Հայտնի հաղորդավար ու պրոդյուսեր Թինա Կանդելակին կարծում է, որ հայերը վրացիներից հարուստ են ու հաջողացրել են Ֆրանսիան գնել։
Միայն հայերը կարող են ուրիշ հայերին «Ֆորտ Բոյարի» տոմս վաճառել, YouTube-ի ալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է հայտնի հաղորդավար, «Մատչ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին, որի երակներում նաև հայի արյուն է հոսում։
Կանդելակին նկարահանումներից հետո շփվել է լուսանկարիչ Իլյայի հետ ու պարզել, որ երկուսն էլ հայ-վրացական արմատներ ունեն։ Իլյան ու Թինան կատակել են` «ո՞վ է ավելի հզոր»` հայե՞րը, թե՞ վրացիները, և հանգել են մի եզրակացության` հայ-վրացիները։
«Ես հայկական «Ֆորտ Բոյարի» նկարահանումներին էի մասնակցում, հանկարծ սայլակներով մարդիկ եկան։ Ասացին` ախպարներ են, հաղորդման տոմս են գնել, որպեսզի գան, ձեզ նայեն։ Հայերը հաջողացրել էին նկարահանման տոմսերն այլ հայերի վաճառել»,- կատակել է Կանդելակին։
Ըստ նրա` այդ պատճառով էլ հայերը կարողացել են ամբողջ Ֆրանսիան գնել։ Հաղորդավարուհին կատակել է նաև սոցիալական կայքերի թեմայով` նշելով, որ հայերն այստեղ էլ են առաջ ընկել։ Նա հայկական տրաֆիկը Նիագարայի ջրվեժի հետ է համեմատել։ Կանդելակին ցուցադրել է նաև հայերենի իմացությունն ու փորձել է բոլորին հրավիրել գրանցվել Instagram-ում։ Նա խոսել է Քիմ Քարդաշյանի մասին։
«Քարդաշյանը ձեր ազգի հպարտությունն է։ Հիմա բոլորն իմացան, որ հայ կանայք գեղեցիկ են։ Նախկինում բոլորը կարծում էին, թե վրացի կանայք հայուհիներից գեղեցիկ են»,- ասել է Կանդելակին` դիմելով լուսանկարչին, որի հայրը հայ է։
Կանդելակին ցավով նշել է, որ հայերեն այնքան լավ չի խոսում, որքան հասկանում է։
Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերին Թբիլիսիում։ Հայրը` Գիվի Կանդելակին, տնտեսագետ է։ Մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բուժաշխատող։