Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում մահացած 10-օրական երեխան, հնարավոր է, քնի մեջ է խեղդվել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Մասնագետի խոսքով՝ երբեմն երեխաների մոտ քնած ժամանակ փսխում է առաջանում, և նրանք կարող են խեղդվել, եթե մեջքի վրա են պառկած: Նաև բացառված չէ, որ երեխան կարող էր դառնալ, այսպես կոչված, մանկական հանկարծամահության համախտանիշի զոհը: Մեկ այլ վարկածով՝ երեխայի մոտ կարող էր բնածին խնդիր լինել, որը բժիշկները չեն նկատել: Նրա մահվան իրական պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքները պատրաստ կլինեն մոտ մեկ ամիս հետո:
Ինչպես մասնագետը նշեց, երեխան ծնվել է Մարտունիի ծննդատանը, և նրան զննած նեոնատոլոգները ոչ մի խնդիր չեն հայտնաբերել: Ավելի ուշ, երբ երեխան մոր հետ հիվանդանոցից դուրս է գրվել և տուն վերադարձել, նրանց այցելել է մանկաբույժը, որը երեխային մեկ անգամ ևս զննելով՝ ասել է, որ նա առողջ է:
Երեխայի մայրը մասնագետներին ասել է, որ երեխան հիվանդ չէր և իրեն լավ էր զգում: Երեկոյան ինքը նրան սովորականի պես քնեցրել է, իսկ առավոտյան հայտնաբերել է, որ նա չի շնչում: Երեխայի մահն արձանագրել են մանկաբույժն ու բուժքույրը, որոնք կանչով տուն են եկել: