդգրկվել են գիտության բոլոր ճյուղերը: