Խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ. հունվարի 20-ին, ժամը 16:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
«Այս ստեղծագործությունն Էքզյուպերիի՝ իմ ամենասիրած գործերից է, առանձին էջեր ցնցում են իրենց բանաստեղծականությամբ: Ամբողջ ընթացքում մենք հետևում ենք հերոսների ճակատագրին, երբեմն մասնակից դառնում նրանց ապրումներին: «Գիշերային թռիչքի» կերպարները հավատում են սխրանքին, հերոսությանը: Էքզյուպերին պատկերում է անվերջանալի ինքնահաղթահարումը՝ որպես ներքին կատարելության ուղի»,-նշում է գրքի թարգմանիչը:
Ի դեպ, Շուշանիկ Թամրազյանը թարգմանում է նաև Էքյզուպերիի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին» և «Միջնաբերդը» ստեղծագործությունները, որոնք լույս կտեսնեն հաջորդիվ: Նախորդ տարի հրատարակչությունը հայ ընթերցողի դատին էր հանձնել Էքզյուպերիի գործերից «Մարդկանց երկիրը», որը հասցրել էր սիրվել գրքասերների շրջանում:
«Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: